▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շեքսպիրի գրած վերջին պիեսը

LIVING DROLLERY.  շեքսպիրյան ''կենդանի զվարճախաղն'' ըստ Փիթեր Գրինուեյի և Դերեք Ջարմենի
© Lucineh Hovanissian

Շեքսպիրի ստեղծագործության մեջ բացառիկ է ''Փոթորիկը''. ամենայն հավանականությամբ, այն եղել է Շեքսպիրի գրած վերջին պիեսը: Մեծ ողբերգակի համար սա կարծես եզրափակիչ մի արար է, որով նա վեհացնում է մարդկային դրաման, և միստիցիզմի ու թաքնագիտության միջով անցկացնելուց հետո` լուծում բնական պարզության մեջ: 
Ֆրանսիացի մտածող և փիլիսոփա Միշել Մոնտենն իր ''Փորձեր'' երկի ''Վասն մարդակերների'' գլխում գրում է.

'' Ես Պլատոնին կասեի. ահա մի ժողովուրդ, որ չունի ոչ առևտուր, ոչ գիր, ոչ հաշիվ. իշխանության, կամ մնացածների նկատմամբ գերազանցության ոչ մի նշան, ստրկության ոչ մի հետք: Ոչ ունևորություն և ոչ աղքատություն, ոչ ժառանգություն, ոչ գույքաբաժանում. պարապությունից բացի ոչ մի զբաղմունք ... '' :

Շեքսպիրը բառացիորեն փոխ առնելով այս խոսքերը` իր պիեսի հերոս Գոնզալոյի բերանով շարունակում է.

''Բնության մեջ հարկ է, որ ամեն ինչ առանց ջանք ու քրտինքի ստեղծվի. ես դավ ու հանցանքի, դանակ ու զենքի, հրազենի կամ մեքենայի կարիք պիտի չունենամ: Իսկ բնությունն իր բարիքներն առատորեն կպարգևի իմ անմեղ ժողովրդին կերակրելու համար:''

Ուտոպիական մի հասարակություն, որտեղ ամուսնություններ էլ չեն լինի.

'' Ոչ ոք չի ամուսնանա, ամենքն էլ պարապ կլինեն, ամենքն էլ` պոռնիկ ու սրիկա ... Ես մի կատարյալ կառավարում կհաստատեմ ` ոսկեդարից էլ գերազանց: ''

Ոսկեդար... Ինքնին հասկանալի է, թե ժամանակակից կինոարվեստի աենահամարձակ վարպետներից մեկը` Փիթեր Գրինուեյը, որի ֆիլմերին բնորոշ են Վերածննդի շրջանի ու բարոկկո նկարչության մոտիվներն, ինչու է ''Փոթորիկը'' պիեսի հիման վրա նկարահանած իր '' Պրոսպերոյի գրքերը''(1991) ֆիլմում այդքան մերկ մարմիններ ցուցադրել. մի բան, որ դիտողների ու կինոքննադատների կողմից ընկալվում է որպես չափազանցություն: Եվ ինչպես կինոքննադատ Ռոջեր Իբերտն է նշում` '' ֆիլմի գրախոսականները մեծամասամբ վրիպել են''*, մինչդեռ Գրինուեյն իր մեծակտավ այս ֆիլմում Վերածննդի դարաշրջանի ոգին է փորձել փոխանցել` մոնտենյան-շեքսպիրյան գրոտեսկային իդեալական հասարակության պատկերումով: Դրան մեծապես նպաստում է նաև Գրինուեյի մշտական գործընկեր Մայքլ Նայմանի նորագույն դասական ու օպերային փոքր-ինչ բուրլեսկային երաժշտական ձևավորումը: 
Գլխավոր հերոս Պրոսպերոն ինքն էլ հոգու խորքում հենց այդ նույն ուտոպիական իդեալիզմի կրողն է: Նա բնության գաղտնիքների մեջ թափանցելու և նրբին ուժերին տիրապետելու արվեստն ուսանելով` այնքան է տարվում թաքնագիտությամբ, որ հեռանում է մարդկային սովորական կացութաձևից ու կենցաղից, և ի վերջո` դառնում եղբոր դավադրության զոհը: Միլանի գահընկեց դուքս Պրոսպերոն, որն ի զորու է սեփական կամքը թելադրել ոգիներին, հենց բնության տարերքի միջոցով է իր վրեժը լուծում: Փոթորիկը մարդու զորության ծնունդ է, իսկ այդ զորությունը` մարդու բնությունից բխող դրամայի. մարդն ու բնությունը մեկ ամբողջություն են:

''Մենք երազից ենք հյուսված, և մեր կարճատև կյանքը քնով է լցված:''

Պրոսպերոյի արտասանած հենց այս տողերով է ավարտվում շեքսպիրյան պիեսի հիման վրա նկարահանված մեկ այլ ֆիլմ` Դերեք Ջարմենի '' Փոթորիկը'' (1979): Կադրում հայտնվում է Պրոսպերոն, որն ինչպես և ֆիլմի սկզբում` քնած է. կարծես ողջ պատմությունը գլխավոր հերոսի կամ դիտողի գլխում է լոկ տեղի ունեցել: Գրինուեյը ֆիլմի ավարտի հարցում առավել հարազատ է մնում շեքսպիրյան բնագրին, բայցևայնպես, թե '' Պրոսպերոյի գրքերը '', թե Ջարմենի լավագույն ֆիլմերից մեկը համարվող '' Փոթորիկը '' Շեքսպիրի պիեսի ազատ փոխադրություններ են միայն: Պիեսի սեփական մեկնությունը ներկայացնելով հանդերձ` երկու ռեժիսորներն էլ շեքսպիրյան բառին ու ոգուն հարազատ են մնացել: Ջարմենն իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ պիեսի կախարդանքը մշտապես իր հետ է եղել. նա դիտավորյալ խուսափել է դիտել թատերական ներկայացումները, որպեսզի իր ներսում դեռ պատանեկության տարիներից մնացած այդ տպավորությունը չվերանա:** 
Եթե Գրինուեյը զուգահեռներ ունի բարոկկոյի ու Վերածննդի շրջանի հետ, ապա Ջարմենն ուղղակի զուգահեռներ ունի ''Կախարդական սրնգի'' հետ` Պրոսպերոյի դուստր Միրանդայի ու արքայազն Ֆերդինանդի տարօրինակ, հեքիաթային կերպարներից մինչև Գեորգե Զամֆիրի մոգական սրնգով երաժշտական ձևավորումը: Ի՞նչ է այս. արդյոք անճոռնի Կալիբանի մայր Սիկորաքս վհուկը դարձել է '' Կախարդական սրնգի'' գիշերվա թագուհի՞ն... Սևամորթ էլիզաբեթ Ուելչը գիշերվա թագուհու կերպարից ներշնչված իր զգեստով` եզրափակում է ֆանտաստիկ այդ շոուն '' Փոթորկուն եղանակ'' հոգեհույզ երգով:
Շեքսպիրի պիեսի ու ''Կախարդական սրնգի'' հերոսների միջև ինքնին զուգահեռներ են նշմարվում. նկատենք սակայն, որ ''Կախարդական սրինգը'' ստեղծվել է ավելի քան մեկ և կես դար անց: Շեքսպիրն իր հերթին` ազդվել է ոչ միայն Միշել Մոնտենի '' Փորձերից'', այլև Էրազմուս Ռոտերդամցու ''Նաուֆրագիումից'': 
Անձամբ ինձ` Փարաջանովի մեծ երկրպագուիս, Գրինուեյի ֆիլմը դիտելիս ու թարգմանելիս անհնար եղավ մտքով ևս մի զուգահեռ չանցկացնել. Փարաջանովի '' Նռան գույնը'' (1968): Խորհրդանշաններ, միստիցիզմ, անընդհատ շարժում, յուրօրինակ հնչյունային ֆոն, վարպետություն և իհարկե` գույներ, գույներ, գույներ... 
Արվեստում նման զուգահեռներն անխուսափելի են, առավել ևս` երբ դրանք առնչվում են թաքնագիտությանը, երաժշտության ու հնչյունների անտես աշխարհներին ու ներդաշնակությանը:
Գրինուեյի նախորդ ֆիլմերում ևս առկա են կյանքի թաքուն կողմը խորհրդանշող երևույթները` ծնունդն ու մահը, պտղաբերումն ու քայքայումը, մարդու մարմնավոր գոյության զավեշտ- ողբերգը...
Այս ֆիլմը սկսվում է պարզ մի կադրով` ընկնող ջրի կաթիլով. Գրինուեյը պարզ հպում է հաղորդում ամեն ինչին: Երազայինն ու անիրականը կենդանություն են առնում` կարծես Վերածննդի շրջանի կտավներից դուրս եկած բազմաթիվ մարդկանցով. մերկ մարմինների, լույսի, պատկերի, ձայնի, շարժման ու գույնի մի ֆանտասմագորիա ... 
Եթե անորսալի հնչյուններով լի երազային աշխարհը Դերեք Ջարմենի ֆիլմում պատկերանում է ամբողջովին կապույտ կադրերով (հիշենք ինքնատիպ ու արտասովոր այս ռեժիսորի վերջին ֆիլմը` ''Կապույտը'', 1993), ապա Գրինուեյը շեքսպիրյան դյութանքի բացարձակ նոր մի շերտ է վեր հանել. գրքե'րը... 
Ահա իրական միստիցիզմի բուն արմատը, որ նկարիչ-կինոռեժիսորի երևակայության համար նոր ոլորտներ է բացել, իսկ հանդիսատեսին` պարգևել անիմացիոն հրաշքների ու վայելչագրության էսթետիկ հաճույքը: 
Ֆիլմը նորարարություն է ոչ միայն օպերայի, մնջախաղի, պարի ու կինոարվեստի միաձուլման տեսանկյունից, այլև` անիմացիոն տեխնիկայի: Բազմաթիվ շարժվող և անշարժ պատկերների շերտ առ շերտ համադրումն ու թվային մշակումն իրականացվել է Ճապոնիայում: Ֆիլմի գրքերը շեքսպիրյան պիեսի հետ անուղղակի առնչություն ունեն միայն, այդուամենայնիվ, այնպես են ձուլվում սյուժեին, որ թվում է, թե դրանք ևս առկա են Շեքսպիրի հանելուկային այս պիեսում: Եվ հենց գրքերի շնորհիվ է առավել շեշտվում շեքսպիրյան շունչն ու ''Փոթորիկը'' պիեսին բնորոշ էզոթերիզմը:
''Գիրք շարժմանց'', ''Գիրք համայնական տիեզերագրության''... Ընդամենը քսանչորս գիրք, որոնք աղերսվում են Էպիկուրուսի կորուսյալ գրքերի հետ: 
Նկատենք, թե որպիսի սրամտությամբ ու սեղմությամբ է նկարագրված '' Գիրք Սիրո''-ն.

'' Սա անուշաբույր մի հատոր է, որի էջանիշերն ալ ժապավեններով են զարդարված: 
Նրանում անպայման, մի մերկ կնոջ ու մերկ տղամարդու նկար կա, իսկ ողջ մնացյալը` զուտ կռահման առարկա ... ''

Նույն սրամտությամբ` ֆիլմի վերջին գիրքը հենց Շեքսպիրի 
'' Երեսունվեց պիես'' հատորն է , որում սակայն, միայն երեսունհինգ պիես կա, իսկ երեսունվեցերորդի համար գրքի նախաբանից հետո ազատ էջեր են թողնված:
Ֆիլմի ստեղծման գաղափարն ու հենքն անմիջական կապ ունեն գլխավոր դերակատարի, անգլիական բեմարվեստի լեգենդներից մեկի` դերասան և թատրոնի ռեժիսոր Ջոն Գիլգուդի հետ: Թատրոնի բեմում նա լավագույն Պրոսպերոն էր` իր ''մետաքսով խլացված արծաթահնչուն շեփորի ձայնով''***` ինչպես նկարագրում էին նրա անկրկնելի ձայնը: Սըր Ջոն Արթուր Գիլգուդը, որ հայտնի էր շեքսպիրյան իր վարպետ կատարումներով, Պրոսպերոյի դերը կինոյում մարմնավորելը համարում էր իր կյանքի գործը: Այդ դերը խաղալու համար նա բազմիցս դիմել էր ռեժիսորներ Կուրոսավային, Բերգմանին, Ալեն Ռենեին, Օրսոն Ուելլսին, սակայն համագործակցությունը կայացավ միայն Գրինուեյի հետ: Որպես Պրոսպերո` թատրոնում Գիլգուդն առաջին անգամ հանդես եկավ 1930 թվականին, իսկ Գրինուեյի ֆիլմում նկարահանվելիս նա արդեն ութսունվեց տարեկան էր:
''Պրոսպերոյի գրքերը'' նորարարություն է նաև գլխավոր դերակատարի կողմից մյուս հերոսների ձայնավորման առումով. ի դեպ, սա ևս շեշտում է ֆիլմի ու պիեսի երազային ու խորհրդավոր մթնոլորտը: 
Անհնար է չհիանալ կինոյում իր վերջին գլխավոր դերակատարումով հանդես եկող Ջոն Գիլգուդի մարմնավորած Պրոսպերոյով, որը ֆիլմի վերջում հայտնվում է միանգամայն խոցելի կերպարով` որպես մոգությունից ու կախարդանքից հրաժարված, իր շքեղ պատմուճանը դեն նետած պարզ մի մարդ.

'' Հիմա վերջ է տրված իմ դյութանքին.
Ապավինում եմ ես լոկ իմ նվազ ուժին... 
Ինչպես որ ձեզ է հաճո զանցանքներից ձեր ազատվել,
Նույնպես և ինձ` ներողամտությամբ ձեր ազատ արձակվել: ''

Կյանքն ինքնին մի խաղ է` '' կենդանի զվարճախաղ ''. կրկին հաստատում է մեծն Շեքսպիրը:

Լուսինե Հովհաննիսյան. ''Ոսկե Ծիրան'' ՄԿՓ -ի ''Շեքսպիրն ապրում է'' ծրագրի թարգմանիչ

ՀԳ. Այս տարի ողջ աշխարհը նշում է Ուիլյամ Շեքսպիրի մահվան 400-ամյա տարելիցը: Բրիտանական խորհրդի հետ համատեղ`Ոսկե Ծիրան կինոփառատոնը հարգանքի տուրք է մատուցում մեծ ողբերգակ-բանաստեղծին: Ֆիլմերի և դիտումների ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Հեղինակ՝ Լուսինե Հովհաննիսյան

Աղբյուրներ՝

Ռոջեր Իբերտ

Ջիմ Քլարկ

theguardian.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին