▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուզված զինվորներ, քոչարի պարող Շուշան Պետրոսյան... Ամանորյա գիշերը` անմիջապես սահմանից

Ամանորյա ավանդական երգ ու պարը ոչ ավանդական մթնոլորտում, սակայն, թերևս, հայրենիքի ամենաթանկ անկյուններից մեկում` Արցախի Տիգրանակերտում՝ դիրքերից ոչ հեռու. ահա այսպիսին է լինելու Երկիր Մեդիայի տոնական թողարկումը:

«Գնացինք սահման, որպեսզի ավելի մոտ լինենք մեր զինվորներին, ավելի լավ պատկերացնենք այդ մթնոլորտը: Նկարահանումն իրականացրինք Տիգրանակերտի ամրոցում: Մեզ հետ էին հեռուստաընկերության հաղորդավարական ողջ անձնակազմը, տեխնիկական թիմը, ինչպես նաև միացել էին երգիչ-երգչուհիները` մոտ 25 հոգի»,-այս մասին Asekose.am-ին հայտնեց ռեժիսոր Արման Պետրոսյանը:

Իսկ տոնական նկարահանման գլխավոր հյուրերը, իհարկե, ապրիլյան քառօրյանին մասնակցած և զորացրված տղաները, ծառայության մեջ գտնվող զինվորներն ու սպաներն էին:

«Դժվար էր, բավական ցուրտ էր, պայմաններ չկային, սակայն հատկապես  հաշվի առնելով ապրիլյան դեպքերը, այն համախմվածությունը, որ ունեինք այդ օրերին,  որոշեցինք ավանդական «օգոնյոկ»-ը հենց այդ ձևով իրականացնել:  Գլխավոր նպատակը մեր զինվորների կողքին, սահմանին լինելն էր,  Արցախի հողերը զգալն էր, ինչպես  նաև` տղաներին ոգևորելը: Այս մտահաղացման հեղինակը Երկիր Մեդիայի տնօրինությունն էր, ես էլ այդ ամենը որպես ռեժիսոր իրականացնողն էի»,-նշեց Արման Պետրոսյանը:

Վերջինիս խոսքով` աշխատանքային լարվածության պատճառով  ամեն ինչ ամբողջապես չէր գիտակցում, սակայն արդեն Երևանում տեսնելով վերջնական արդյունքը` աշխատանքից և ստեղծված մթնոլորտից  շատ գոհ է.

«Ամեն ինչ շատ անմիջական մթնոլորտում էր նկարահանվել: Օրինակ` շատ հուզիչ էր տեսնել, թե ինչպես է Շուշան Պետրոսյանը զինվորների հետ քոչարի պարում, իսկ Արփի Շահնուբարյանը զինվորների հետ կենաց խմում և ուրախանում: Շատ տպավորիչ հատված էր, երբ Փոքրիկ ղարաբաղցի Միկան երգում էր «Մեր անունն է հայկական բանակ» երգը: Չեմ կարող նկարագրել, թե ինչ տրամադրություն էր այդ պահին ներկաների մոտ, հաղորդավարներից երկուսը նույնիսկ չկարողացան զսպել իրենց և բեմ բարձրացան: Թերևս, երգիչ-երգչուհիներն այդ ամենը շատ ավելի լավ կնկարագրեն: Նրանք զինվորների հետ միասին նստել էին սեղանների շուրջ, զրուցել, երգել և պարել: Իհարկե, առավելապես գերիշխում էր ռազմահայրենասիրական ոգին, բայց ընդհանուր առմամբ այնպես չէր, որ պետք է հնչեին միայն այդ ոճի երգեր: Նշեմ` բոլոր երգիչ-երգչուհիներն էլ (Շուշան Պետրոսյան, Լեյլա Սարիբեկյան, Ներսիկ, Արաբո, Աղասի Իսպիրյաններ, Արփի, և այլք) եկել էին անշահախնդրորեն, մեծ ոգևորությամբ, սիրով ընդունել էին առաջարկը` նույնիսկ եղան այնպիսինները, ովքեր պատրաստակամություն հայտնեցին իրենց միջոցներով գալ (խոսքը փոխադրամիջոցի մասին է): Միայն չէին եկել այն մարդիկ, ովքեր այդ օրերին վատառողջ էին»:

Արման Պետրոսյանի փոխանցմամբ` այս ոգևորությունը անցել էր նաև զինվորներին.

«Ես կարծում եմ, որ զինվորներին նաև շատ հաճելի էր շփումը հաղորդավարների, երգիչ-երգչուհիների հետ, չէ որ մինչ այդ, օրինակ` նրանք չէին կարող պատկերացնել, որ կարող են նստել Լուսինե Բադալյանի կողքին: Ես դա ասում եմ` որպես նախկին զինվոր: Գուցե պարզ միտք եմ արտահայտում, բայց, այնումանենայնիվ, դա այդպես է: Ես կարծում եմ, որ մեզ հաջողվել է նրանց այդ դրական հույզերը փոխանցել, տղաներն իսկապես գոհ էին, փայլ էինք տեսնում նրանց աչքերի մեջ: Ես էլ իմ հերթին եմ գոհ և շնորհակալ բոլորին»,-իր խոսքը Asekose.am-ի հետ եզրափակեց ռեժիսոր Արման Պետրոսյանը:

Հավելենք, որ այս թողարկումը` անմիջապես սահմանագլխից, կարող եք դիտել Երկիր Մեդիայի եթերում տոնական գիշերը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին