Life.panorama.am-ը գրում է. Մարտի 31-ից «Արմենիա» հեռուստաընկերությամբ կմեկնարկի Արտյոմ Հակոբյանի «3/Off» ժամանացային հաղորդումը, որի ձեւաչափի համաձայն՝ հայտնիները կհայտնվեն անսպասելի ու ծիծաղաշարժ իրավիճակներում եւ մեզ ծանոթ խաղերով կմրցեն միմյանց դեմ:
Կայքը հաղորդման գաղափարի, նկարահանումների ընթացքի եւ այլ մանրամասների մասին տեղեկացել է Արտյոմ Հակոբյանից:
«Այս նախագիծը մեր երկրում անելու գաղափարն իմն է, բայց ինքնին նախագիծը նորույթ չէ: Այսինքն՝ նմանատիպ նախագծեր տարբեր երկրների հեռուստաալիքներում կան: Ինչ խոսք, նախագծի խմորման փուլում բավականին մեծ էին մտահոգությունները, սակայն այսօր ուրախությամբ պետք է ասեմ, որ մեզ մոտ այս աշխատանքը բավականին լավ ստացվեց: Երբ ունեի այս գաղափարը ներկայացրի «Արմենիա» հեռուստաընկերությանը, առաջին փորձնական հաղորդումը նկարահանելուց հետո, հաղորդումը հավանության արժանացավ ու երկարատեւ քննարկումներից եւ շտկումներից հետո սկսեցինք արդեն մեր մեծ թիմի հետ աշխատել: Վեց ամիս է, որ այս նախագծի վրա աշխատում ենք, փորձել ենք ամեն մանրուքի ուշադրություն դարձնել լավ արդյունք ունենալու համար»,- պատմեց հաղորդավարը:
Խոսելով հաղորդման ձեւաչափի մասին՝ Արտյոմը մանրամասնեց. ««3/Off»-ը խաղ է՝ բաղկացած հինգ փուլերից, որոնց մեջ մտնում են տարբեր առաջադրանքներ ու խաղեր: Երկու թիմ է, ամեն մեկում երեքական մասնակից: Նրանք հայտնվում են տարբեր հետաքրքիր ու շատ ծիծաղաշարժ իրավիճակներում, երբ սկսում են խաղալ այսօրվա մեզ հայտնի ու նաեւ մեր մանկության բակային խաղերը»:
Հետաքրքրվելով, թե մեր հայտնիները ինչպե՞ս են իրենց դրսեւորում եւ արդյոք բարդույթներ չեն ունենում նկարահանումների ընթացքում, պատասխանեց.
«Հյուրերի ընտրության առումով որոշ չափով դժվարություններ կան, քանի որ պետք է միանգամից վեց՝ շատ զբաղված մարդկանց կտրել իրենց գործերից: Ի դեպ, մենք փորձում ենք հայտնրներին ընտրելիս, կենտրոնանալ թիմային աշխատանքի վրա: Օրինակ՝ որեւէ հաղորդման, ռադիոյի, թատրոնի կամ սիթքոմի երեք հոգանոց թիմը մրցելու է մեկ այլ հաղորդման կամ սիթքոմի երեք հոգանոց թիմի դեմ: Մեր հյուրերը, հրավերքը ստանալիս, սկզբում չեմ պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը, սակայն, երբ սկսվում է խաղը, ամբողջությամբ ներգրավվում են խաղի մեջ»:
Զրույցի ընթացքում անդրադարձանք նաեւ նախորդ տարի Արտյոմ Հակոբյանի հայտնի գրառմանը, որտեղ հաղորդավարն արտահայտել էր իր հիասթափությունն ու հայտարարել, որ պատրաստվում է լքել Հայաստանը: Հետաքրքրվելով, թե ինչպե՞ս կայացրեց չհեռանալու որոշումն ու նոր նախագծի նախաձեռնությամբ սկսեց զբաղվել, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Այս հարցին միանշանակ պատասխանելը բարդ է, բայց կփորձեմ այդպիսի պատասխան տալ՝ ես ուղղակի չհանձնվեցի, որոշեցի, շարունակել պայքարը, բայց արդեն իմ ձեւով եւ այն տարբերակով, որը ես գիտեմ, ունեմ ու կարող եմ անել: Ամեն դեպքում գնալը միշտ էլ կա, ես որոշեցի եւս մեկ անգամ փորձել ու հասկանալ, թե ինչ կարող է ինձ տալ չգնալը. կարծում եմ՝ այս պարագայում սա ավելի ճիշտ էր»:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝Եթե ինձ ազգի դավաճան ասող մարդ կա, բացահայտ ասում եմ՝ պատասխան եք տալու. Արտյոմ Հակոբյան