▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուրգեն Դաբաղյանի հետ զուգերգով հանդես եկող երգչուհին նրա նշանա՞ծն է. պարզաբանում է երգիչը

 

 

 

 

 

 

 

 

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը նկարահանված է արդեն հայտնի «Իմ ճամփեն» երգի հիման վրա: Այս անգամ, սակայն, Գուրգենը տեսահոլովակում հանդես է եկել ոչ թե միայնակ, այլ՝ Ուկրաինայում բնակվող հայ երգչուհի Արփինե Քոչարյանի հետ: Asekose.am-ի ընթերցողներից մեկը հաղորդագրության միջոցով տեղեկություն է տրամադրել, ըստ որի՝ Արփինեն հանդիսանում է Գուրգենի նշանածը: Փորձելով պարզել տվյալ տեղեկության ճշմարտացիությունը և նաև իմանալու զուգերգի ու տեսահոլովակի ստեղծման պատմությունը՝ մենք կապ հաստատեցինք անձամբ  Գուրգենի հետ, ով այժմ հյուրախաղերով գտնվում է Եվրոպայում:

«Զուգերգով հանդես գալու առաջարկը եղել է Արփինեի կողմից: Նա բնակվում է Ուկրաինայում և այնտեղ էլ ծավալում է իր գործունեությունը: «Իմ ճամփեն» տեսահոլովակը նրա գործունեության առաջին լուրջ քայլն է»,- պատմեց Գուրգեն Դաբաղյանը՝ ավելացնելով, որ արդեն երկու տարի է, ինչ ճանաչում է  Արփինեին:

Անդրադառնալով Արփինեի՝ իր նշանածը լինելու լուրերին, Գուրգեն Դաբաղյանն ասաց.

«Ոչ, նման բան չկա: Արփինեն իմ նշանածը չէ, ու ավելին ասեմ, ես ընդհանրապես նշանադրված չեմ»,-  նկատեց երգիչը:

Հարցին՝ գո՞ւցե իրենց երկուսին, այնուամենայնիվ, կապում են ոչ միայն գործնական, այլ նաև անձնական հարաբերությունները, Գուրգեն Դաբաղյանը պատասխանեց.

«Մենք պարզապես մտերիմներ ենք, լավ ընկերներ, այդքան բան, մեր մեջ անձնական որևէ  կապ չկա»,- մանրամասնեց Գուրգեն Դաբաղյանը՝ ավելացնելով նաև, որ մտադրություն ունի օգնելու Արփինե Քոչարյանին իր հետագա գործնական քայլերում:

Իսկ թե արդյո՞ք սա նշանակում է, որ Գուրգենը այսուհետև հանդես կգա որպես երգչուհու պրոդյուսեր, երգիչը հստակեցրեց.

«Մեր դեպքում միայն պրոդյուսեր ասվածը խիստ պաշտոնական է հնչում, իսկ միայն ընկերներ՝ շատ անձնական: Դրա համար կպատասխանեմ այսպես. լինելու եմ և որպես պրոդյուսեր, և որպես լավ ընկեր, ով օգնելու է նրան իր հետագա գործունեության ընթացքում: Կարծում եմ, որ Արփինեն դեռ կունենա շատ հաջող և հետաքրքիր նոր քայլեր»,- ասաց Գուրգեն Դաբաղյանը:

Զրույցի ընթացքում պատմելով իր և Արփինեի համատեղ տեսահոլովակի նկարահանումների մասին՝ երգիչը նշեց, որ դրանք իրականացվել են Հայաստանում և Վրաստանում.

««Իմ ճամփեն» տեսահոլովակի նկարահանումները բավական երկար ժամանակ են մեզանից խլել: Նկարահանման մեծ մասը դեռ ամռանն ենք իրականացրել, իսկ մի փոքր հատված էլ նկարահանել ենք Վրաստանում՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին»,- ասաց Գուրգեն Դաբաղյանը:

Նրա խոսքով՝ տեսահոլովակի վրա բավական մեծ թիմ է աշխատել: Այն նկարահանել է ռեժիսոր Վահե Հարությունյանը, իսկ որպես օպերատոր՝ հանդես է եկել Հրաչ Մանուչարյանը: Իսկ ինչ վերաբերում է երգին, ապա երգիչը տեղեկացրեց, որ «Իմ ճամփեն» երգի տվյալ տարբերակի երաժշտության հեղինակը Գրիշա Դաշյանն է, իսկ խոսքերինը՝ Հովհաննես Հովհաննիսյանը:

«Քանի որ այս երգն արդեն հայտնի և սիրված երգ է և առաջին անգամ չէ, որ հնչում է, մենք որոշեցինք այն որոշակի փոփոխությունների ենթարկել՝ ներկայացնելով այն նոր մատուցմամբ: Դիմեցինք  գործիքավորող  Մուշեղ Մայիլյանին, ով էլ օգնեց մեզ այդ հարցում»,- նկատեց Գուրգեն Դաբաղյանը:

Վերջինս պատմեց նաև, որ այս պահին երգիչներ Արաբո Իսպիրյանի, Սևակ Ամրոյանի և Սուրեն Դավթյանի հետ մեկնել է  շրջագայության՝ եվրոպական տարբեր երկրներ:

«Դեռ չենք պատրաստվում վերադառնալ, մոտ 20 օր դեռ կտևի մեր շրջագայությունը: Համերգներով ենք հանդես գալիս եվրոպական տարբեր հայաշատ քաղաքներում»,- Asekose.am-ի հետ զրույցում պատմեց երգիչ Գուրգեն Դաբաղյանը:


Հեղինակ՝ Ս.Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին