Ա. Արամյանի հեղինակած «Մի գնա» երգը համացանցային www.youtube.com կայքում հատեց իր ռեկորդային 100 000 000 -անոց դիտումային սանդղակը: ԱՐԱՀԵՏ» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր և տնօրեն Սամվել Ստեփանյանը հարցազրույց Է ունեցել երգի հեղինակ Արտակ Արամյանի հետ:
- Պատմեք երգի ծնվելու մասին: Ինչպե՞ս եկավ երգը գրելու միտքը, ոգեշնչումը: Կա՞ր արդյոք ոգեշնչման կոնկրետ աղբյուր երգի համար:
- Այո, իհարկե: Իմ կարծիքով` չկա այնպիսի մի ստեղծագործող, որ չորսա պահը և չոգեշնչվի:
-Երգը մինչև մեծ մասայականություն վայելելը, մինչ հանրության կողմից սիրվելը, ին՞չ ճանապարհ է անցել, եր՞բ է գրվել:
-Երգը գրել եմ վեց տարի առաջ, առաջինը երգել եմ ես, առանց լուրջ գործիքավորման տեղադրել եմ համացանցում 2013 թվականին: Այնուհետև իմ թույլտվությամբ՝ 2016 թվականին երգել են Ռուսաստանի Դաշնությունից ընկերս՝ Արմենը Խաչատրյանը, և սիրված ու ճանաչված երգիչ, իմ լավ ընկեր, իմ լավագույն երգերի կատարող Արսեն Հայրապետյանը:
- Ինչպե՞ս կայացավ Սուպեր Սաքոյի հետ համագործակցությունը:
-Առաջարկը եղել է Սուպեր Սաքոյի կողմից 2015 թվականին: Ես սիրով տվել եմ իմ համաձայնությունը, որից հետո 2016 թվականի օգոստոս ամսին եղավ «Մի գնա» երգի պրեմիերան` Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի կատարմամբ:
-Արդյո՞ք կանխատեսում էիք նման արձագանք և ճանաչվածություն երգի համար: Ըստ ձեզ` ին՞չը նպաստեց երգի սիրված լինելուն և այսպիսի մասայականություն վայելելուն:
- Կանխատեսում չէի ասի, բայց ես իմ յուրաքանչյուր երգից սպասելիքներ ունեմ, ինչպես ցանկացած ծնող իր զավակներից: Երգի ճանաչված լինելուն և մասսայականություն վայելելուն նպաստեց մեր թիմային աշխատանքը: Այսինքն՝ լավ երգ ` գումարած Սուպեր Սաքոյի փայլուն միտքը , գործիքավորող MG-ի պրոֆեսիոնալ մոտեցումը երգի գործիքավորմանը և Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի հրաշալի կատարումը:
Օտարազգի երգիչները երգը իրենց լեզվով երգում են և անգամ տեսահոլովակ են նկարահանել: Դուք չե՞ք պատրաստվում երգի համար տեսահոլովակ նկարահանել:
-Ոչ, չենք պատրաստվում, և ասեմ ավելին` ես շատ ուրախ եմ, որ իմ ստեղծած երգը երգում են այլազգի երգիչ- երգչուհիներ և անգամ տեսահոլովակ են նկարում: Մենք մեր թիմով ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ հայի ստեղծած երգը կարող է առանց տեսահոլովակի էլ հիթ դառնալ:
Ունե՞ք հեղինակած այլ երգեր, որոնք քիչ թե շատ ճանաչում ունեն, կամ սիրված են դարձել:
- Այո, ունեմ, Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված չորս լեզվով երգ ունեմ: Հայոց բանակին նվիրված երգ ունեմ` «Հայոց սպաներ», գրել եմ Սպիտակ քաղաքի օրհներգը, ինչպես նաև հինգ հարյուր և ավելի տարբեր ժանրերի, տարբեր ճաշակների համար գրված երգեր:
Ինչպե՞ս կբացատրեք այն, որ ամբողջ աշխարհով մեկ այսպեսի մասայականություն և ճանաչողականություն վայելող երգը ուշադրության չի արժանացել, չի ընդունվում ոչ մի կոնկրետ պետական կամ համապատասխան երաժշտական կառույցի կողմից Հայաստանում, անգամ լրատվամիջոցները ոչ հաճախ են անդրադառնում երգին և լուսաբանում երգի հաջողությունները ամբողջ աշխարհում:
-Ես մի բան կասեմ հարգելիս, ինձ ճանաչողները կփաստեն, ես բամբասել, բողոքել երբեք չեմ սիրել, եթե չեն անդրադառնում, ուրեմն չեն ուզում, դա իրենց խնդիրն է: Տեսնեն թե չտեսնեն, լսեն թե չլսեն՝ երգը ճանաչվել և սիրվել է ամբողջ աշխարհում:
-Աշխարում տարբեր ազգերի կողմից, ճանաչված տարբեր անհատների կատարմամբ հնչում է ձեր հեղինակային «Մի գնա» երգը, երգում են և տեղադրում համացանցում, այն կատարվում է անգամ օտարազգի պրոֆեսիոնալ երգիչների կողմից բարձր մակարդակով, լուրջ բեմերից: Ունե՞ն արդյոք նրանք այդ իրավունքը, չե՞ք փորձում պայքարել ձեր հեղինակային իրավունքի համար:
- Գիտեմ, հետևում եմ, հեղինակային իրավունքի խախտում չկա, բոլորն էլ գիտեն, որ ես եմ երգի հեղինակը, և երգի հետ կապված իրավունքները հոյակապ պաշտպանում է իմ ընկերը՝ Սուպեր Սաքոն:
-Պատմեք մի փոքր, Արտակ Արամյան երգիչի, ստեղծագործողի և մարդու կյանքի մասին, երգարվեստում ձեր անցած ուղղու մասին:
- Ծնվել եմ երաժիշտի ընտանիքում, երգում եմ մանկուց, ստեղծագործում եմ շուրջ տասը տարի, մասնագիտությամբ ջութակահար եմ:
Առաջիկայում կա՞ն նախատեսված համագործակցության ծրագրեր` Սուպեր Սաքոյի, Սպիտակցի Հայկոյի կամ այլ երգիչների հետ:
- Իհարկե, ծրագրեր միշտ կան, բայց չխախտելով հայկական շոու բիզնեսի անհասկանալի կանոնները` փակագծերը չեմ բացում:
-Երգի այսպիսի սիրված լինելուց և համընդհանուր ճանաչվածություն ձեռք բերելուց հետո ինչ- որ բան փոխվե՞ց ձեր կյանքում, օրինակ` նոր, հետաքրքիր և շահավետ համագործակցության առաջարկներ, համերգային հաճախակի հրավերներ կամ ժողովրդի կողմից ճանաչված և սիրված լինել:
- Ես չէ, որ պետք է խոսեմ իմ ճանաչված և սիրված լինելու մասին, շահավետ առաջարկներ միշտ էլ եղել են և կան: Բնականաբար. փոփոխություններ էլ եղան:
Հեղինակ` Սամվել Ստեփանյան