▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ կարող գնալ Ղարաբաղի հրապարակում կանգնել ու ցույց տալ, որ ես Արթուր Գրիգորյանն եմ

Life.panorama.am-ը գրում է.

Չնայած վերջին ժամերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հարաբերական դադար է հայտարարված, բայց անհանգստությունն ու մտահոգությունը շարունակվում է: Սահմանին հերոսաբար զոհված զինվորների հոգու հանգստության համար բոլորս ենք աղոթում ու սգում, իսկ Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը, ոչ միայն սգում է, այլեւ մտածում՝ չգիտի, թե ինչպես ենք նայելու թեկուզեւ հերոսաբար զոհված զինվորների ծնողների աչքերին: Life.panorama.am-ի հետ Արթուր Գրիգորյանը դժվարացավ խոսել, նրա կարծիքով՝ փոքրերին չպետք է խառնել մեծերի խաղերի մեջ.

«Ես չեմ ուզում խոսել վերջին օրերի լարվածության մասին, քանի որ դա խոսելու բան չէ, եթե այս պահին ինձ տեսնեք, կհասկանաք, որ անհնար է կարողանամ այդ մասին խոսել. ոչ թե չեմ ուզում, այլ չեմ կարող: Եթե ես դեռ 90-ականներից այդ մարդը չլինեի ու միշտ կանգնած չլինեի Արցախի կողքին, գուցե հիմա կարողանայի խոսել, բայց ես երբեք ոչ մի կադր ցույց չեմ տվել, թե այդ տարինեին ինչ ենք արել ու ինչու ենք արել, նույնը եւ այսօր է: Ես չեմ կարող գնալ Ղարաբաղի հրապարակում կանգնել ու ցույց տալ, որ ես Արթուր Գրիգորյանն եմ ու  տեսեք, թե ես ինչ լավն եմ ու ինչ հերոս եմ, նույնը եւ խոսքին է վերաբերվում»,- հուզված նշեց ժողովրդական արտիստն ու շարունակեց.

«Էս մեծերի խաղն արդեն ինձ զզվացրել է: Այն, որ այդ խաղերի պատճառով ինչ-որ փոքր երեխա անկապ պետք է գնա այս կյանքից, այս սա է ինձ տանջում: Հիմա ես ավելի շատ ջղայնացած եմ մեծերի վրա, որովհետեւ երիտասարդները պետք է ապրեն: Սա խայտառակություն է, ես մեծերին եմ մեղադրում, որովհետեւ 18-20 տարեկան փոքր երեխան իրավունք չունի մեծերի ինչ-որ խաղերի պատճառով իր կյանքին հրաժեշտ տա, էտ երեխու մայրիկն ու հայրիկը դրանից հետո ինչպե՞ս ապրեն: Այս պահին նրանց մասին էլ է պետք մտածել, որպեսզի նրանք չչարանան, որ հանկարծ չարություն չանեն, քանի որ ցանկացած մայր իր երեխուն կորցնելիս ուզի թե չուզի՝ կչարանա: Ամեն դեպքում ես վստահ եմ՝ ամեն ինչ լավ է լինելու եւ դուք՝ երիտասրադներդ, լավ եք ապրելու, մեզանից լավ: Շատ վատ է, որ այս ամեն ինչը տեսնում եք, բայց դուք լավ երկրում եք ապրում ու դուք պետք է ուղղակի ապրեք, սիրեք, մեծանաք ու արարեք»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին