▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես փողի հետևից չեմ վազում. Ելենա Վարդանյան

Life.panorama.am-ը գրում է. Կայքն այսօր զրուցել է Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանի հետ, ով հեռուստադիտողին ծանոթ է մեծամասամբ իր վառ, սեքսուալ ու համարձակ կերպարներով:

Վերջին շրջանում դերասանուհին հեռուստադիտողին էր ներկայանում «Դոմիո» սիթքոմում, ուր մարմնավորում էր հերոսներից մեկի՝ Նորիկի տնօրենի դերը, սակայն սիթքոմի նոր եթերաշրջանում Ելենային հեռուստադիտողն այլեւս չի տեսնի.

«Ինձ շատ հաճելի էր աշխատել այս թիմի հետ, իսկապես գերագույն հաճույք եմ ստացել, բոլորն էլ շատ խելացի էին, տաղանդավոր ու ամեանակարեւորը՝ պոզիտիվ: Ցավոք, իմ կերպարի գիծն այս սիթքոմում մոտեցավ իր ավարտին, հերոսուհիս այլեւս անելիք չունի այստեղ, քանի որ նոր եթերաշրջանում նոր ու շրջադարձային փոփոխություններ են տեղի ունեցել: Այնպես որ, այսուհետ ես էլ հեռուստադիտողի նման հեռուստացույցով կհետեւեմ իմ սիրելի սիթքոմի զարգացումներին»,- մեզ հետ զրույցում պատմեց Ելենան:

Հարցին, թե դերասանուհին այլ նախագծերից առաջարկներ չունի՞ արդյոք, պատասխանեց.

«Այս պահին հարմար առաջարկ չկա: Իհարկե, վերջերս եղան մի քանիսը, սակայն դրանք այնքան էլ ինձ չհետաքրքրեցին ու որոշեցի մինչ ինձ համար հարմար առաջարկ ստանալը, որոշակի ընդմիջում հայտարարեմ ինքս ինձ համար եւ ողջ ուժերս կենտրոնացնեմ իմ հարազատ թատրոնի վրա»:

Մեր հարցին, թե առաջարկ ստանալիս այն ընդունելու հարցում Ելենա Վարդանյանն ամենաշատն ի՞նչն է կարեւորում, եւ այս պարագայում ի՞նչ դեր ունի ֆինանսական կողմը, դերասանուհին նշեց.

«Ես փողի հետեւից չեմ վազում, ինձ համար կարեւոր է նախագծի որակը՝ ռեժիսորը, դերասանական կազմն ու տվյալ արտադրանքի գաղափարը: Իհարկե, քիչ կարեւոր չէ նաեւ ֆինանսական կողմը, բայց այսքան ժամանակ այդ առումով ես խնդիրներ չեմ ունեցել՝ մշտապես թե ինձ, թե առաջարկող կողմին գոհացրել է մեր համագործակցությունը: Ես երբեք փողի համար չեմ համաձայնի խաղալ մի նախագծում, որն ինձ դուր չի գա, ու նաեւ չեմ հրաժարվի լավ նախագծից, եթե այնտեղ քիչ են վարձատրում»:

Գրեթե միշտ հումորային նախագծերում ներկայացած դերասանուհին առաջարկների դեպքում չի հրաժարվի դրամատիկ դերերից.

«Այո, այնպես է ստացվել, որ մեծամասամբ հումորային նախագծերում եմ հանդես եկել. շատ եմ սիրում այդ բնագավառը, անգամ կարծում եմ, որ հումորային կերպար կերտելը  շատ ավելի դժվար է, քան դրամատիկ հերոս խաղալ: Այնուամենայնիվ, ես դերասանուհի եմ ու ինձ հաճելի կլինի այլ ժանրերում եւս ներկայանալ: Ամեն ինչ կախված է նախագծից ու գաղափարներից»,- նշեց նա:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին