Armlur.am-ը գրում է.
Շուրջ կես տարի առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Թատրոն 32»-ում օր օրի նոր սցենարներ են գրվում, որոնք, սակայն, այդպես էլ մնում են թղթի վրա: Դրանք կյանքի կոչելու համար ֆինանսներ են անհրաժեշտ, իսկ մասնավոր միջոցներով դա ապահովելը բավական դժվար է: Թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Վահագն Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ իրավիճակը չի փոխվել, ավելին` սրվել է: Մենք պարզել ենք` ինչ խնդիրների առջեւ է այսօր կանգնած «Թատրոն 32»-ը, եւ արդյոք այն փակման վտանգի տակ է:
-Վահա՛գն, Ձեր թատրոնում առաջիկայում նոր ներկայացում կլինի՞:
-Նոյեմբերին հանդիսատեսի դատին կհանձնենք իմ ու Ռաֆայել Երանոսյանի` սթենդ-ափ ժանրի հումորային շոու-ներկայացումը: Մենք հանդես կգանք ոչ թե դուետով, այլ առանձին-առանձին: Իսկ հիմա թատրոնում ակտիվություն չկա. ֆինանսական ծանր իրավիճակ է: Մենք էլ համապատասխան միջոցներ ենք փնտրում: Սա պետական թատրոն չէ, այլ մասնավոր, ինքնաֆինանսավորվող կառույց: Նմանատիպ թատրոն պահելու համար անհրաժեշտ է դիմել գովազդի օգնությանը, իսկ դա թանկ հաճույք է: Ներկայացումների տոմսերից ստացված գումարն էլ հազիվ հերիքում է դերասանների աշխատավարձերին ու կոմունալ վճարումներին: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կրճատումների ես դիմում. եթե առաջին ներկայացման շրջանակում ընդգրկված էր 16-17 դերասան, հիմա ամեն բան մնացել է երկու հոգու` իմ ու Ռաֆայելի ուսերին:
-Երբ հիմնում էիք թատրոնը, պատկերացնո՞ւմ էիք, որ նման խնդրի առջեւ կկանգնեք, թե՞ այլ սպասելիքներ ունեիք:
-Այդ խնդիրը միշտ էլ կա, բայց հարկավոր է պայքարել` դրան դեմ-հանդիման չկանգնելու համար: Արվեստն է մեր գործը, մեր խաչը: Մենք չենք կարող թողնել այն ու ասել` դե լավ, հիմա էլ փուռ կբացենք կամ ավտոլվացման կետ: «Թատրոն 32»-ը մենք կայացրինք սեփական ուժերով, ընկերական հիմունքների վրա, բայց այդ ամենը շարունակվել չէր կարող. գալիս է մի պահ, որ ով աշխատում է, պետք է վարձատրվի: Հիմա ավելի լավ է՝ կանգ առնենք, հասկանանք, թե որն է լինելու մեր հաջորդ քայլը, քան վատ որակի, էժան ներկայացում բեմադրենք: Մենք մեզ նման բան թույլ չենք տա, հատկապես այն պարագայում, երբ գիտենք, թե ինչ հնարավորություններ ու ներուժ ունենք:
-Քաղաքական դեմքերի դիմե՞լ եք, հովանավորներ փնտրե՞լ եք: Գուցե այդ առումով պետք է մի քիչ ակտիվանա՞ք:
-Ոչ մեկի դուռը չենք ծեծել: Ով սիրում է այն ամենը, ինչ մենք անում ենք, նա էլ կարող է հովանավոր կանգնել դրան: Ցավն այն է, որ մենք հումորիստ ենք, իսկ մեզ լուրջ չեն ընդունում, մտածում են` խնդցնող, ջրիկ տղերք ենք: Եթե օբյեկտատեր լինեինք, գուցե կարգին մարդ համարվեինք…
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում