Երգչուհի Շպռոտը, ով արդեն բավական երկար տարիներ է, ինչ բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Asekose.am-ի հետ բացառիկ զրույց է ունեցել:
Վերջինս զրույցում խոսել է անձնական կյանքի, հեռավորության և կարոտի, նոր տեսահոլովակի, ինչպես նաև մշտապես քննադատված լինելու մասին:
Շպռոտ, հետաքրքիր է՝ ինչպե՞ս է անցնում Ձեր առօրյան օվկիանոսից այն կողմ։
Այսօր իմ օրը բացառապես հագեցած է աշխատանքով, դե իսկ հանգստյան օրերին ժամանակս սիրով անցկացնում եմ ընկերներիս հետ։
Մի քանի տարի է, ինչ կարծես դադարել եք նոր երգեր ներկայացնել և տեսահոլովակներ նկարահանել։ Հետաքրքիր է՝ ե՞րբ կկոտրեք այդ լռությունն ու արդյոք նախատեսում եք ներկայացնել որևէ աշխատանք։
Արդեն իսկ ցանկություն կա լռությունը կոտրելու, իսկ ցանկության հետ մեկտեղ նաև աշխատանք։ Նոր տեսահոլովակ ենք պատրաստել, որի ռեժիսորը հենց ես եմ։ «Կտրիճ Դավո» երգը նոր տարբերակով կներկայացնենք DJ Lazzaro-ի հետ։ Այնպես որ, շուտով... )
Համացանցում հաճախ կարելի է տեսնել գրառումներ, որտեղ նշվում է, որ դուք դիմել եք մի շարք պլաստիկ վիրահատությունների։ Շատերի կարծիքով դրանք շատ են, մյուսներն էլ կարծում են, որ տեղին ու գեղեցիկ են։ Հետաքրքիր է՝ հետևո՞ւմ եք այդ ամենին և, առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերում քննադատություններին։
Ասեմ, որ վաղուց չեմ հետևում, թե ինչ են գրում իմ մասին համացանցում։ Բացասականը վաղուց սկսել եմ մոտ չթողնել ինձ։
Վերջերս աչքիցս չվրիպեց մի հրապարակում, որում համեմատականներ էին անցկացնում Ձեր և Քիմ Քարդաշյանի միջև։ Բացի դրանից, Ձեզ «մեղադրում էին» նաև Քարդաշյանին նմանակելու մեջ։ Ի՞նչ կասեք այս մասին։ Դուք տեսնո՞ւմ եք որևէ նմանություն։
Անկեղծ ասած՝ շատ կցանկանայի նման լինել Քիմին... իր հաջողություններով ու ինչու չէ նաև սիրունիկ մռութիկով։ Ի տարբերություն Քիմի՝ իմ հետևամասն իմ բնականն է։
Այսօր Հայաստանում ապրող Ձեր երկրպագուներին շատ է հետաքրքրում Ձեր անձնական կյանքը։ Սիրելի երգչուհու սիրտը զբաղվա՞ծ է։
Ասեմ, որ իմ կյանքում այս պահին դեռ տղամարդ չկա։ Իմ սիրտն ազատ է։
Մոտ ապագայում հայրենիք այցելելու ցանկություն և պլաններ կա՞ն։
Հայրենիք այցելելու ցանկություն միշտ էլ եղել է ու կա, իսկ մոտ ապագայում կիրագործեմ այն ու կլինեմ Հայաստանում։
Կա՞ մի բան, որ կցանկանաք ասել զրույցի վերջում։
Երևի թե այն է, որ շատ կարոտել եմ իմ Երևանն ու իմ հայրենակիցներին։ Բոլորին ջերմ ողջույններս ու համբույրներս։
Ա. Հարությունյան