Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանը մեր այսօրվա զրուցակիցն է: Սիրված դերասանուհին խոսել է առաջիկա հանգստի մասին, ինչպես նաեւ պատմել հանգիստը վայելելու իր նախընտրությունների մասին:
-Մերի, ամռանն առաջինը մտածում ենք հանգստի մասին: Չե՞ք պատրաստվում մեկնել հանգստի, քանի որ տարին Ձեզ համար աշխատանքով լի էր:
- Այո, իհարկե, մտածում եմ, բայց դեռեւս ոչինչ պարզ չէ, քանի որ շարունակում եմ ակտիվ աշխատել: Հավանաբար օգոստոսին կմեկնեմ, բայց թե որտեղ, դեռ չգիտեմ: Ամեն դեպքում մայրս շատ ակտիվ հետաքրքրվում է, տարբեր վայրեր ուսումնասիրում, ինքն ինձնից շատ է ուզում, որ գնանք հանգստի, կոնկրետ այս պահին Հունաստանի ուղղությամբ է կենտրոնացել: Պետք է նշեմ, որ կրկին մայրիկիս հետ դեռ անցյալ ամիս էի մեկնել Գերմանիա՝ հարազատներին այցելության: Այնտեղ հասցրեցինք լավ հանգստանալ, բայց հաստատ այդքանով չենք եզրափակվի:
-Մերի պասի՞վ, թե ավելի ակտիվ հանգսիտ եք նախընտրում:
- Առհասարակ, ակտիվ հանգստի սիրահար եմ, բայց վերջերս գուցե գերհոգնածության պատճառով ձգտում եմ ավելի պասիվ հանգստի: Հիմա ակտիվ հանգիստ ասվածն ինձ համար ուղղակի լավ ժամանց է մտերիմներիդ հետ, իսկ իսկապես հանգստանալու համար թերեւս պասիվ հանգիստ է պետք: Լիովին կհանգստանամ, երբ հեռախոսս անջատեմ ու չմտածեմ ոչնչի մասին: Կարծում եմ, եթե մարդ ցանկանա հանգստանալ, կարող է դա տանն էլ անել. Օրինակ այս պահին ես անկողնում պառկած հետաքրքիր ֆիլմ եմ դիտում ու այսպիսով իսկապես հանգստանում եմ:
-Շատերն ասում են, բայց գրեթե անհնար են համարում հեռախոսից հրաժարվելը: Ի՞նչ եք կարծում՝ դուք կկարողանա՞ք:
- Այո, ես շատ հեշտությամբ կարող եմ հրաժարվել հեռախոսից: Երբ ձեռքիդ տակ հեռախոս կա, ինքնըստինքյան օգտվում ես համացանցից, ինչ-որ խաղեր խաղում, բայց ես կախվածություն ձեռք բերող մարդ չեմ ու շատ հեշտությամբ կարող եմ հրաժարվել հեռախոսից: Նույն աշխատանքի վայրում ես կարող եմ հեռախոսս տալ ընկերներիս ու մոռանալ դրա մասին:
-Հայաստանցիներս ավելի շատ նախընտրում ենք արտերկրում հանգստանալ, Ձեր պարագայում եւս այդպե՞ս է:
- Գիտեք, կարող ենք գնալ մի երկիր, բայց ծովափից չհեռանալ ու տվյալ երկիրը կամ քաղաքը չտեսնել, իսկ նման հանգիստ կարելի է ունենալ եւ մեզ մոտ՝ Հայաստանում: Իհարկե, կցանկանայի, որ ավելի շատ լինեի մեր երկրի տարբեր տեսարժան վայրերում, բայց կրկին աշխատանքային գրաֆիկս թույլ չի տալիս, դրա համար ինքս իմ դեմ բողոք ունեմ այդ առումով:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում