«Եթե անկեղծ լինեմ, ապա պետք է ասեմ,որ սպասում էի նման արձագանքի: Ճիշտ է՝ չէի սպասում, որ համացանցում ամենուր իմ կատարմանն ու այդչափ դրական արձագանքի կհանդիպեմ, այդպիսի լայն տարածում կունենա, սակայն գիտեի, որ մարդկանց աչքից չի վրիպի»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Նարե Գևորգյանը՝ անդրադառնալով իր՝ «Մոր երգը զինվորին» հուզիչ կատարմանն ու դրա արձագանքներին:
Նարեի խոսքով՝ իր համար կարևորը երգը մարդկանց հասցնելն էր.
«Շատերն են զանգում ինձ ու ասում՝տեսել ես , թե որքան շատ են դիտումներդ, որքան շատ մարդիկ են իրենց էջերում տարածում, բայց անկեղծ պետք է նշեմ, որ չնայած հաճելի արձագանքներին՝ ՝այնուամենայնիվ, դիտումներին բացարձակ ուշադրություն չեմ դարձնում, քանի որ ինձ համար կարևորն այս երգը մարդկանց հասցնելն էր, այն, որ մարդիկ ճանաչեին Գոռ Կիրակոսյանին, ում էլ նվիրված է երգը»:
Այն հարցին՝արդյո՞ք Նարե Գևորգյանն անմիջական կապ է ունեցել հերոս Գոռ Կիրակոսյանի հետ, և հենց այդ կապի պատճառով էլ երգչուհին այդչափ հուզվել է ելույթի ժամանակ, Նարեն մանրամասնեց.
«Նախ պետք է խոսեմ այդչափ հուզմունքիս պատճառի մասին:Ապրիլյան պատերազմի մասնակից է եղել նաև եղբայրս, ով հերոսի կոչումով բարեբախտաբար վերադարձել է տուն: Աննկարագրելի դժվար ու տանջալի օրեր ենք ունեցել մենք այդ ժամանակ, չէինք կարողանում խոսել, շփվել տանեցիներով, բոլորս մտքով սահմանին էինք: Մի քանի օր եղբորիցս տեղեկություն չունենալուց հետո, ունեցանք սխալ տեղեկություն, թե եղբայրս ծանր վիրավորում է ստացել, և միայն նրա զանգից հետո հասկացանք, որ նրա հետ ամեն բան կարգին է: Կարելի է ասել՝ մեր կաշվի վրա ենք զգացել, դրա համար էլ հուզմունքս անթաքույց էր: Հպարտ եմ, չէ որ հերոսի քույր եմ: Իսկ ինչ վերաբերում է Գոռի ու իմ կապին, ապա պետք է նշեմ, որ մենք եղել ենք նույն մարզից. նա ապրել է Արմավիրի մարզի Արևիկ գյուղում,մեզ կապող միակ բանը դա է եղել, սակայն մինչ այդ ես Գոռին չեմ ճանաչել: Գոռի ընտանիքի անդամներն եկան մեր տուն ու ինձ առաջարկեցին Գոռի հուշ-երեկոյին ինչ որ երգ կատարել: Եվ հենց այդ երգն էլ կատարեցի,որն ասես դարձավ իմը, ինչի համար անչափ հպարտ եմ»:
Նարեի խոսքով իր՝զինվորներին նվիրված երգերը շարունակական բնույթ են կրելու.
«Ես միշտ ցանկացել եմ ավելի ոգևորող երգեր նվիրել մեր զինվորներին, այդ պատճառով արդեն ձայնագրել եմ «Գնա եղբայր» երգը, որն առաջիկայում տեսահոլովակ կունենա: Այս երգը ևս նվիրվում է մեր հերոսներին, սակայն նրանց, ովքեր ողջ են մնացել և հատկապես Կապանից Թաթուլ անունով հերոսին, ով 24 տարեկան հասակում որպես կամավոր բարձրացել է դիրքեր: Չեմ կարող ասել, որ սրանով կսահմանափակվենք: Զինվորներին միշտ էլ երգեր կնվիրեմ»:
Նարե Գևորգյանը «Իմ փոխարեն» երգը կատարելիս ևս ամեն անգամ հուզվում է,սակայն վսահեցնում է, որ երգն իր անձնական կյանքի հետ որևէ կապ չունի.
«Ես շատ էմոցիոնալ մարդ ու երգչուհի եմ, յուրաքանչյուր պարզ երևույթ կարող է ինձ հուզել: Երգն ինձ հիշեցնում է իմ ընկերներին, ծանոթ մարդկանց ճակատագրերն, ինչից էլ հուզվում եմ: Մեկ անգամ նշել եմ, այս անգամ էլ նշեմ, որ երգի բառեն ինձ հետ բացարձակ կապ չունեն»:
Խոսելով հեռուստաէկրաներին չերևալու և իր երկարատև լռությունը կոտրելու մասին՝ երգչուհին ասաց.
«Ես շատ անգամներ եմ մերժվել հեռուստատեսությունների կողմից, միայն գումարի դիմաց են ցանկացել իմ տեսահոլովակները ցուցադրել, ես էլ պատրաստ չեմ եղել դրա համար գումար հատկացնել: Այսօր հեռուստատեսությունը կարծես զիջում է համացանցին, քանի որ յուրաքանչյուր նորություն ու տեղեկություն մարդիկ ավելի շատ համացանցից են ստանում: Այնպես որ, այսուհետ այդ խնդրին չեմ հանդիպի և համացանցի շնորհիվ կկարողանամ կիսվել իմ նոր գործերով»:
Զրույցի վերջում երգչուհին խոսեց նաև անձնական կյանքի մասին.
«Այս պահին բացառապես զբաղված եմ ստեղծագործական գործունեությամբ: Միգուցե դա է պատճառը, որ անձնականումս փոփոխություն չկա, կամ էլ իսկապես չեմ հանդիպել այն տղային, ում ցանկանում եմ տեսնել կողքիս»:
Հեղինակ՝Ա.Հարությունյան