▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անհապաղ դադարեցնել «Ամենակարող երգիչը» նախագծի ցուցադրումը». Change.org կայքում հանրագիր է զետեղվել

Change.org կայքում հանրագիր է զետեղվել «Ամենակարող երգիչը» նախագծի ցուցադրումը անհապաղ դադարեցնելու պահանջով, հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հարգարժան անդամներ, այն որ ռաբիս երաժշտությունը բոլորս էլ լսում ենք հարսանիքների, կամ քեֆ - ուրախությունների ժամանակ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, սակայն այդ բոլորովին չի նշանակում, որ պետք է բերենք ու ներկայացնենք իբրև մշակութային ճյուղ: Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է իր լսարանի համար պատրաստել և հրամցնել մշակութային բարձր արժեք ներկայացնող հաղորդումներ, քանզի նրա գործունեության հիմնական նպատակը կայանում է՝ հասարակությանը կրթելու և զարգացնելու առաքելության մեջ, իսկ նման նախագծերը ուղղակի կործանարար ազդեցություն կարող են ունենալ նույն այդ արժեքների համար:

Եթե այլ հեռուստաընկերություններ, որոնց եթերները նույնպես լցված են աղբով, քիչ թե շատ անկախ են ու ենթակա չեն ժողովրդի պահանջի իրագործմանը, ապա Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է հաշվի նստել իր լսարանի պահանջի հետ, քանի որ այն ֆինանսավորվում է պետական բյուջեից: Այլ կերպ ասած, նրանք օգտագործելով և վատնելով մեր գումարները, մեզ են ներկայացնում իրենց ճաշակին համապատասխան, հաղորդում:

Հանրային հեռուստաընկերությունը պետք ու իրավունք չունի ընկնել ռեյթինգի հետևից, քանզի այն ֆինանսավորվում է բացառապես Հայաստանի հանրապետության բնակչության միջոցներով: Հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ վերը նշված նախագիծը իսկական սպանդ է հայ մշակույթի հանդեպ, պահանջում ենք անհապաղ դադարեցնել այդ հաղորդման ցուցադրումը, քանի որ մենք ունենք դրա իրավունքը:
Վերը նշված նախագիծը լուրջ վտանգ է ներկայացնում հայ մշակույթի զարգացման համար ու հարուցում ՀՀ բազմահազար քաղաքացիների մտահոգությունը, հետևաբար խնդրում ենք ձեռնարկել համապատասխան միջոցներ և այս հարցին որևէ լուծում տալ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին