▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզելու եմ, թե ում ձեռքի գործն է սա. պետք լինի` կդիմեմ հետախույզի. Ժաննա Բուտուլյան

 

 

 

 

 

 

 

 

Այսօր համացանցում հայտնվել է դերասանուհի Ժաննա Բուտուլյանի մասին մի հրապարակում, որի հեղինակը խորհուրդ է տալիս դերասանուհուն դիմել ոճաբանի օգնությանը, որպեսզի այսուհետ իր արտաքին գեղեցիկ դիմագծերը գրագետ համատեղի հագուստների և մնացյալի հետ: Այս առիթով Asekose.am-ը կապ հաստատեց Ժաննա Բուտուլյանի հետ՝ ստանալու վերջինիս մեկնաբանությունը.

«Նման բովանդակությամբ նյութերի նախկինում նույնպես հանդիպել եմ, բայց դրանք ուղղված եղել իմ գործընկերների հասցեին: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ինքս պատրաստ էի նման բանի»,- ասաց դերասանուհին՝ նշելով, որ ըստ իրեն՝ սա ինչ-որ մեկի կողմից պատվիրված նյութ է.

«Ես պարզապես համոզված եմ, որ այս հրապարակումը պատվիրված է: Եթե ես ցանկանամ, ապա նույնպես կարող եմ նմանատիպ նյութեր պատրաստել տամ այն մարդկանց մասին, որոնց ես չեմ սիրում, բայց քանի որ ինքս մարդու մեջքի հետևում ինչ-որ մի բան անելու կամ ասելու սովորություն չունեմ, երբեք նման քայլերի չեմ դիմի: Եթե ես ինչ-որ մի բան եմ անում կամ ասում, բոլորը տեղեկանում են դրա մասին»,- մեզ հետ զրույցում ասաց դերասանուհին:

Այն հարցին, թե արդյոք ինքը որևէ կասկածներ ունի նյութի հեղինակի վերաբերյալ, Ժաննան պատասխանեց.

«Ոչ, դեռևս կասկածներ չունեմ: Չասեմ թշնամի, բայց նա մեկն է, ում ես պարզապես դուր չեմ գալիս և ով համարձակություն չունի կանգնի իմ դիմաց և հենց այդ ձևով ասի ինձ իր ասելիքը: Չգիտեմ անգամ, թե վերջերս ում եմ նեղացրել կամ նեղացրել եմ արդյոք: Պարզապես մարդիկ կան, որոնց դու կարող ես անգամ չնեղացնել, նրանք քեզ չեն սիրում և վերջ: Ես մի բանում եմ համոզված. այս նյութը լրագրողի ձեռքի գործ չէ, քանի որ ես ճանաչում եմ գրեթե բոլոր լրագրողներին, որոնցից և ոչ մեկի կողմից իմ հանդեպ բացասական վերաբերմունք չեմ նկատել»,- իր տեսակետը հայտնեց դերասանուհին:

Այն նկատառմանը, որ իր դեպքում քննադատությունները մեծամասամբ վերաբերում են արտաքին տեսքին, հագուստին և նույնիսկ վարսերի գույնին՝ ի տարբերություն մինչ այս  համացանցում հայտնված այն քննադատական հրապարակումների, որոնց մեջ քննարկվել է այս կամ այն դերասանի ստեղծագործական գործունեությանը, դերասանուհին տվեց իր պատասխանը.

«Գիտեք, ես հիմա չեմ էլ պատրաստվում մանրանալ՝ ասելով, թե ես իմ հագուստը որտեղից եմ ձեռք բերում: Արդեն երկրորդ անգամն է, ինչ իմ «ծիգրովկա» զգեստին են անդրադառնում. ասեմ, որ դա որպես թեմատիկ զգեստ ես հագել եմ Կարեն Բաբաջանյանի «Արամմա» ֆիլմի պրեմիերային, քանի որ այն վայրի ցեղերի մասին ֆիլմ էր: Թող արդարացում չհնչի, բայց ես ինքս էլ «ծիգրովկա»-ի սիրահար չեմ, առօրյայում ես բոլորովին այլ կերպ եմ հագնվում: Կրկին կցանկանամ նշել, որ այս ամենը ես որպես արդարացում չեմ ասում»:

Այն դիտարկմանը՝ գո՞ւցե սա որևէ մեկի կողմից պատվիրված նյութ չէ, այլ պարզապես իր անվան շնորհիվ դիտումներ հավաքելու միտում, դերասանուհին չհամաձայնեց՝ ասելով.

«Համոզված եմ, որ սա պատվեր է: Ես կարողանում եմ տարբերել պատվիրված նյութը ոչ պատվիրվածից: Օրինակ, նախկինում եղել են դեպքեր, երբ դիտումներ հավաքելու համար նյութի վերնագիրն այդքան էլ չի համապատասխանել բովանդակությանը կամ վերնագիրը չափից շատ ամպագոռգոռ է եղել, քան նյութը, որը մատուցել են: Ես գիտակցում եմ, թե որ նյութը ինչ նպատակ է հետապնդում»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհին:

Իսկ հարցին՝ արդյո՞ք նմանատիպ նյութերը որևէ կերպ խոցում են իրեն, Ժաննան պատասխանեց.

«Գիտեք, սկզբում ինչ-որ տհաճ զգացում է լինում, որը, սակայն, հետո անցնում է: Բայց ինչ վերաբերում է այսօրվա հրապարակմանը, ասեմ, որ ես մինչև վերջ եմ գնալու, որպեսի սա շարունակական բնույթ չկրի: Ես պարզելու եմ, թե ում ձեռքի գործն է սա, եթե պետք լինի, անգամ կդիմեմ հետախույզի օգնությանը: Ավելացնեմ, որ այն մարդը, որը որ սա արել է, ինձ մեծ վնաս չի հասցրել, սա կոնկրետ ինձ համար շատ թույլ մարդու արարք է»,- իր խոսքը եզրափակեց դերասանուհի Ժաննա Բուտուլյանը:


Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան
 

Կարդացեք նաև՝ Ժաննա Բուտուլյանը՝ սիրելի ունենալու, հայտնի մարդկանց հետ վերագրված սիրավեպերի մասին և ոչ միայն


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին