Asekose.am-ի այսօրվա զրուցակիցն է ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանը, ով պատրաստվում է մայրանալ:
Այսօր դուք գտնվում եք հղիության 6-րդ ամսում: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն են այս պահին Ձեր զգացողություները:
Զգացողություններս անբացատրելի են: Ամեն ինչ այլ է ինձ համար: Սկսել եմ ամեն բանի այլ կերպ նայել ու ամեն բան այլ կերպ ընկալել: Սպասում եմ երեխայիս լույս աշխարհ գալուն, ինչից հետո, վստահ եմ, որ ամեն բան շատ ավելի գեղեցիկ ու հաճելի կլինի ինձ համար:
Որոշե՞լ եք, թե ինչպես պետք է անվանակոչեք Ձեր որդուն:
Բոլորս էլ գիտենք, որ երեխայի անունն իր ճակատագրի հետ մեծ կապ ունի: Այդ պատճառով շատ եմ կարևորում նրա անվան ընտրությունը: Անկեղծ ասած, երկմտում եմ մի քանի անունների միջև: Ամեն դեպքում ցանկանում եմ դրական ու գեղեցիկ անուն ընտրել որդուս համար, և որ ամենակարևորն է՝ կարճ անուն, որպեսզի նրան դիմեն իր ամբողջական անունով: Անկեղծ կլինեմ՝ նախօրոք չեմ սիրում խոսել ոչնչի մասին: Ամեն ինչ իր ժամանակին:
Լիանա, Ձեր թույլտվությամբ կցանկանամ անդրադառնալ Ձեր անձնական կյանիքին: Վերջերս ինքներդ հայտարարեցիք, որ տևական ժամանակ է, ինչ Դուք և Ձեր նախկին ամուսինը միասին չեք: Հետաքրքիր է՝ դժվար չէ՞միայնակ լինել այս վիճակում, և ի՞նչն էր կարճատև միությունից հետո Ձեր բաժանման պատճառը:
Այո, մենք այս պահին միասին չենք, սակայն նորմալ հարաբերություններ ունենք: Իրարից նեղացած չենք, ամեն ինչ նորմալ է, պարզապես այլևս միասին չենք: Ես ինքս եմ խզել մեր հարաբերությունները: Չեմ կարող հստակ ասել, թե որն էր մեր բաժանման իրական պատճառը, միգուցե մենք տարբեր էինք, իրար համար չէինք և միգուցե սեր չկար: Ես հավատում եմ երկնային ուժին, հավատում եմ , որ ինքն իսկապես պետք է հայտնվեր իմ կյանքում և գնար: Իր առաքելությունն ինձ փոքրիկ տալն էր, ինչն ինձ համար ամենակարևորն է այսօր:
Հնարավո՞ր է, որ Ձեր ապագա երեխան հիմք հանդիսանա, որպեսզի դուք կրկին միանաք:
Ես, սովորաբար, հետ նայել չեմ սիրում: Եթե մի բանը չի ստացվում, ուրեմն պետք չէ հուսադրվել, որ երեխան իր ծնունդով որևէ բան կկարողանա փոխել: Եթե մի բանը անառողջ է, ուրեմն ոչինչ անել չարժե: Վստահ եմ՝ամեն ինչի ավարտ ունի մի լավ բանի սկիզբ: Գնում ենք առաջ՝ միայն դրական հիշողություններով:
Հետաքրքիր է, հնարավո՞ր է, որ ապագայում Ձեր կողքին լինի մեկ այլ տղամարդ:
Եթե անկեղծ լինեմ, ապա հիմա, նույնիսկ այս կարգավիճակում, շարունակում են ինձ գրել, զանգահարել ու առաջարկներ անել: Սակայն հիմա ես ինձ նվիրել եմ միայն իմ ապագա որդուն:
Լիանա, ինչպես հասկացա, հղիության 6-րդ ամսում շարունակում եք ակտիվ գործունեությամբ զբաղվել: Հետաքրքիր է՝ այս պահին դժվար չէ՞ նույն աշխատանքն իրականացնել և ունե՞ք Ձեզ համար սահմանված ժամանակ, երբ կցանկանաք թողնել գործունեությունն ու զբաղվել միայն երեխայի խնամքով:
Ես աշխատում եմ նույն տեմպով, ինչպես աշխատել եմ նախկինում: Սակայն մի բան հիմա այլ է՝ հիմա ավելի շատ սիրով եմ աշխատում, քանի որ որդիս ամեն պահ կողքիս է: Ինձ համար այս պահին ամենաչսիրելի բանն անելն անգամ հաճույք է, ամեն ինչ անելիս որդուս հետ եմ խոսում ու կիսվում: Ուր մնաց, որ զբաղվեմ իմ սիրելի գործով: Այս պահին մեծ սիրով ու ակտիվ կերպով պատրաստվում ենք երեխաների պաշտպանության միջազգային օրվան՝ հունիսի 1-ին, գրական, երաժշտական երեկո ենք կազմակերպել, որին մասնակցելու են իմ աշակերտները ու նաև Երևանի գրեթե բոլոր մանկական խմբերը, ինչպես նաև նշելու ենք մայրիկիս 70-ամյա հոբելյանը:Այս անգամ ես յուրահատուկ եմ մոտենում մանկական ծրագրերին, քանի որ ինքս պատրաստվում եմ մայր դառնալ: Ներկա պահին ինձ համար ավելի հաճելի է մանկական միջոցառումներ կազմակերպելը: Թեև կարճ, բայց որոշ ժամանակով պատրաստվում եմ ինձ նվիրել երեխայիս խնամքին:
Ա. Հարությունյան