Երգիչ Արամ MP3-ն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին սպասվելիք համերգը կայանալու է՝ չնայած ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող ծայրաստիճան լարված իրավիճակին, և դրա ողջ հասույթը ուղղվելու է բանակին:
«Սիրելի՛ հայրենակիցներ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով տիրող ծայրաստիճան լարված իրավիճակում, որպես հայ և իմ հայրենիքը սիրող անձ, ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել հայ զինվորին` անձնազոհ կեցվածքի, օրինակելի քաջության և նվիրվածության համար: Գլուխ եմ խոնարհում յուրաքանչյուր զինվորի առջև և համոզված եմ, որ յուրաքանչյուր արվեստագետ, անհրաժեշտության դեպքում, պետք է զինվորագրվի բանակին և մասնակցի հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
Թշնամին երբեք չի կարող ոտք դնել հայի արյան գնով ազատագրված հողի վրա, որովհետև ես հավատում եմ մեր տղաների աչքերի փայլին, ես հավատում եմ հայ զինվորի խելքին ու ուժին, ես հավատում եմ մեր նախնիներից ժառանգած իմաստուն մտքին: Վստահ եմ, որ ուժեղ և խելացի մարդիկ միշտ հաղթում են:
Ցավակցություն եմ հայտնում մեր զոհված բոլոր զինվորների ընտանիքներին, հարազատներին։ Նրանց վիշտը հնարավոր չէ ամոքել։
Ինչպես գիտեք, մարզահամերգային համալիրում ապրիլի 7-ին ծրագրված է իմ մենահամերգը, որի տոմսերը գրեթե ամբողջությամբ սպառված են:
Ռազմական գործողությունների վերսկսման առաջին իսկ օրերից մտածում էի կայանալիք համերգը չեղարկելու մասին, սակայն, երկար խորհելով և ավելի սթափ մտածելով, ինչպես նաև համերգը կազմակերպող ստեղծագործական ամբողջ անձնակազմի կարծիքը հաշվի առնելով` հասկացա, որ համերգը չեղարկելով ոչ մի կերպ օգտակար և ցավակից չեմ լինի ո՛չ սահմանին կանգնած զինվորին, ո՛չ վիրավորին, ո՛չ էլ լումա կունենամ որպես մտահոգված հայ մարդ, ուստի, որոշեցի, որ համերգը պիտի կայանա և դրա ողջ հասույթը պիտի տրամադրվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Բանակին` ըստ անհրաժեշտության օգտագործելու համար:
Վստահ եմ, որ համերգի այս ձևաչափով կայանալը ավելի նպատակահարմար է և օգտավետ, քան նրա չեղարկումը:
Կարծում եմ որոշումս ճիշտ է և կգտնի համարժեք արձագանք թե՛ կոլեգաներիս, թե՛ լրատվամիջոցների, և թե՛ հանդիսատեսի մոտ:
Ձեր Արամ MP3»: