▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում կարծրատիպերը շատ ուշ են կոտրվում. Վարդան Նահապետյան

«Առաջին հերթին ինքդ Քեզ հաղթիր, այդպես դու կհաղթես բոլորին». Հարցազրույց ֆոտոմոդել և երգիչ Վարդան Նահապետյանի՝ RAZBOY-ի հետ

-Բարև Ձեզ: Ինչու՞ հենց ընտրեցիք RAZBOY կեղծանունը։ Ինչպես կբացատրեք դրա նշանակությունը:

-Բարև Ձեզ, եթե անկեղծ կեղծանվան վերաբերյալ բացարձակ լուսաբանություններ այս պահին չեմ անի: Դրա նշանակությունն առայժմ գաղտնի կպահեմ, քանի որ կա նախատեսված հատուկ ժամանակ։

-Իսկ ե՞րբ է գալու այդ ժամանակը։

- Հավանաբար դա կլինի առաջին մենահամերգի ժամանակ։

-Կարող ենք վստահաբար ասել, որ 2016 թվականը Ձեզ համար հաղթանակների և մեծ ձեռքբերումների տարի է։ Արդյո՞ք դուք էլ եք համակարծիք մեզ հետ թե՞ ոչ: Իսկ կպատմեք մեզ ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց Ձեր ուղղին այս բնագավառներում:

-Անկեղծ ասած, երբեք չեմ փորձել մտածել կամ ներկայացնել հանրությանը, որ իմ կյանքի ձեռքբերումներն ու առաջխաղացումները հաղթանակային են, քանի որ դեռ չեմ հասելմի այնպիսի կետի, որն ինձ համար այդպիսին լինի։ Չգիտեմ ինչքանով է ճիշտ կյանքի իմ առաջխաղացումներն անվանել բարձունքներ կամ հաղթանակներ, բայց այնուամենայնիվ, այն բարձունքների համար, որոնց ես եմ հասել, շնորհակալ եմ միայն ու միայն ինքս ինձ։ Իսկ ուղղին սկսվել է "Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից, որտեղ ուսանել եմ։ Հենց նախապատրաստական բաժնում ակնթարթորեն նկարահանման առաջարկներ եղան, անգամ Հայաստանյան սահմաններից դուրս։ Նաև հիշում եմ, երբ առաջին անգամ խաղացի Գաբրիել Սունդուկյանի անվան Ակադեմիական թատրոնում` զգացի, որ բեմը սիրում եմ երգելու և ոչ թե կերպարներ մարմնավորելու համար: Եվ այդպես սկսեցի լուրջ զբաղվել վոկալով և երաժշտությամբ։

-Ձեր ֆեյսբուքյան էջում նկատելի է, որ լատինամերիկյան pop երգչուհի Շակիրայի ֆանատն եք, անգամ նրա Rabiosa սինգլի cover տարբերակն եք կատարել Մոսկվա քաղաքի հեղինակավոր INFINITY ակումբում: Իսկ ովքե՞ր են Ձեր մյուս ֆավորիտները։

-Շատ պատահաբար, երբ 2001 թվականին թողարկվեց երգչուհու Whenever,Wherever սինգլը, մի անգամից սկսեցի մեծ հետաքրքրություն տածել երգչուհու նկատմամբ, անգամ նրա բոլոր թողարկումներն էին հաճելի և ականջիս լսելի էին դարձել։ Մյուս մեգա աստղերին նույնպես ունկնդրում եմ, բայց պետք է նշեմ, որ խելակորույս ինձ չեմ կորցնում, ընդամենը հաճելի է ժամանակ առ ժամանակ լսել:

- Ձեր էջում գրել էիք նաև, որ կցանկանայիք Ձեր կողքին տեսնել Շակիրայի արտաքինով որևէ մեկին։ Մի՞թե Ձեզ համար կարևոր է արտաքինը։ Եթե աղջիկն ունենա Շակիրայի գեղեցկությունը, բայց չունենա հոգու գեղեցկություն, կցանկանաք արդյոք տեսնել նման աղջկա Ձեր կողքին։

-Անկեղծ ասած դա կիսով չափ կատակ էր, ինձ թվում է ,որ արտաքին գեղեցկության չափանիշները լրացումն են ներքինի: Իսկ, եթե ավելի անկեղծ այս պահին անձնական կյանքում ամբողջովին հանդարտություն է տիրում, քանի որ ժամանակը չի ներում կարգավորելու այն:

-Ինչքանով հասկացա, Դուք հարկ եղած դեպքում կարող եք զոհաբերել անձնականը, հանուն կարիերայի՞։

-Միանշանակ, եթե ընտրության հարց եղավ, ես գործում և փորձում եմ գոհացնել հասարակությանը և հաշվի եմ առնում ցանկացած խելացի կարծիք: Բայց, ինձ չի թվում, որ երբևէ կբախվեմ նման խնդրի:

-Հարկ եղած դեպքում ընդմիշտ կլքե՞ք Հայաստանը։

-Ճիշտն ասած դեռ չգիտեմ ինչ է ճակատագիրն ինձ համար նախապատրաստել, բայց մի բան գիտեմ հաստատ. ես անմնացորդ սիրով եմ սիրում Հայաստանը... Ծննդավայր, հայրենիք, մայրաքաղաք Երևան... բառեր, որ երբեք չեմ կարողանա մոռանալ` երբեք: Գործունեության համար իհարկե կմեկնեմ միանշանակ, բայց չեմ կարծում ընդմիշտ:

- Դուք առաջին հայ տղամարդն եք, ով ստացել է առաջարկ նկարահանվել սկանդալային PlayBoy ամսագրի համար։ Ի՞նչ զգացիք, երբ ստացաք առաջարկը։

-Անկեղծ ասած, երբ իմացա առաջարկի մասին` մի պահ ինձ թվաց թե չեմ տեսնում և չեմ լսում այդ ամենը. նաև մի պահ անհասկանալի միջանձնային բախման մեջ էի ինքս ինձ հետ, փորձում էի նորից և ավելի մանրամասն հասկանալ ինչի մասին է խոսքը` մինչև, որ հաջորդ օրը պաշտոնական ներկայացուցչի հետ զրուցեցի և հասկացա ամեն ինչ:

-Հայ տղամարդը նկարահանվում է PlayBoy ամսագրի համար, իսկ այդ ամսագրի համար նախատեսված բոլոր լուսանկարները մերկ կամ կիսամերկ են լինում։ Այդ ամենը Հայաստանաբնակներից շատերի համար ընդունվեց որպես աբսուրդ։ Լրատվամիջոցներն այդ ամենը վերագրեցին պոռոգրաֆիայի։ Ի՞նչ կփոխանցեք նրանց։ Արդյո՞ք դա այդպես է:

-Թերևս ինձ համար` ամենակարևորն այն էր, որ նկատվել և գնահատվել էի Հայաստանյան սահմաններից դուրս։ Չկա ավելի հաճելի զգացողություն ինձ համար` քան գնահատված լինելն է։ Ամսագրի համար Հայաստանում բացասական կարծիքների ահռելի մեծ արձագանքներ գրանցվեցին, դրան ևս փորձում եմ նորմալ նայել։ Եթե դու քո անվան շուրջ կրում ես հայտնություն, բեմ, արտիստ, դու պիտի համարձակորեն պատրաստ լինես գրեթե ամեն ինչի: Հասարակությանը կփոխանցեմ հետևյալը. Իմ անվան և հեղինակության շուրջ գրեթե միշտ հնչել են նման կարծիքներ, քանի որ ես ինքս պարփակված չեմ գործում, իսկ գործունեությունը պոռնոգրաֆիայի վերածելը` ամենամեծ հիմարությունն էր։

-Արդյոք ընկերական շրջապատում վատ չի անդրադարձել այն փաստը, որ Ձեզ վերագրեցին`որպես մերկացող երգչի, ով պատրաստվում էր մերկանալ X6 մակնիշի մեքենայի կամ 1.000.000$-ի առջև: Կարևորություն տալիս եք նման մարդկանց, հաշվի առնում եք նման կարծիքները, կամ արդյոք ընկերական շրջապատը մաղվել է:

-Պետք չէ արվեստը շբոթել պոռնոգրաֆիայի հետ. դրանք բավականին տարբեր հասկացողություններ են: Մարդիկ, ովքեր զարգացած են և քայլում են ժամանակի հետ համահունչ` կարծում եմ այս հարցում պետք է, որ գիտակ լինեն, իսկ իմ շրջապատում գրեթե բոլորն են էդպիսին: Երբե՛ք ֆինանսական խնդիրները լուծելու համար չե՛մ փորձի մերկանալ, ես և լավ ֆիրմային մեքենա ունեմ և լավ վարձավճար` աշխատանքիս դիմաց: Իսկ ընկերական շրջապատում դա ընդունվել է այնպես, ինչպես որ ընդունել եմ ես, գրեթե բոլորն են համակարծիք եղել ինձ հետ: Նշեմ նաև, որ ընկերներիս ցուցակը բավականին սահմանափակ է, կարելի ո ասել նրանք գրեթե միշտ կողքիս են, որի համար շնորհակալ եմ:

- Ըստ Ձեզ ինչպիսի՞ անձնավորություն եք դուք։ Որո՞նք են Ձեր ուժեղ և թույլ կողմերը։

-Որպես մարդկային անհատականություն` երբեք չեմ փորձում ինքս ինձ որակել, դա թողնում եմ Ձեզ, իսկ թույլ և ուժեղ կողմերը երբեք չեմ բացահայտում, կարծում եմ դա չափազանց սկզբունքային հարց է։

-Իսկ ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը։

-Երբեք դեմ չգնալ անձնական սկզբունքներին և չզիջել ոչ մեկի. առաջին հերթին ինքդ Քեզ հաղթիր, այդպես դու կհաղթես բոլորին...

-Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք այն հայ կանանց և տղամարդկանց, ովքեր ենթարկվում են հասարակական կարծիքներին և կարծրատիպերին։

-Նրանց երբեք խորհուրդ չեմ տա, քանի որ նրանք միշտ բախվել են և դեռ երկար կբախվեն հասարակական կարծիքներին։ Վերադաստիարակությունը գրեթե 99%-ով անհավանական երևույթ է։ Եթե մարդ ինքնին չկոտրվող է և ունի լսելի ձայն՝ նա հարգանքի է արժանի` անկախ սեռից: Հայաստանում կարծրատիպերը շատ ուշ են կոտրվում,  դա թողնում եմ ժամանակի հայեցողությանը...

Պատրաստեց Ժորա Պետրոսյանը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին