▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լազզարոն՝ երգչուհի Նյուշայի հետ համագործակցության և ռուսական շոու բիզնես մուտք գործելու մասին

 

Օրերս ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի և պահանջված երգչուհիներից մեկը՝ Նյուշան, ներկայացրեց իր նոր՝ «Тебя любить» տեսահոլովակը: Այս անգամ երգչուհու տեսահոլովակը և հատկապես երգն առանձնանում են նրանով, որ դրա գործիքավորումը կատարել են հայ մասնագետներ, մասնավորապես՝ Լազզարոն և Մարտին Միրզոյանը:

Asekose.am-ը կապ հաստատեց Լազզարոյի հետ՝ զրուցելու Նյուշայի հետ համագործակցության, հետագա աշխատանքների և ռուսական շոու բիզնես մուտք գործելու մասին:

Խոսելով Նյուշայի հետ համագործակցության գաղափարի մասին՝ Լազզարոն պատմեց, որ երգչուհու պրոդյուսերը կապ է հաստատել իր հետ, երբ լսել է ռուս երգչուհիներից մեկի ստեղծագործությունը՝ Լազզարոյի գործիքավորմամբ.

«Դեռ մի քանի տարի առաջ համագործակցել եմ ռուս երգչուհիներից մեկի հետ, ում երգը թողարկվելուց հետո է սկսվել իմ աշխատանքը Նյուշայի հետ: Լսելով տվյալ ստեղծագործությունը՝ Նյուշայի պրոդյուսերը կապ հաստատեց ինձ հետ և առաջարկեց համագործակցել»,- նշեց Լազզարոն՝ տեղեկացնելով, որ սա, որպես այսպիսին, կարելի է համարել իրենց համատեղ առաջին համագործակցությունը:

Լազզարոն տեղեկացրեց նաև, որ այս ընթացքում զբաղվել է Նյուշայի մի քանի այլ երգերի գործիքավորումներով ևս, որոնք, սակայն, դեռևս չեն թողարկվել:

Անդրադառնալով իր աշխատանքին Նյուշայի հետ, Լազզարոն նշեց.

«Սկզբում ինձ համար մի փոքր դժվար էր, քանի որ ռուսերենին գրեթե չէի տիրապետում, իսկ նրանք շփվում էին բացառապես ռուսերենով: Բայց հետո, երբ այդ գործում ինձ միացավ նաև իմ տաղանդավոր ընկերը՝ Մարտին Միրզոյանը, կարելի է ասել, որ ամեն ինչ հարթվեց»,- պատմեց Լազզարոն:

Մեր այն հարցին՝ արդյո՞ք աշխատանքի ընթացքում որևէ անհամաձայնություններ եղել են, Լազզարոն նշեց, որ որևէ խնդիր չի եղել, և վերջնական արդյունքը գոհացնող է եղել թե՛ երգչուհու,  թե՛ իր և Մարտին Միրզոյանի համար.

«Արդյունքը գոհացնող էր, եթե հակառակը լիներ, ապա Նյուշան հաստատ տեսահոլովակ չէր նկարահանի տվյալ երգի հիման վրա: Երգի գործիքավորման ողջ ընթացքում այն աշխատանքը, որը ես և Մարտինը կատարել ենք, այն, ինչ-որ ներկայացրել ենք, դուր է եկել թե Նյուշային, և թե նրա ստեղծագործական թիմին,- նկատեց Լազզարոն:

Վերջինս ավելացրեց, որ այս պահին համագործակցում է նաև մի քանի այլ ռուս արտիստների հետ, որոնց հետ կատարած աշխատանքի մասին, սակայն, դեռ չի ցանկանում բարձրաձայնել:

Իսկ թե որքանով իր և Նյուշայի համագործակցությունը կնպաստի ռուսական շոու բիզնես մուտք գործելուն, Լազզարոն նկատեց.

«Հաշվի առնելով այն փաստը, որ ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի երգչուհիներից մեկը՝ Նյուշան, հետաքրքրություն է ցուցաբերել իմ աշխատանքների նկատմամբ, կարծում եմ՝ այս համագործակցությունը պտուղներ կտա՝ ազդեցություն ունենալով ռուսական էստրադայում իմ՝ նոր աշխատանքներ ստեղծելուն»,- մեզ հետ զրույցում նշեց Լազզարոն:

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին