civilnet.am-ը գրում է. Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Reddit քննարկումների սոցիալական հարթակում պատասխանել է օգտատերերի հարցերին՝ կապված Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին միտված իր նախաձեռնության հետ։ Սեպտեմբերի 22-ին Սփյուռքի և Հայաստանի մի շարք գործիչներ, այդ թվում Սերժ Թանկյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, դերասան Հրանտ Թոխատյանը և այլք change.org կայքում նախաձեռնել են «Արդարություն Հայաստանում» անունը կրող արշավ, որի նպատակն է նպաստել Հայաստանում ազատ և արդար ընտրությունների կայացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը։
Reddit-ի օգտատերի հարցին, թե որքանով է իր կապը ուժեղ Հայաստանի հետ, Թանկյանը պատասխանել է, որ իր կինը Հայաստանից է, և իրենք փորձում են ամեն տարի այցելել, թեև հիմնականում երկու տարին մեկ են գալիս Հայաստան․ «Մենք այնտեղ չենք բնակվում, ծրագրում ենք մի օր բնակվել։ Ամեն անգամ գնալիս 2-4 շաբաթ մնում ենք»։
Մեկ այլ օգտատեր, որը ներկայանում է Հայաստանում բնակվող ամերիկահայ, հարցնում է, թե ինչպես է Սերժ Թանկյանը պատկերացնում իր բարձրացրած խնդիրների լուծումը։
«Մենք աշխատում ենք քաղաքացիական այլ կազմակերպությունների ու խմբերի հետ այդ նպատակին հասնելու համար։ Ամենայն հավանականությամբ դա կդրսևորվի ընտրություններում դիտորդություն անող կազմակերպությունների համար միջոցի դեր ստանձնելում և այլ ծրագրերում։ Երբ մեր հաջորդ քայլը որոշենք, change.org-ում նոր նախաձեռնություն կունենանք»,- ասում է Թանկյանը։
«Սասնա ծռեր» խմբի գործողության մասին Թանկյանին հարցնում են, թե արդյոք նա կարծում է, որ դա իշխանությունների վրա հավելյալ ճնշում էր, որ նրանք այլ տարբերակ չունեն, քան պայքարել կոռուպցիայի դեմ․
«Կարծում եմ՝ «Սասնա ծռերի» իրադարձություններն ի դերև հանեցին մարդկանց դժգոհությունը, և իշխանությունները հասկացան, որ զայրույթի մակարդակը կարող է բարձրանալ, և որոշ փոփոխություններ են անում։ Սակայն կարծում եմ՝ նրանք խորապես վստահ են, որ իրավիճակը վերահսկում են, և չեն շտապի իրական փոփոխությունների, քանի դեռ մենք բոլորս շարունակական ճնշում չգործադրենք»։
«Մենք բոլորս պետք է անենք՝ ինչ կարող ենք, որպեսզի Հայաստանի իշխանություններին ստիպենք անելու ճիշտ բաները և փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի քաղաքացիների համար հավասարություն ապահովելու գործում։ Ես իսկապես կարծում եմ, որ ժողովրդի կամքը վերջիվերջո հաղթելու է, որովհետև անհնար է երկար իշխել՝ չունենալով ժողովրդի կամքը»։
Ի՞նչ պետք է անմիջապես փոխվի/բարեփոխվի Հայաստանում, որպեսզի բնակչությունն ավելի լավ կյանք ունենա։ Այս հարցին Թանկյանը պատասխանում է` առաջնային է, որ ներկայիս իշխանությունը անմիջապես բարեփոխի ընտրական գործընթացները։ «Նրանք համաձայնել են հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները, սակայն շատ ավելին է պետք անել, օրինակ՝ տեղադրել տեսախցիկներ և դյուրացնել տեղում դիտարկումը։ Նաև պետք է մարդկանց իսկապես ապացուցեն, որ արդարությանը լուրջ են վերաբերվում՝ դատարաններում ապահովելով իրական արդարադատություն և ստեղծելու տնտեսական պայմաններ մարդաթափման ներկայիս ընթացքը շրջելու համար»։
Սերժ Թանկյանը նշել է, որ change.org-ում հաջորդ արշավը և ավելի կոնկրետ գործողությունների իրենց հայտարարությունը կվերաբերի ընտրություններին և քաղաքացիական գործընթացներին ներկա լինելուն։ «Դա նշանակում է լինել այնտեղ՝ ընտրատեղամասերում, քաղաքացիական միջոցառումներին և փողոցներում, որ եթե և երբ հարկավոր լինի, գործենք հանուն խաղաղ, կառուցողական փոփոխության»։
Հարցին, թե արդյոք ինքը երբևե խորհե՞լ է Հայաստանում կամ այլուր քաղաքական գործունեությամբ զբաղվելու մասին՝ ներսից բարեփոխումներին նպաստելու համար, Թանկյանը պատասխանում է, որ ինքն իր ոչ կուսակցական/ակտիվիստական գործով ավելի մեծ ազդեցություն և շրջանակ ունի։
Օգտատերերից մեկն ասում է, որ ոչինչ չգիտի Հայաստանի մասին, բայց պատրաստ է միանալ Թանկյանի ցանկացած նախաձեռնության և հարցնում է, որտեղից տեղեկանալ Հայաստանի ներկայիս քաղաքական վիճակի մասին։
«Ես կսկսեի կարդալ առցանց նորություններ Հայաստանի քաղաքական իրավիճակի մասին։ Գուգլի սովորական որոնումը կարող է լավ մեկնարկ լինել։ Հայաստանում գտնվող լավ լրատվական ռեսուրս են Hetq.am-ը և CivilNet.am-ը։ Հուսով եմ՝ դա կօգնի»։
Հարցին՝ ինչպես կարող է Սփյուռքը նպաստել Հայաստանում իրավիճակի բարելավմանը, Սերժ Թանկյանը պատասխանում է․
«Սփյուռքը Հայաստանի համար մշտապես եղել է տնտեսական խթանի և ներդրումների անհավանական աղբյուր, բայց ոչ երբեք երկրի ներսում քաղաքական ազդեցության աղբյուր։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ աշխարհասփյուռ հայերը ավելի անմիջականորեն կապվեն իրենց հայրենիքի հետ և Հայաստանի ժողովրդի համար ձգտեն դառնալ արժեքավոր քաղաքական ակտիվ։ Մենք բոլորս եղբայրներ ու քույրեր ենք աշխարհում, և հայերի մեծ մասն ապրում է Սփյուռքում»։
Թանկյանին հարցնում են նաև, թե արդյոք Հայաստանի կառավարությունում նոր փոփոխությունները կարող են ինչ-որ բան փոխել, թե դա ևս մեկ խաբկանք է․
«Ժամանակը ցույց կտա, թե արդյոք կառավարության նոր անդամները փոփոխություններ կբերեն։ Խնդիրն այն է, որ առնվազն փոփոխություն է արվում մեղմելու ճնշումը։ Դա նշանակում է, որ ճնշումն ուժեղ է, և իշխանությունները քաջատեղյակ են այդ մասին»։
Թանկյանը խոսում է նաև Հայաստանի տարածաշրջանային խնդիրների մասին, նշում Իրանի հետ հարաբերությունների կարևորությունը, Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման և Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը։ Ղարաբաղի ճանաչման հարցի հետ կապված նշում է, որ Հայաստանը կճանաչի, եթե կարգավորման գործընթացը տապալվի, բայց չի ճանաչում, որպեսզի խաղաղ ելք գտնվի խնդրին։
Հայաստանում Ռուսաստանի դերի մասին Թանկյանն ասում է, որ դա շատ բարդ հարց է, քանի որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի բազմաթիվ քաղաքական, տնտեսական և սոցիալական կապեր։ «Ինչպես ես ասել էի Հայաստանում՝ բեմի վրա՝ 2015-ի ապրիլի 23-ին, Հայաստանն ու Ռուսաստանն իրար պետք է վերաբերվեն որպես հարևաններ, ոչ թե որպես հաճախորդ և գերտերություն։ Ռուսաստանի հետ բաց հարաբերությունները պահպանելով՝ Հայաստանի համար սխալ չէ բացել հարաբերությունները Եվրոպայի և Արևմուտքի հետ»։
Թանկյանը խոսում է այլևայլ թեմաների մասին։ Նշում է, օրինակ, որ կողմնակից է ոստիկանների գրպանների վրա պարտադիր տեսախցիկներին։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Ստորև՝ Սերժ Թանկյանի խոսքը 2015թ․ ապրիլի 23-ին Երևանում տեղի ունեցած System of a Down խմբի համերգից հետո․