▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենաշատը սարսափում եմ տեղում դոփող,միանման դերերով հանդես եկող դերասաններից.Էվա Խաչատրյան

Life.panorama.am-ը գրում է.  Զրուցել ենք  դերասանուհի Էվա Խաչատրյանի հետ, ով վերջին ամիսների ակտիվ աշխատանքային շրջանից հետո այս պահին համեմատաբար հանգիստ է գործում.

«Հիմա ավելի հանգիստ շրջան է ինձ համար. իմ սովորական ռիթմով աշխատում եմ Կամերային թատրոնում: Ամառը կտրամադրեմ նոր ներկայացման պատրաստմանը, բայց փակագծեր դեռ չեմ բացի ու այդ մասին կխոսեմ ավելի ուշ, երբ գործը գլուխ սկսի գալ»,- նշեց Էվա Խաչատրյանը:

Անդրադառնալով վերջերս կայացած «Պլյուս-Մինուս» ներկայացմանը, որում դերասանուհին եւս ուներ իր մասնակցությունը եւ ամփոփոելով առաջին արձագանքները՝ Էվան ոչ միայն խոսեց իրեն հասած կարծիքներից, այլեւ իր հիացմունքը հայտնեց Մկրտիչ Արզումանյանի եւ Հովհաննես Ազոյանի հետ համագործակցության վերաբերյալ.

«Կարծում եմ՝ արձագանքները վատը չէին, ինքս բավականին դրական կարծիքներ եմ լսել: Ինձ համար ամենահետաքրքիրը աշխատանքային պրոցեսն էր՝ այդ ընթացքում շատ հագեցած շրջան էր ինձ համար: Հրաշալի խաղընկերներ ունեի, մասնավորապես ուզում եմ նշել Մկրտիչ Արզումանյանի հետ աշխատանքս, ինչը մեծ ձեռքբերում էր ինձ համար. շատ սիրեցի նրա դերասան ու մարդ տեսակը, նա հարգանքի արժանի մեծ ներաշխարհով մարդ է: Ցավոք, մեր օրերում քիչ են այդպիսի դերասանները: Իսկ Հովհաննես Ազոյանի հետ արդեն աշխատել էինք «Poker.am» գեղարվեստական ֆիլմում, քիչ թե շատ ծանոթ էի նրա աշխատելաոճին: Դե իսկ այս ամենը համակարգեց ու բեմադրեց իմ շատ սիրելի Կարո Բալյանը: Իսկապես դժվար ու հոգնած օրեր ենք ունեցել, բայց ներկայացումն արդեն իրականություն է ու առաջ է քայլում, իսկ դա նշանակում է, որ այն երկար է ապրելու»,- պատմեց դերասանուհին:

Ի դեպ՝ շատ շուտով Էվա Խաչատրյանին էկրաններին է տեսնելու նաեւ մոսկովյան հեռուստադիտողը, քանի որ նա նկարահանվել է «Հայրեր» բազմասերիանոց ֆիլմում:

Նոր առաջարկների մասին խոսելիս՝ Էվան նկատեց, որ դրանք շատ են եղել, բայց իրեն հարմար նախագիծ դեռ չի հանդիպել.

«Առաջարկներ շատ եմ ունեցել, պարզապես դեռ չեմ գտել այն դերն ու մթնոլորտը, որն ինձ կգրավի ու կցանկանամ աշխատել: Հուսամ՝ սեպտեմբեր ամիսն իր հետ կբերի լավ առաջարիներ ու ես կկարողանամ ավելի լավ աշխատել, քան մինչ օրս եմ աշխատել: Ես ամենաշատը սարսափում եմ տեղում դոփող, միշտ միանման դերերով հանդես եկող դերասաններից, նման տեսակ դերասաններն, ըստ իս, աշխատասեր չեն, ստեղծագործող չեն, այսինքն՝ մղում ու ցանկություն չունեն մի օր արվեստագետի մտածողությամբ աշխատելու: Ինձ համար այդ դերասանները իրական դերասաններ չեն, նրանք միայն «աստղեր» են»,- հավելեց դերասանուհին:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին