Երեկ երևանյան ակումբներից մեկում տեղի ունեցավ երգչուհի Գաբի Գալոյանի առաջին մենահամերգը, որի ընթացքում Գաբին հանդիսատեսին ներկայացրել է բացառապես ժողովրդական և ազգագրական երգեր: Երգչուհուն ունկնդրելու և շնորհավորելու էին եկել ինչպես սփյուռքահայ հանդիսատեսը, այնպես էլ մի շարք հայ հայտնիներ, որոնցից էին Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը, Աշոտ Ղազարյանը կնոջ հետ, Միքայել Պողոսյանը, դերասանուհի Աննա Հարությունյանը, Արսեն Սաֆարյանը, Էրիկը, Ռաֆայել Երանոսյանը, Մրոն և այլք: Ի դեպ՝ վերջինիս հետ Գաբի Գալոյանը հանդես եկավ զուգերգով՝ կատարելով «Հալել եմ եղը» հայտնի ստեղծագործությունը:
Երեկոյի սկզբում Հրաչ Մուրադյանը, ով բացի հյուր լինելուց, նաև Գաբի Գալոյանի մենահամերգի հանդիսավարն էր, իր խոսքը սկսեց Գաբիի երաժշտական ուղու մասին պատմելով:
Իսկ Գաբի Գալոյանն իր հերթին մենահամերգը սկսեց «Թամամ աշխարհ պտուտ եկա» երգով, որից հետո կատարեց «Չկա քիզի նման», «Հարալո», «Լիրիկական» «Հայաստան», «Թամամ աշխարհ պտուտ եկա» և այլ ժողովրդական հայտնի երգեր:
Ավելացնենք, որ համերգի ժամանակ երգչուհին իր երգացանկից չկատարեց և ոչ մի երգ, բացառությամբ «Հայաստան» կոչվող երգի, որը շուտով կունենա իր տեսահոլովակը: Դե իսկ իր մենահամերգը Գաբին եզրափակեց «Գետաշեն» երգով, որի մասին խոսելիս երգչուհին ցանկացավ անպայման նշել երգի հեղինակին, որն է Գուսան Հայկազունը: Երգչուհին ցավով շեշտեց, որ այսօր քչերին է հայտնի, որ հենց նա է «Գետաշեն» երգի հեղինակը:
Լուսանկարները՝ Blognews.am-ի
Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան