Armtimes.com-ը գրում է.
«Տնից հեռու» հաղորդման նոր եթերաշրջանում հաղորդավար Վարդան Սարգսյանը ներկայացնելու է Մալդիվյան կղզիները: Այստեղ նա, ինչպես նախորդ երկրներ այցելելիս, վտանգավոր զբաղմունքները չի շրջանցել: Կայքի հետ զրույցում նա պատմեց, որ Մալդիվներում լողացել է շնաձկների հետ:
«Հենց օվկիանոսում լողացել եմ շնաձկների հետ եւ նկարահանել նրանց, այդ ամենը ցուցադրվելու է: Վտանգավոր չէր, քանի որ կային համապատասխան մարդիկ, ովքեր նույնպես ջրասուզվել էին: Որքան գիտեմ, նրանք իրենց մոտ ունեին հոսանքներ, որոնցից այդ կենդանիները վախենում եւ հեռու են գնում: Ոչ մի խնդիր չառաջացավ»,-ասաց նա:
Մալդիվների մասին առաջին թողարկումը կլինի այսօր: Ներկայացվելու է մայրքաղաք Մալեն, որը բավականին թանկ քաղաք է: Վարդան Սարգսյանը ցանկացել է ցույց տալ՝ Մալդիվներ այցելելիս որքանով արժե գնալ Մալե: Այս եթերաշրջանը կհեռարձակվի մոտ երկուսուկես ամիս. նյութերը շատ են:
«Մալդիվներում եղել եմ երեքուկես օր ու այդ ընթացքում անգամ 5 րոպե չեմ ունեցել մի փոքր հանգստանալու. անընդհատ նկարահանում էի եւ նյութեր հավաքում»,-ասաց նա:
Մալդիվներից առաջ «Տնից հեռու» հաղորդումը ներկայացնում էր Վիետնամը: Այստեղ հեռուստադիտողներին, Վարդան Սարգսյանի դիտարկմամբ, հատկապես տպավորել է նրա՝ օձի եւ բադի արյուն խմելը: Նա բազմաթիվ նամակներ ու մեկնաբանություններ է ստացել այդ քայլի վերաբերյալ:
«Օձի արյուն խմելը շատ էր տպավորվել մարդկանց մոտ, բոլորն այդ մասին էին խոսում: Տպավորվել էին նաեւ բադի արյունը խմելու տեսարանից: Դա անբացատրելի տհաճ էր, ու, երեւի, այնտեղ իմ անցկացրած ամենավատ վայրկայններն էին, որովհետեւ հում վիճակում էր, համեմունքներ ավելացրին եւ 15ր հետո խմեցի, որովհետեւ տաք վիճակում չի կարելի»,-ասաց նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում