Արդեն տևական ժամանակ է, ինչ դուդուկահար Գևորգ Այվազյանը համագործակցում է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի հետ: Սկզբնական շրջանում Արամայիսը հանդես էր գալիս միայն որպես երիտասարդ երաժշտի տեսահոլովակների ռեժիսոր, սակայն ներկայումս զբաղվում է նաև նրա պրոդյուսերությամբ:
«Ես հիմնականում զբաղվում եմ ստեղծագործական մասով, ես բիզնեսմեն չեմ: Այսինքն` իմ անելիքը վերաբերում է տեսահոլովակների ռեժիսուրային, Գևորգի կերպարին և նմանատիպ հարցերին: Գևորգն էլ իր հերթին շարունակում է աշխատել և զարգացնել իր երաժշտությունը»:
Asekose.am-ի հետ զրույցում Արամայիսը նշեց, որ Գևորգ Այվազյանի վերջին հաջող համագործակցություններից մեկը եղել է հայտնի երգիչ Բոսսոնի հետ:
«Առաջարկը եղել է հենց Բոսսոնի կողմից, ով ծանոթացել էր Գևորգի աշխատանքներին համացանցի միջոցով: Քանի որ Բոսսոնը ևս պետք է մասնակցեր Մոսկվայում տեղի ունեցող «Տաշի շոու»-ին, ցանկություն էր հայտնել, որ Գևորգը նվագակցի իրեն, և միասին իր երգերից մեկի cover տարբերակը ներկայացնեն: Այդպես էլ սկսվեց մեր համագործակցությունը: Այստեղ պատրաստեցինք ամեն ինչ, ուղարկեցինք իրենց, շատ գոհ էին արդյունքից, որից հետո էլ մեկնեցինք Մոսկվա` այդ միջոցառմանը մասնակցելու նպատակով»,- Asekose.am-ին հայտնեց Արամայիս Հայրապետյանը:
Ըստ ռեժիսորի` Բոսսոնի հետ համագործակցությունը համացանցային նախագիծ է, օրեր առաջ էլ ներկայացրին «Efharisto» անվանումով տեսահոլովակը, որը հիմնված է համերգային ելույթի և հետնաբեմի կադրերի վրա: Արամայիսի խոսքով` այդ ամենը միտումնավոր է արվել.
«Որպես այդպիսին սա տեսահոլովակ չէ, այլ պարզապես իրենց համատեղ ելույթն է: Ի սկզբանե այդպես էինք որոշել, որովհետև տվյալ երգն արդեն ունի տեսահոլովակ, ըստ մեզ` այդքան էլ լավ չէր լինի նույն երգի հիման վրա նոր տեսահոլովակ ներկայացնելը: Սա հեռուսատատեսության համար չէ, կարծում եմ, որ նման համերգային կադրերի հիման վրա ստեղծված տեսահոլովակները պետք է համացանցում միայն ներկայացվեն»:
Արամայիսը չբացառեց, որ հետագայում Բոսսոնի և Գևորգի համագործակցությունը շարունակական կլինի, սակայն դեռևս որպես հստակ բան չկա:
«Հարցեր կան, որոնք քննարկման ենթակա են: Հնարավոր է, որ այս համագործակցությամբ տարբեր տեղեր ելույթ ունենան: Ժամանակը ցույց կտա, միայն կարող եմ ասել, որ Բոսսոնն իսկապես շատ էր հավանել հայկական դուդուկը, տպավորված էր: Ինչ վերաբերվում է Գևորգին, ապա կարող եմ նշել, որ այնպիսի նշաձող ենք սահմանել, որ նա ամեն անգամ էլ ավելի լավ աշխատանքներով ներկայանա, միշտ լինի ճիշտ տեղում և ճիշտ պահին: Առհասարակ, երբ ուսումնասիրում ենք Գևորգի անցած ուղին, հասկանում ենք, որ չկա աշխատանք, որի համար կարող ենք ափսոսալ, ինչ արել ենք, ծառայել է իր նպատակին»:
Արամայիսը նշեց, որ այս պահին էլ Գևորգ Այվազյանը նոր ստեղծագործությունների վրա է աշխատում, որոնցից մեկը կունենա տեսահոլովակ, իսկ մյուսը պարզապես կներկայացվի համացանցում, ինչպես նաև երաժիշտ այն կկարողանա հնչեցնել տարբեր միջոցառումների ժամանակ:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան