Ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների՝ Արման Հովհաննիսյանը և Լիլիթ Հովհաննիսյանը շուտով հանդես կգան զուգերգով: Ավելին, ինչպես հաղորդվում է՝ երգիչները տվյալ երգի հիման վրա արդեն իսկ նկարահանել են տեսահոլովակ, որի ռեժիսորն անձամբ Լիլիթ Հովհաննիսյանն է: Այս առիթով Asekose.am-ը կապ հաստատեց Արման Հովհաննիսյանի մենեջերի՝ Լուսինե Արշակյանի հետ, ով չցանկանալով մանրամասնել հաղորդել, ասաց.
«Տևական ժամանակ է, ինչ Արման Հովհաննիսյանն իր երկրպագուներին նոր տեսահոլովակ չէր ներկայացրել: Կարծում եմ, շուտով այդ լռությունն արդարացված կլինի: Այն մարդիկ, ովքեր գնահատում են Արմանի երգարվեստը, հնարավորություն կունենան տեսնելու նոր լայնածավալ աշխատանք: Իսկ թե տվյալ աշխատանքում Արման Հովհաննիսյանը միայնակ կլինի, թե հանդես կգա զուգերգով, այս պահին չեմ կարող ասել, չեմ ցանկանում փակագծերը բացել»,- նշեց Լուսինե Արշակյանը:
Իսկ թե կոնկրետ ի՞նչ աշխատանքի մասին է խոսքը և երբ այն կհանձնվի հանդիսատեսի դատին, Արման Հովհաննիսյանի մենեջերը կրկին գերադասեց չխոսել՝ նշելով միայն, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում իրենք կտեղեկացնեն երգչի նոր աշխատանքի պրեմիերայի օրվա մասին:
Հետաքրքրվելով, թե ո՞րն է Արման Հովհաննիսյանի՝ արդեն ամիսներ շարունակ տեսահոլովակով հանդես չգալու պատճառը, Լուսինեն պարզաբանեց.
«Այս ընթացքում մենք անընդհատ տարբեր հեղինակներից նոր երգեր էինք ստանում, որոնցից պետք էր ընտրություն կատարել, ինչից հետո էլ դրանք պետք է անցնեին աշխատանքային մի քանի փուլով: Քանի որ Արման Հովհաննիսյանը խիստ բծախնդիր է մոտենում երգերի ընտրությանը, բնականաբար, այդ ամենը բավական ժամանակ տևեց: Այդ ամենի պատճառն այն է, որ ստեղծագործությունը, որը որ ընտրվում է այդ տասնյակ երգերի մեջից, պետք է շատ սրտամոտ լինի Արմանի ներաշխարհին, ինչպես նաև տվյալ ժամանակահատվածում պետք է անհրաժեշտ լինի նրա երգացանկում»,- պատմեց Լուսինեն:
Ինչպես իր խոսքում նշեց Լուսինե Արշակյանը՝ երգչի տևական լռության հետևում աշխատանքային մեծ գործընթաց է եղել, պարզապես այն եղել է ձայնագրման ստուդիայում.
«Արդեն իսկ Արմանն ունի մի քանի նոր աշխատանքներ, որոնք շուտով նրա հանդիսատեսը հնարավորություն կունենա լսելու»,- եզրափակեց Լուսինե Արշակյանը:
Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան