▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

20 տարի սիրահարված եմ Նելլի Խերանյանին. ինչպես Տիգրան Ներսիսյանն արձագանքեց այս անսպասելի խոստովանությանը

Օրերս Տիգրան Ներսիսյան և Նելլի Խերանյան զույգի մոտ եռատոն էր: Վաստակավոր արտիստները նշում էին իրենց 50-ամյակը, բեմական գործունեության և համատեղ կյանքի 30-ամյակը: Մայր թատրոնի բեմից ավելի լավ վայր եռատոնը նշելու համար, թերևս, դժվար էր պատկերացնել:  

Եվ ահա, մարտի 31-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում  սիրո, հուզմունքի, կյանքին հետադարձ հայացք գցելու հոբելյանական երեկո էր: Հավաքվել էին զույգի ընկերները, հարազատները և պարզապես մարդիկ, ովքեր սիրում և գնահատում են զույգին` ինչպես բեմում, այնպես էլ բեմից դուրս, ի վերջո, դահլիճում ինչպես ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց` տիգրանականները և նելլիականներն էին:

Թերևս, դահլիճում հավաքվածները վաղուց արդեն տեղյակ էին Տիգրան Ներսիսյան և Նելլի Խերանյան զույգի կյանքի և գործունեության մանրամասներին, սակայն սիրված դերասաններին նորովի բացահայտելը և նոր գույներով տեսնելը միշտ էլ հետաքրքիր է: Այդ նպատակով էլ երեկոն սկսվեց ամենասկզբից` ներկայացնելով օրվա մեղավորների ծնունդը, որի ընթացքում էկրաններին արխիվային եզակի կադրեր ներկայացվեցին, ապա բեմում հայտնվեցին Տիգրանը և Նելլին և միմյանց հետ նորից ծանոթացան: Ծանոթությանը հաջորդեցին շնորհավորական խոսքեր, երաժշտական կատարումներ Արամոյի, Էմմայի, Զարուհի Բաբայանի, Նունե Եսայանի և այլոց կողմից:

Բոլոր շնորհավորանքներից ամենատպավորիչը Վանաձորի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանինն էր, ով տարիներ շարունակ Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը և գեղարվեստական ղեկավարն էր: Վահե Շահվերդյանը հենց բեմից խոստովանեց, որ 20 տարի սիրահարված է Նելլի Խերանյանին, ինչին ի պատասխան Տիգրան Ներսիսյանն ասաց, որ դրանից վտանգ չի տեսել: Կատակին հաջորդեց Շահվերդյանի պատասխանը. «Հիմա գուցե այո, բայց նախկինում` ոչ»:

«Այս ինչ սարսափելի երկխոսություն է»,- այսպես էլ արձագանքեց դահլիճում գտնվող Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը:

Նշենք, որ այդքանով էլ ավարտվեց երեկոյի սրությունը, իսկ շնորհավորանքներից և պարգևատրումներից բացի ողջ երեկոն հագեցած էր արխիվային կադրերով, որոնք ներկաներին հնարավորություն տվեցին «մասնակցելու» զույգի հարսանիքին, նրանց դուստրերի` Անիի և Մանեի ծնունդներին, մանկության վառ օրերին և պարզապես ևս մեկ անգամ, թեկուզ փոքր հատվածներով, հիշելու այն դերերը, որոնք նրանք կերտել են մայր բուհում և այլ թատրոններում, որոնց շնորհիվ էլ տարիների ընթացքում ձեռք են բերել այն վաստակը և սերը, որն այսօր  ունեն:

Երեկոյի ավարտին դերասան ամուսինները երգեցին Քրիստ Մանարյանի հեղինակած «Հին, հին հեքիաթ» երգը` ևս մեկ անգամ փաստելով, որ իրենց հեքիաթը շարունակվում է: Իսկ երգից հետո բեմում հայտնվեցին Տիգրան և Նելլի հեքիաթի գլխավոր հերոսները`զույգի երեխաները, ովքեր մյուս սունդուկյանցիների հետ իրականացրին պարային ֆլեշմոբ, ինչից հետո վարագույրը փակվեց, սակայն այն ակնկալիքով, որ դեռ շատ անգամներ կբացվի` նոր և վառ դերերով, որոնք այդքան շատ են զույգի 30-ամյա գործունեության ընթացքում:

Վերջաբանի փոխարեն հավելենք, որ եռատոնը վայելելուց հետո ներկաներից անընդհատ լսվում էին հետևյալը խոսքերը. «Որքան սեր կա դահլիճում»:

Ստորև առաջարկում ենք նաև դիտել CV հաղորդման թողարկումները, որոնց հյուրերը Տիգրան Ներսիյանը և Նելլի Խերանյանն են:

 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին