▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտյոմ Մարկոսյանը նմանը չունեցող ֆիլմ-մոնոներկայացմամբ հանդես կգա

Life.panorama.am-ը գրում է. Մինչ շատերը ենթադրություններ էին անում, թե դերասան, հումորիստ եւ սցենարիստ Արտյոմ Մարկոսյանը դադար է վերցրել, վերջինս զբաղված էր կարեւոր աշխատանքով՝ նա կյանքի էր կոչում նմանը չունեցող հումորային մոնոներկայացման իր գաղափարը:

«Արդեն երկու-երեք տարի է, ինչ այս մոնոներկայացման գաղափարն ունեի, սակայն այն անընդհատ ձգձվում էր: Դե իսկ ամիսներ առաջ որոշեցի՝ պետք է կոնկրետ բոլոր ջանքերս ու մտքերս այս ուղղությամբ կենտրոնացնեմ, ինչն էլ, հուսամ, ստացվեց: Մայիսի 29-ին, 30-ին եւ 31-ին Երեւանի կամերային թատրոնում կկայանան առաջին ներկայացումները:  Չեմ սիրում օգտագործել աննախադեպ, բացառիկ ամպագորգոռ բառերը, բայց սա, իսկապես, լինելու է նմանը չունեցող նախագիծ: Գոնե վստահաբար կարող եմ ասել, որ այս ֆիլմ-մոնոներկայացումը տարածաշրջանում միակն է լինելու»,- կայքի հետ զրույցում պատմեց Արտյոմ Մարկոսյանն ու հավելեց.

«Մոնոներկայացումը, բացի իմ՝ կենդանի մասնակցությունից, բաղկացած է լինելու փոքրիկ ֆիլմերից: Ի դեպ՝ ասեմ, որ իրականացվել է եզակի եւ մինչ օրս Հայաստանում ու ողջ ԱՊՀ տարածքում իր ձեւաչափի մեջ նախադեպը չունեցող "MOCAP" անիմացիա»:

«Մեկը վերեւից» ֆիլմ-մոնոներկայացման իրադարձությունները տեղի են ունենալու մեր ժամանակներում. անհայտ մոլորակի բնակիչները որոշում են նվաճել եւ կործանել Երկիր մոլորակը, ու իրենց նպատակին ուզում են հասնել՝ սկսելով աշխարհի ամենահին ու խելացի ազգերից մեկից՝ հայերից: Նրանց նպատակն է՝ ժողովրդին կործանելուց հետո գողանալ հայի գենոֆոնդն ու հասկանալ այս ազգի ֆենոմենը, սակայն այս ամենը կուղեկցվի հետաքրքիր զարգացումներով, իսկ թե ի վերջո այլմոլորակայիննե՞րը կհաղթեն, թե՞ հայերը, ցույց կտա ներկայացումը: Արտյոմ Մարկոսյանի խոսքով, անիմացիոն կադրերը կլինեն ֆիլմի տեսքով, դե իսկ հայ ժողովրդի «պայքարն» ու ընդվզումը կարտահայտվի դերասանի կերտած վեց կերպարներով:

Հայագետ, քաղաքագետ, ամենագետ Լեռնիկ Հայունցը, հոգում մեծ փիլիսոփա եւ անբուժելի ռոմանտիկ Գեորգի Սամսոնիչը, գրող, ասմունքող, հայ արվեստի կենդանի լեգենդ, ժամանակակից գրականության նախամայր տիկին Թուրաբյանը, բնիկ երեւանցի, քաղաքապետի թեկնածու, ապագա վարչապետ Անուշավանը, մեզ արդեն հայտնի բակի հեղինակություն Դաժանիկը եւ մեր սոցիումի մի շարք ներկայացուցիչներ կպայքարեն իրենց երկրի համար:

 Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին