«Miss 7 Continents 2016» մրցույթին մասնակցելուց և մրցույթում 3-րդ հորիզոնականը զբաղեցնելեւց հետո մոդել, հաղորդավարուհի Շուշան Երիցյանը միջազգային բրենդների կողմից համագործակցության մի քանի առաջարկներ է ստացել: Asekose.am-ը կապ հաստատեց Շուշանի հետ՝ ճշտելու, թե ում կողմից և ինչ առաջարկներ է ստացել, ու ինչ որոշում է կայացրել նա:
Միջազգային բրենդների կողմից համագործակցության մի քանի առաջարկներ եմ ստացել
Այո, միջազգային բրենդների կողմից համագործակցության մի քանի առաջարկներ եմ ստացել: Այդ ամենն այս պահին գտնվում է բանակցության փուլում: Այդ իսկ պատճառով առայժմ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ դեռ պայմանագիր չեմ կնքել, անուններ նշեմ: Նշեմ նաև, որ սեպտեմբերին համաշխարհային գեղեցկության մրցույթներում արդեն հանդես կգամ նաև որպես ժյուրի:
Եթե չկարողանամ համատեղել՝ կհրաժարվեմ այդ համագործակցություններից
Այսօր Հայաստանում ես բուռն գործունեություն եմ սկսել ծավալել՝ նկարահանվում եմ բազմասերիայանոց ֆիլմում, անհատական հաղորդում եմ վարում, այդ իսկ պատճառով դրսում համագործակցելը փոքր-ինչ դժվարանում է: Եթե կարողանամ համատեղել, սիրով կհամաձայնվեմ, իսկ եթե ոչ՝ առանց մտածելու կընտրեմ իմ երկրում աշխատելու հնարավորությունը, քանի որ ինձ համար հաճույք է աշխատել ու ապրել իմ հայրենիքում:
Երբեք կանգ չառնել ու երբեք չհանգստանալ նվաճած մրցանակների վրա
Իմ կյանքի գաղափարախոսությունն է՝ երբեք կանգ չառնել ու երբեք չհանգստանալ նվաճած մրցանակների վրա: Ես երբ հասնում էի մի փոքր կետի չէի բավարարվում դրանով: Ամեն մի հաջողություն ինձ մոտեցնում է ավելի մեծ հաջողության: Ու երբ այսօր ինձ համեմատում եմ նախկին Շուշան Երիցյանի հետ, նկատում եմ, որ շատ բան է փոխվել ինձ մոտ: Ես փոխվել եմ և՛ իմիջային առումով, և՛ մասնագիտական ունակություններով: Երբ ես նայում եմ իմ նախկին խաղը, մեծ տարբերություն եմ նկատում, նույնը կարող եմ ասել՝ բեմական խոսքի հետ կապված: Ես երբեք չեմ դադարում սովորել, աշխատել, ինձ վրա վերցնել այն, ինչ դրական է: Միաժամանակ հետևում եմ բոլոր քննադատություններին, քանի որ կարծում եմ, որ հանդիսատեսն ավելի լավ է նկատում մեր թերությունները:
Արդեն մտածում եմ ընտանիք կազմելու մասին
Ես մինչև հիմա մտածել եմ իմ աշխատանքի, իմ կարիերայի մասին, և կարծես թե իմ տարիքն էլ չէր՝ դժվար թե 20 տարեկանում մտածեի ամուսնության մասին: Բայց այսօր ես կարծում եմ, որ ունեմ բավականաչափ կյանքի փորձ՝ լավ ուսում, կարիերա, արդեն մտածում եմ ընտանիք կազմելու մասին: Եթե ես կյանքում հանդիպեմ այն տեսակին, ում հետ կցանկանամ ամբողջ կյանքս նվիրել, ինչու չէ՝ փոխզիջումների կգնամ:
Հեղինակ՝ Աննա Հարությունյան
Կարդացեք նաև՝ Շուշան Երիցյանը՝ հարուստ հովանավորի և մտերիմներից մեկի հետ սիրային հարաբերություն ունենալու մասին