Երբ ԶԼՄ-ները նոր էին սկսել հայտնել մոդել Իրինա Շեյքի և ֆուտբոլիստ Քրիշտիանո Ռոնալդուի բաժանման մասին, որպես իրենց խոսքերի երաշխիք նշում էին այն փաստը, որ աշխարհահռչակ երկու դեմքերը Instagram-ի իրենց էջերում այլևս միմյանց չեն հետևում: Որքան էլ որ տարօրինակ է թվում, բայց հենց այդ հանգամանքն էլ շատերին ստիպեց հավատալ, որ հայտնի աստղային զույգն իսկապես բաժանվել է, ինչը հետագայում նաև հաստատվեց հենց նրանց կողմից:
Ինչ խոսք, վերը նշված օրինակը ևս մեկ անգամ հաստատում է, որ 21-րդ դարում` առավելապես մեր օրերում, սոցցանցերը դադարել են ոչ իրական` վիրտուալ լինել: Ընդամենը մեկ հպման շնորհիվ համացանցային հարթակում մարդիկ երբեմն բառիս բուն իմաստով շփոթում են իրականն ու ոչ իրականը, միմյանց սեր խոստովանում, վիճում, ինչ-որ բաներ հասկացնում և այդպես շարունակ: Նույնիսկ մեր օրերը լավագույնս ներկայացնող անեկդոտներից մեկի համաձայն` տարիներ անց երեխաները մանկապարտեզում միմյանց պետք է հարցնեն, թե իրենց ծնողները որ սոցիալական ցանցում են միմյանց հետ ծանոթացել:
Իհարկե, համացանցային առօրյան չէր կարող չներխուժել նաև հայկական շոու բիզնես, հատկապես որ երկար տարիներ է, ինչ այդ տիրույթում միմյանց դեմ պատերազմում են Սիրուշոյի և Լիլիթ Հովհաննիսյանի մոլի երկրպագուները` փորձելով հասկանալ, թե ով է հայկական փոփի թագուհին, ով է ում նմանակում և ում դիտումներն են ավելի շատ:
Պետք է փաստենք, որ չնայած իրենց երկրպագուների հայտարարած ոչ պաշտոնական պատերազմին` երգչուհիները, կարծես թե, խնդիրներ երբեք չեն ունեցել, ավելին` հարցազրույցներից մեկում Սիրուշոն նշել էր, որ շատ է գնահատում Լիլիթ Հովհաննիսյանի աշխատասիրությունը և միշտ նորարությամբ հանդես գալու մեծ ցանկությունը:
Չեմ թաքցնի, որ այդ հարցազրույցից հետո փորփրել էի երգչուհիների Instagram-ի էջերը և նկատել, որ համացանցային տիրույթում նրանք միմյանց հետևում են, սակայն օրերս նկատեցի, որ դա միայն նախկինում էր: Եթե հիմնվենք Շեյքի և Ռոնալդուի օրինակի վրա, կարող ենք եզրակացնել, որ Սիրուշոյի և Լիլիթ Հովհաննիսյանի միջև սև կատու է անցել, ինչը, թերևս, դժվար թե հաստատվի կամ հերքվի երգչուհիների կողմից, որովհետև հայկական շոու բիզնեսում ամեն ինչ թվացյալ խաղաղ և համերաշխ է:
Հեղինակ` Ա. Մաթևոսյան