Life.panorama.am-ը գրում է. Այսօր հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի տարեդարձն է: Իր տարիքը նշել չսիրող հաղորդավարուհին կայքի հետ խոսել է տարիքային առավելությունների ու առանձնահատկությունների, ինչպես նաեւ տատիկ դառնալու ցանկության մասին:
Դինա Ակոպովնան խոստովանում է. «Հոգով 25 տարեկան եմ, բնավորությամբ՝ 35, իսկ տեսակով թող ասեն ինձ շրջապատող մարդիկ»:
Նրա խոսքով՝ տարիքի հետ խորիմաստ է դարձել, բայց նաեւ ավելի բծախնդիր:
«Նկատել եմ, որ գնալով ավելի զգայուն եմ դառնում, հիմա առավել լացկան եմ, վիրավորվող, բայց նաեւ ավելի ուժեղ»,- ընդգծեց հաղորդավարուհին:
Շատերի նման՝ Դինան էլ մտածում է ժամանակը հետ տալու մասին.
«Կցանկանայի հետ տալ ժամանակը, որպեսզի թույլ տվածս սխալներն ուղղեի: Եթե այս կերպ մտածեի 20 տարեկանում, շատ բաներ չէի անի»,- նկատեց նա:
Իր երիտասարդության գաղտնիքը Դինան տեսնում է իր տեսակի մեջ.
«Ես ունեմ մաքուր հոգի եւ նախանձ չեմ. սա առաջին եւ հիմնական առավելությունն է, որն ինձ երիտասարդություն է տալիս: Իսկ ընդհանուր առմամբ, այդ հարցում իրենց մեծ ներգործությունն ունեն իմ դիզայները՝ Լիդա Պետրոսյանը, դիմահարդարն ու կոսմետոլոգը, ինչպես նաեւ կազմվածքիս «պատասխանատուն»՝ Գրիգը»,- ժպիտով նկատեց նա:
Դինա Ակոպովնայի դուստրն արդեն մեկ տարի է, ինչ ամուսնացած է: Հետաքրքրվելով, թե երիտասարդ տարիքում տատիկ դառնալու կարգավիճակը սպասվա՞ծ է, թե այնուամենայնիվ վախեցնող, պատասխանեց.
«Տատիկ դառնալուց չեմ վախենում, թեեւ կատակելով ասում եմ, թե աղջկաս երեխայի մորաքույրն եմ լինելու, ոչ թե տատիկը: Ամեն դեպքում, այդ կարգավիճակն ինձ չի վախեցնում, քանի որ հիմա կան 30 տարեկան աղջիկներ, բայց տատիկի տեսք ու բնավորություն ունեն: Ավելին՝ այսօրվա երազանքս հենց դրա հետ է կապված. Աստված առաջ, ուզում եմ տեսնել թոռնիկիս եւ ունենալ իմ սեփական անկյունը»:
Հետաքրքվելով, թե ի՞նչ է կատարվում Դինա Ակոպովնայի անձնական կյանքում, եւ չի՞ ուզում արդյոք ամուսնանալ, հաղորդավարուհին նշեց.
«Ինձ ու աղջկաս խոստացել էի, որ նրա ամուսնությունից հետո կմտածեմ նաեւ իմ անձնական կյանքի մասին, բայց 35-ից հետո դա ավելի է բարդանում: Հիմա ես բծախնդիր եմ դարձել, կարծես կին-տղամարդ լինեմ՝ կարողանում եմ աշխատել, վաստակել, ինքնուրույն ապրել: Կարծես թե չեմ գտնում մեկին, ով կարող է ինձ տալ այն, ինչ ուզում եմ: Սակայն, եթե գտնվի մեկն, ով կհասկանա, թե ով է Դինա Ակոպովնան տարիների ընթացքում եղել, ի՞նչ ունի վաստակած, եթե հասկանամ, որ տվյալ մարդը կարող է ինձ երջանիկ դրաձնել, մի րոպե անգամ չեմ մտածի եւ նրա կողքին կլինեմ»:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում