Ինչպես տեղեկացնում է asbarez.com–ը՝ համաշխարհային հայտնիություն ունեցող բրիտանացի կոմպոզիտոր, երգիչ Էլթոն Ջոնը և կանադացի կինոռեժիսոր Դևիդ Ֆըրնիշը փետրվարի 26–ին կայանալիք «Օսկար» ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը նախորդող երեկոյին կներկայացնեն Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» (The Promise) ֆիլմը:
Ըստ Էլթոն Ջոնի՝ ինքը հայերի ցեղասպանության մասին տեղեկացել է Մանուկյան ընտանիքի և Կալիֆոռնիայի համալսարանի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանի հետ ընկերության շնորհիվ։
«Ինձ համար պատիվ է ծանոթացնել հանրությանը Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի հետ: Այս ֆիլմը կարևոր է նրանով, որ թույլ է տալիս ուսումնասիրել և հիշել անցյալի սարսափները»,– նշել է երգիչը։
Տեղեկացնենք նաև, որ «Խոստում» ֆիլմի ստեղծողների թիմը որոշում է ընդունել ցուցադրությունից ստացված եկամուտները նվիրաբերել ոչ առևտրային կազմակերպությունների, այդ թվում` Էլթոն Ջոնի ՁԻԱՀ/ՄԻԱՎ–ի դեմ պայքարի հիմնադրամին և մարդու իրավունքների պաշտպանության այլ կազմակերպությունների։
Հիշեցնենք, որ «Խոստում» ֆիլմը, որի ռեժիսորն ազգությամբ իռլանդացի Թերի Ջորջն է, ֆինանսավորել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը: