▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր աղջկա հանդեպ սերը չի խանգարելու հնարավորինս խիստ լինել նրա հանդեպ. Ռուզաննա Անդրեասյան

Life.panorama.am-ը գրում է, որ իր զրուցակիցն է երգչուհի Ռուզաննա Անդրեասյանն, ով բոլորովին վերջերս է մայրիկ դարձել: Մեզ հետ զրույցում նորաթուխ մայիկը պատմել է նոր կարգավիճակի եւ աշխատանքային առաջիկա ծրագրերի մասին:

«Ծնող դառնալու համար պետք է նախ հոգեպես պատրաստ լինել, իսկ ինձ մոտ վաղուց հասունացել էր մայրանալու ցանկությունն ու պատրաստակամությունը: Փոքրիկս շուտով կդառնա կես տարեկան, դեռեւս իր հետ առաջին հանդիպման տպավորություններով եմ տարված, որն ինձ հետ կլինի ողջ կյանքի ընթացքում. երբ առաջին անգամ տեսա նրան, շատ հուզվեցի ու այնպիսի ապրումներ զգացի, որոնց մասին մինչ իր ծնունդը շատ էի մտածում, պատկերացրեք՝ հենց այդ հոգեվիճակն էլ ակնկալում էի: Մայր դառնալու բերկրանքը անփոխարինելի զգացում է, դա ոչնչի հետ չես կարող համեմատել, դա Աստվածային զգացում է, երբ առաջին անգամ գրկում ես փոքրիկդ՝ քո մասնիկին»,- նշեց երգչուհի մայրիկն ու պատմեց փոքրիկի մասին.

«Աղջիկս՝ Նատալին, շատ ժպտերես ու բարի է, ճիշտ է՝ դեռ կես տարեկան էլ չկա, բայց շատ հասկացող բալիկ է, հանգիստ, խաղաղ: Արտաքնապես կարծես թե ավելի շատ ամուսնուս է նման: Շատ է սիրում, երբ երգում եմ նրա համար, անմիջապես արձագանքում է իր սիրուն ժպիտով. Ըստ իս՝ նա էլ երաժշտասեր մարդ է լինելու»:

Ռուզաննան պատմեց, որ օր օրի ավելի է մեծանում բալիկին ճիշտ դաստիարակելու պատասխանատվությունը.

«Ինձ թվում է՝ շատ դժվար է այս ժամանակներում ճիշտ դաստիարակել երեխաներին, ուստի ես ու ամուսինս որոշել ենք, որ սերը մեր աղջկա հանդեպ չի խանգարելու հնրավորինս խիստ լինել նրա հանդեպ, որպեսզի բարությունն ու ազնվությունը երբեք նրա մեջ ստվերում չմնա: Շատ եմ ուզում, որ աղջիկս օրինակելի զավակ լինի, որպես մայր՝ այդ ուղղությամբ շատ կաշխատեմ: Չգիտեմ՝ հետագայում նա ինչ տեսակի մարդ կլինի, բայց Աստծուն ամեն օր խնդրում եմ, որ պահապան լինի իմ բալիկին եւ որ աղջիկս էլ արժանի լինի Աստծուն»:

Խոսելով իր ընտանեկան ներդաշնակության մասին՝ երգչուհին ընդգծեց, որ դա փոխադարձաբար գործող գործընթաց է, բայց եւ շեշտեց կնոջ դերակատարությունը.

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր կին պետք է կարողանա փոխզիջման գնալ, հասկանալ եւ փրկել յուրաքանչյուր դժվար իրավիճակ: Հանուն ընտանեկան երջանկության պետք է շատ կազմակերպված եւ խոնարհ լինել ու ամենակարեւորը ջերմություն մտցնել ընտանեկան մթնոլորտում»,- հավելեց նա:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին