▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակը ցույց կտա՝ ով ինչ է ներկայացնում իրենից. Մկրտիչ Արզումանյան

Blognews.am-ը գրում է.

Դերասան Մկրտիչ Արզումանյանն այս գարնանը 2 նոր նախագիծ ներկայացրեց իր լսարանի դատին՝ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմն ու «Պլյուս-մինուս» ներկայացումը։ Այս նախագծերում Մկոն հանդես եկավ ոչ միայն որպես դերասան, այլև պրոդյուսեր։ Սա առաջին անգամն էր, որ կազմակերպչական աշխատանքներից հեռու Մկոն հանձն էր առել նաև այս աշխատանքը։ Կայքն օրերս հյուրընկալել էր դերասանին ու հետաքրքիր զրույց ունեցել նրա հետ։

-Մկո, այս գարունը բավականին բուռն էր Ձեզ համար, 2 նոր նախագիծ ներկայացրիք հանդիսատեսին։ Գո՞հ եք արդյունքներից։

-Շատ ուրախ եմ, որ այդպիսի ֆիլմ ստացվեց՝ սպիտակ, մարդկային, նորմալ հարաբերությունների մասին, որն իրոք արժանի է ընտանեկան դիտման։ Ինձ համար դա շատ կարևոր էր, որովհետև տեսնում ենք բազմաթիվ նախագծեր, որոնց դեպքում հաշվի չի առնվել, որ դա պետք է դիտեն նաև երեխաները, ճաշակով մարդիկ։ Մենք արել ենք այնպիսի ֆիլմ, որից չէի ամաչի ու կցանկանայի տեսնեն նաև իմ երեխաները։

Կոլորիտային ֆիլմ է ստացվել։ Այն հարմար է նաև այլ լեզուներով ադապտացնելու համար, քանի որ համամարդկային արժեքներ է ներառում։ Արդեն ուզում ենք սկսել ադապտացիայի աշխատանքները։ Ֆիլմը նախատեսում ենք թարգմանել ռուսերեն և անգլերեն։

 -«Պլյուս մինուս»-ում ոչ թե քաղաքական իրադարձությունների եք անդրադառնում, այլ դեմքերի՝ ամենաբարձր մակարդակով։ Որքանո՞վ էր Ձեզ համար ռիսկային այս քայլը։

-Մենք մտավախություններ չունեինք, որովհետև առողջ հումոր ենք մատուցել, որևէ մեկին չենք վիրավորել։ Հումորը պետք է մնա հումոր, պետք է չանցնել սահմանները, դա խոսում է քո պրոֆեսիոնալիզմի մասին։ Արձագանքներն էլ դրական են, բոլորն ասում են, որ համարձակ էր, սակայն առողջ։

- 1 տարի առաջ նկարահանվեցիք Մհեր Մկրտչյանի գեղարվեստական ֆիլմում, որտեղ ավելի դրամատիկ կերպարով եք ներկայանում։ Ձեզ հաճախ են հարցնում, իսկ ինչո՞ւ դրամատիկ կերպարով չեք ներկայանում, ի վերջո, խաղացիք։  Ի՞նչ տվեց Ձեզ այս կերպարը։

- Ինձ համար շատ հետաքրքիր էր՝ ինչպե՞ս ես ինձ կդրսևորեմ այդ դերում. սա փորձություն էր, չգիտեի՝ ինչ կստացվի։ Երբ լսարանը երկար տարիներ սովոր է քեզ տեսնել որպես կատակերգու, բայց դու կարողանում ես նաև հուզել, պետք է անցնել այդ ճանապարհը։ Գործընկերներս ու Մհերն ասացին, որ ստացվեց։ Ես և Նազենի Հովհաննեսյանը խաղում էինք ամուսինների, Մհերն ասում էր, որ շատ համոզիչ ենք խաղում։ Շատ ուրախ եմ, որ ստացվեց, Նազենին հրաշալի դերասանուհի է, ինձ շատ լավ էի զգում՝ խաղալով նրա հետ։

Ես հասկացա, որ այսուհետև բաց չեմ թողնելու նմանատիպ ոչ մի առաջարկ։ Ինձ համար շատ հետաքրքիր էր դա։

-Նախագծեր ներկայացնելիս միշտ շեշտում եք, որ պետք է այնպիսի բան անեք, որ չամաչեք։ Ինքնաքննադա՞տ եք։

-Շատ։ Ես միշտ դժգոհ եմ իմ կատարած աշխատանքից։ Դա մի կողմից լավ է, որովհետև միշտ զգոն եմ, մյուս կողմից՝ վատ։ Երբեմն չափն անցնում եմ. բոլորն ասում են, որ ամեն ինչ լավ է, իսկ ես չեմ հավատում։ Ամեն դեպքում, եթե մի բան լավ է ստացվում, շատ լավ, անցանք առաջ, չպիտի մնաս նույն տեղում, բավարարվես արածով, որովհետև դա բերում է լճացման։ Երբ քեզ թվում է, որ ամեն ինչ լավ է, դու կայացած արտիստ ես, միայն կայացած նախագծերում ես մասնակցում, արդեն վատ է։ Մարդը պետք է անընդհատ սովորի, կապ չունի՝ քանի տարեկան է. ամեն տարիք ունի իր յուրահատկությունները։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին