▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանտ Գզրարյան...Մոդել, ով պատրաստ է լինել բաց և համարձակ` պահպանելով սահմանները

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանում մոդելային ոլորտի վերաբերյալ կա կարծրատիպային մտածելակերպ: Այդ կարծրատիպերն էլ ավելի շատ են հատկապես տղամարդ մոդելների նկատմամբ: 25-ամյա Հրանտ Գզրարյանն արդեն մոտ երկու տարի է, ինչ աշխատում է որպես մոդել: Նա խոստովանում է, որ երբեք բարդույթներ չի ունեցել.

«Երբ նոր էի սկսել զբաղվել մոդելինգով, սկզբնական շրջանում այս ամենը հարազատներիս սրտով չէր: Դա, գուցե, բնական էր, որովհետև ամեն դեպքում մյուսների կարծիքն ազդել էր նրանց վրա: Ժամանակի ընթացքում հասկացան ինձ` տեսնելով, որ ունեմ հստակ սահմաններ, որոնք չեմ անցնում:  Ընդհանուր առմամբ, մեր երկիրն այդքան էլ զարգացած չէ: Կարծում եմ, որ մեր երկրի բնակչության մոտ 30%-ին դժվար կլինի անվանել զարգացած, բայց դրական տեղաշարժեր էլ եմ նկատում: Ես ինքս բարդույթներ չունեմ, չնայած գիտակցում եմ, որ չեմ կարող այնքան ազատ լինել, որքան կարող էի լինել արտերկրում աշխատելիս, թեպետ մասնակցել եմ տարբեր համարձակ ֆոտոշարքերի. խոսքն ավելի բաց լուսանկարների մասին է»,- Asekose.am-ին ասաց Հրանտ Գզրարյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հրանտը, չնայած որ երկար ժամանակ չէ, ինչ զբաղվում է մոդելինգով, սակայն այսօր ուրախությամբ կարող է փաստել, որ իր մոդելային գործունեության ընթացքում արդեն հասցրել է մասնակցել արտերկրում անցնակվող ցուցադրություններից մեկին:

«Իսպանիայում անցկացվող  նորաձևության շաբաթին մասնակցելու առիթ եմ ունեցել: Ներկայացրել եմ Կովկասը: Դրան մասնակցելու համար մինչ այդ մասնակցել էի նախապես հայտարարված քասթինգին և հաջողությամբ անցել էի այն: Ավելի վաղ աշխատել եմ որպես ֆոտոմոդել, սակայն, որպես այդպիսին, սա առաջին ցուցադրությունս էր: Ինչպես նաև առաջին անգամն էր, երբ երկիր էի ներկայացնում»:

Հրանտ Գզրարյանը թե նախքան մոդել հանդես գալը, թե ներկայումս զբաղվում է նաև ֆիթնեսով, ավելին` «Grig Fitnes Club» մարզասրահի սեփականատերն է: Նրա խոսքով` սպորտով զբաղվելն է նպաստել մոդելինգով զբաղվելու որոշում կայացնելուն.

«Քանի որ զբաղվում եմ ֆիթնեսով, բնականաբար, պարապմունքների ընթացքում ձեռք եմ բերել գեղեցիկ կազմվածք, ինչը, իհարկե, ներկայացնելու ցանկություն ունեմ: Ի վերջո, եթե տարիներ շարունակ տանջվում ես, ցանկանում ես նաև որևէ արդյունք գրանցել, հակառակ դեպքում ստացվում է, որ այս ամենն անիմաստ է:  Երբ ջանասիրաբար որևէ աշխատանք ես կատարում, ուզում ես, որ այն գնահատվի: Ես դա նախընտրում եմ անել մոդելինգի և դերասանության միջոցով»:

 

Հրանտ Գզրարյանը նշեց, որ թեպետ Հայաստանում ակնակալում է առաջարկներ ունենալ, բայց իր ապագան որպես մոդել տեսնում է արտերկրում.

«Հայաստանում գրեթե ամեն ինչն արվում է կամ ծանոթների միջոցով, կամ էլ այդ ամենի մասին տեղեկանում ես այն ժամանակ, երբ ամեն ինչ ավարտված է լինում: Ոլորտը Հայաստանում զարգացած չէ, իսկ արտերկրում պատկերն այլ է, հրավերներ կարող են լինել: Մեկնելու և արտերկրում աշխատելու նպատակներ ունեմ: Մասնավորապես ցանկանում եմ մեկնել ԱՄՆ կամ Իսպանիա: Չեմ կարող ասել, որ ցանկանում եմ մշտապես հաստատվել այլ երկրում, թեպետ ամեն ինչ կախված է առաջարկից: Ունեցել եմ առաջարկներ, որոնցից հրաժարվել եմ, քանի որ այդ հրավերները կարճաժամկետ էին»:

Հրանտը զրույցի ընթացքում նաև անդրադարձավ այն փաստին, թե որքանով կարող է տղամարդ մոդելը Հայաստանում լավ վարձատրվել.

«Իհարկե, մոդելները Հայաստանում լավ չեն վարձատրվում: Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Հայաստանում ներկայացվող բոլոր բրենդերն արդեն ունենում են գովազդային դեմքեր: Չնայած այս ամենին` ես ուզում եմ աշխատել հենց այս ոլորտում, քանի որ նախապատվությունս տալիս եմ ազատ ապրելակերպին, չեմ սիրում, երբ ինձ կառավարում են, սիրում եմ, երբ ես եմ լինում առաջնորդի դերում: Նշեմ, որ սովորել եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, ավելին` սկզբանական շրջանում նույնիսկ աշխատել եմ մասնագիտությամբ, սակայն ուզում եմ զբաղվել այն գործունեությամբ, որն ինձ երջանկացնում և դուր է գալիս: Հավելեմ նաև, որ հանդես եմ գալիս որպես դերասան: Նկարահանվել եմ գեղարվեստական ֆիլմերում, ինչպես նաև տարբեր հեռուստատեսային նախագծերում,  տեսահոլովակներում, սակայն դեռ  չեմ ստացել այնպիսի առաջարկ, որն ինձ կարող է հետաքրքրել»,- իր խոսքը եզրափակեց  Հրանտ Գզրարյանը:


Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին