▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակտիվ չէինք, որովհետև խմբի անդամները ծառայում էին բանակում. FairWind-ի նոր տեսահոլովակի մասին և ոչ միայն

 

 

FairWind խումբն օրերս ներկայացրել է իր նոր՝ «Գոռալ» անվանումով տեսահոլովակը: Չնայած, որ սա խմբի թվով 4-րդ տեսահոլովակն է, FairWind-ն արդեն 10 տարեկան է: Այս մասին Asekose.am-ին ասաց խմբի մեներգիչ Վարդգես Հովեյանը:

«Մենք խմբի անդամներով նախքան խումբը ստեղծելն էլ մտերիմ ընկերներ էինք: Խումբը հիմնեցինք 10 տարի առաջ՝ Երևանում: Մենք պրոֆեսիոնալ երաժիշտներ չենք, սակայն արդեն 10 տարի է, ինչ հանդես ենք գալիս Հայաստանի տարբեր քաղաքներում, ընդ որում՝ այդ բոլոր համերգները sold out են եղել, ինչը նշանակում է, որ մենք արդեն ունենք մեր հավատարիմ հանդիսատեսին»,- նշեց երգիչը:

Վարդգես Հովեյանի խոսքով՝ երկրպագուներն իրենց աշխատանքներին ծանոթանում են ինչպես համացանցի, այնպես էլ հենց բուն համերգների ժամանակ:

«Մենք միշտ ավելի շատ համերգային գործունեություն ենք ծավալել, քան տեսահոլովակներով ենք հանդես եկել, բայց նախորդ տարվանից սկսել ենք աշխատել նաև այդ ուղղությամբ: Մեր այս նոր՝ «Գոռալ» աշխատանքն էլ հենց դրա արդյունքն է: Նշեմ, որ այն հեղինակային երգ է, տեսահոլովակն էլ նկարահանել ենք Երևանում: Հետաքրքիրն այն է, որ  նմանատիպ գործունեություն միայն վերջերս ենք սկսել ծավալել, որովհետև մինչ այդ մեր խմբի բոլոր անդամներով հերթով ծառայում էինք բանակում, դրանով էլ պայմանավորված էին մեր ստեղծագործական դադարները: Ներկայումս բոլորն արդեն վերադարձել են ու բոլորն էլ Հայաստանում են, ուստի ակտիվ աշխատում ենք նոր երգերի և նոր տեսահոլովակների վրա»:

Հարցին՝ արդյո՞ք ավելի մեծ լսարան գրավելու նպատակ ունեն, Վարդգեսը պատասխանեց.

«Այո, իհարկե: Այդ նպատակից ելնելով՝ մեր հեղինակային երգերը ներկայացնելուց բացի, ներկայացնում ենք նաև սիրված հայկական երգերը մեր տարբերակով, օրինակ՝ «Յասամանը», որը  հանձնել էինք հանդիսատեսի դատին մոտ մեկ տարի առաջ: Պետք է նշեմ, որ այն բավական սիրվել էր մեր լսարանի կողմից, ինչպես նաև գրավել էր նոր մարդկանց: Այս պահին էլ աշխատում ենք նոր երգերի, ինչպես նաև համերգային ծրագրի վրա, որը, հավանաբար, կկայանա աշնան ավարտին»:

Վարդգես Հովեյանը նշեց, որ Երևանում մեծ համերգներով, որպես կանոն, հանդես չեն գալիս:

«Մասշտաբները մեզ թույլ չեն տալիս, փոխարենը մեզ կարելի է լսել ակումբներում, որտեղ էլ տեղի են ունենում մեր համերգները:  Բայց պետք է նշել, որ այս ամռանը մեզ հաջողվեց մասնակցել տարատեսակ փառատոնների՝ ներկայանալով ավելի մասշտաբային տարբերակով: Հիմա էլ աշխատում ենք նոր ծրագրի վրա, կարծում եմ, որ կգտնենք հետաքրքիր ձևով հանդես գալու որևէ տարբերակ»,- նշեց Վարդգես Հովեյանը:


Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին