▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրանից հետո բարդ է Հայաստան վերադառնալը. Սուրեն Շահվերդյան

 

Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը վերջերս ԱՄՆ-ում էր: Այնտեղ նա իրականացնում էր «Չէին սպասում» և «Քաղցած չէին սպասում» հաղորդումների նկարահանումները: Հատկանշականն այն է, որ հաղորդմանը հյուրընկալած ամերիկաբնակ հայ հայտնիներից որևէ մեկը հայրենիքում կրկին հաստատվելու նպատակ չուներ. բոլորը խոսում էին կարոտի մասին, սակայն վերադարձը, կարծես թե, բացառում էին:

«ԱՄՆ-ում մեր նկարահանած հերոսների մեջ կային մարդիկ, ովքեր այնտեղ ծնվել և մեծացել էին, նրանք առանձնապես չեն էլ ցանկանում գալ Հայաստան: Իսկ նրանք, ովքեր այստեղից են գնացել, կարծում եմ, որ շատ են ցանկանում վերադառնալ, բայց կյանքը ցույց է տալիս, որ որևէ մեկը Միացյալ Նահագներից կամ այլ երկրից  չի վերադարձել: Դա արել են այն ժամանակ, երբ բավական տարեց են եղել, կայացել են այնտեղ, ֆինանսապես ապահովված են եղել և եկել են Հայաստան` իրենց ծերությունը վայելելու»,-Asekose.am-ին ասաց Սուրեն Շահվերդյանը:

Մեր այն նկատառմանը, որ ստացվում է, որ Հայաստանում կայանալը անհնարին է, ռեժիսորը պատասխանեց.

«Երբ մարդիկ մի փոքր ավելի ապահոված երկրներում են բնակվում որոշ ժամանակ, դրանից հետո բարդ է վերադառնալ Հայաստան: Ես ցավով եմ դա ասում, որովհետև լավ կլիներ, որ Հայաստանում ամեն ինչ շատ լավ լիներ, և հայերը բնակվեին այստեղ, բայց դա այդպես չէ: Ավելի շատ` Հայաստանից գնում են, քան` վերադառնում»:

Սուրեն Շահվերդյանը նշեց նաև, որ դժվար թե ԱՄՆ-ում հաստատվելու ցանկություն ունենա.

«ԱՄՆ-ն ինձ առանձնապես չի գրավում, բայց այնպես է ստացվել, որ մայրս, քույրս արդեն 15 տարուց ավել է, ինչ այնտեղ են բնակվում: Տարին 1-2 անգամ այցելում եմ նրանց, բայց Միացյալ Նահանգներն ինձ, համենայն դեպս այս տարիքում չի գրավում, միգուցե 20-30 տարի հետո ինչ-որ մի ժամանակ բնակվեմ այնտեղ. ինձ ավելի շատ հետաքրքրում է Եվրոպան»:

Շարունակելով թեման` հարկ է նշել, որ ռեժիսորը վերջերս հենց Եվրոպայում` մասնավորապես Ռումինիայում, «Օթելլո»-ն բեմադրելու հնարավորություն է ունեցել.

«Այդ նախագծի շրջանակներում համագործակցել եմ տեղի հայտնի դերասանների հետ: Կարծում եմ` հետաքրքիր է ստացվել, որովհետև արդեն փառատոնների մեկնելու առաջարկներ ունենք: «Օթելլո»-ն նաև Հայաստանում` «Հայֆեստ»-ի շրջանակներում, ցուցադրելու ցանկություն ունեմ: Եթե ամեն ինչ լավ լինի, առաջիկա  «Հայֆեստ»-ի ժամանակ «Օթելլո»-ն կներկայացվի նաև այստեղ»:

Այն հարցին, թե արդյոք դժվար չէր համագործակցել օտարազգի դերասանների հետ, ասաց, որ  սա առաջին դեպքը չէ.

«Ես էլի եմ համագործակցել օտարազգի դերասանների հետ: Առհասարակ, կյանքում և հատկապես` թատրոնում առանձնապես  հեշտ բան չկա: Դա աշխատանք է, որը պահանջում է կենտրոնացում, ուժերի ներդրում: Ի վերջո, պետք է տրվել այդ աշխատանքին, որպեսզի մի բան ստացվի, հեշտ բան չկա»:

Զրույցի վերջում  Սուրեն Շահվերդյանը հավելեց, որ  այս պահին աշխատում են «Սև, դառը շոկոլադ» ներկայացման թարգմանության վրա, որպեսզի Ռումինիայում, հավանաբար աշնանը բեմադրելու հնարավորություն ունենան: Հավելենք, որ դրան զուգահեռ Երևանում` Դրամատիկական թատրոնում, հաջողությամբ պարբերաբար հանդիսատեսի դատին է հանձնվում «Սև, դառը շոկոլադ»  ներկայացումը, որում հանդես են գալիս Լուիզա Ղամբարյանը և Արամոն:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև` Սուրեն Շահվերդյանը` ամուսնալուծության լուրերի և մերժված լինելու մասին

Փակ ենք, կոմպլեքսավորված ու «չտես». Սուրեն Շահվերդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին