▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր երկրում նման սրիկա տարբերակ կա, որի մասին լռում են. Ժակը զայրացած է և իրեն արհամարհված է զգում

 

Фото Jack Hakob Papikyan.

Այսօր հեռուստա և ռադիոհաղորդավար Ժակ (Հակոբ) Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որի միջոցով իր զայրույթն ու բողոքն է արտահայտել՝ իր ընտանիքին երկրորդ երեխայի ծննդի միանվագ և խնամքի համար ամսական հատկացվող գումարից զրկելու հետ կապված: Այս առիթով Asekose.am-ը կապ հաստատեց Ժակի հետ՝ փորձելով պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել, և թե ինչ քայլերի է նա դիմելու՝ արդարությունը վերականգնելու համար:

«Այս ամենին կտամ շատ պարզ և հստակ սահմանում. օրենքը սահմանում է որոշակի հստակ ժամկետ, որի ընթացքում քաղաքացին պետք է դիմի, որպեսզի կարողանա ստանալ երեխայի միանվագ նպաստը (50.000 դրամ), որը ծնվելուց է տրամադրվում և խնամքի համար նախատեսված նպաստը, որը ամսական կազմում է 18.000 դրամ: Սակայն պարզվում է, որ եթե քաղաքացին տեղյակ չէ սրա մասին, ինչի պատճառով ուշացնում է սահմանված ժամկետի ընթացքում դիմելու հայտը, պարզապես զրկվում է գումարից»,- նշեց հաղորդավարը,ապա հավելեց.

«Ոչ մի ծանուցում, ոչ մի հիշեցում չի գալիս քաղաքացուն, որ օրինակ` սահմանված ժամկետն արդեն ավարտին է մոտենում: Ըստ պետաշխատողների պատկերացման՝ յուրաքանչյուր անձ պետք է ինքն իրենով հստակ տեղյակ լինի այս օրենքի ցանկացած կետի մասին»,- նշեց Ժակը:

Վերջինիս  խոսքով՝ այս պահին իր պայքարի կարևոր նպատակներից մեկը ոչ թե գումարն է, որից որ իրավունք չունեն իրեն զրկելու, այլ`այն, որ արդեն առաջացած աղմուկից հետո գոնե մշակվի տարբերակ այս օրենքի կետերի մասին մարդկանց տեղեկացնելու համար, ինչպես նաև որոշակի փոփոխություններ մտցվեն՝ հետագայում նման տհաճ միջադեպերից խուսափելու համար.

«Ես ցանկանում եմ, որպեսզի պետաշխատողներն իրենց հույսը  չդնեն միայն նրա վրա, որ մարդիկ այս կամ այն օրենքի մասին կտեղեկանան հեռուստատեսության, ռադիոյի կամ համացանցի միջոցով: Իմ դեպքը թող հուշի մարդկանց, որ նման սրիկա տարբերակ կա, որի մասին լռում են, և որի պատճառով քաղաքացին կարող է իրեն հատկացված գումարից, նպաստից զրկվել: Այսօր մեր երկրում միջին խավ ասվածը գրեթե չկա: Մարդկանց համար շատ բարդ է գումար վաստակել: Այն ընտանիքները, որոնք, ցավոք սրտի, անապահով են, միանգամից են ստանում այդ գումարները, իսկ այն խավը, որն օրնիբուն աշխատում է, և որոնց հաստատ չի խանգարի այդ գումարը, գերադասում է հավաքել և մի քանի ամսվանը միագամից վերցնել, սակայն պարզվում է, որ նրանք շատ հեշտ կարող են զրկվել տվյալ գումարից, եթե հանկարծ մի քանի օր ուշացնեն դիմումի հայտը: Իմ ցանկությունը միայն այն է, որ որևէ պարզաբանում լինի: Իսկ ցանկացած այլ օրինախախտման դեպքում թղթի կտորի, sms հաղորդագրության միջոցով ծանուցներ են գալիս մեզ»,- նկատեց Ժակ Պապիկյանը:

Վերջինիս խոսքով՝ ինքն ուներ լուրջ պատճառներ այդ հարցով չզբաղվելու համար, ինչի հետևանքով էլ այսօր իր երեխան զրկված է օրենքով սահմանված միանվագ և ամսական 18.000 դրամ հատկացվող նպաստից.

«Կինս առողջական որոշակի խնդիրներ ուներ, և հենց դա էր պատճառը, որ ես զբաղված էի, որպեսզի կարողանայի երեխայի նպաստի հարցը լուծեի: Հետո, երբ կինս արդեն գնում է մեր թաղամասի բաժանմունք, որ սկսի տվյալ գործընթացը, իրեն տեղեկացնում են` տիկին, ցտեսություն, դուք արդեն ուշացել եք, ձեզ արդեն գումար չի հասնում»,- պատմեց ժակը:

Հաղորդավարը նշեց, որ նա փորձել է տվյալ հարցը լուծել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, իսկ թե ինչ պատասխան են իրեն տվել այնտեղից, Ժակը մանրամասնեց.

«Կա օրենք, բարի եղեք ծանոթացեք, դուք արդեն ժամկետից դուրս եք մնացել. ահա սա է նրանց պատասխանը:  Իսկ եթե  ուշացել եմ, ապա ինչպես նկատում է իմ հարգելի պետությունը, որին ես ծառայում եմ ամեն օր ուժերիս ներածին չափով, նշանակում է, որ ես այդ գումարի կարիքն այլևս չունեմ: Նրանք կարող են այնքան թղթեր ուզել, որոնց մեջ կարող ես պարզապես խեղդվել ու խճճվել, կարող են այնպիսի բյուրոկրատական քաշքշուկի մեջ գցել, որ արդեն ինքնին ցանկություն է առաջանում ինքնակամ հրաժարվել այդ գումարից»,- նշեց Ժակը:

Հարցին` արդյո՞ք այլևս հնարավոր չէ որևէ բան փոխել, հաղորդավարը պատասխանեց.

«Չգիտեմ: Ես ինքնս բարձրացնելու եմ այս հարցն այն հարթակներում, որտեղ ձայնի հնարավորություն ունեմ: Փորձելու եմ գոնե այս առաջացած աղմուկի միջոցով մարդկանց տեղեկացնել, որ կա օրենք, որը ժամկետներ է սահմանում, որը գլխացավանք է ձեզ համար, հնարավորինս շուտ դիմեք, որպեսզի նման խնդիրների առջև չկանգնեք, քանի որ մեզ չեն նախազգուշացնում, չեն իրազեկում ոչ մի բանի մասին: Բազմաթիվ ընկերներիս պարզապես ահաբեկել են, երբ նրանք չեն վճարել իրենց կատարած խախտման դիմաց, ինչի արդյունքում այդ գումարը բազմապատկվել և եռապատկվել է: Չեմ հասկանում՝ մի՞թե դժվար է այս հարցով ևս որևէ տարբերակով ծանուցագիր ուղարկել քաղաքացուն»,- նշեց Ժակ Պապիկյանը, ով առաջարկեց նաև իր տարբերակը.

«Մեր երկիրը խեղդված է խնդիրների մեջ: Եթե պետությունը կարծում է, որ օրինակ` իմ կամ մյուսի ընտանիքը ապահովված է, առաջարկեք մեզ այդ վճարից հրաժարվել և դա տրամադրել բարեգործական որևէ կազմակերպության: Իսկ սա ամենաարհամարհական ձևն է, որը որ կարող է կիրառվել մեր դեմ: Այնպես չէ, որ իմ ընտանիքում երևացող չէ այս գումարը: Ես կարող եմ հպարտ լինել, սկզբունքային լինել, չվերցնել, հրաժարվել, բայց դա չի նշանակում, որ ինքս հասել եմ այն աստիճանի, որ անտեսում եմ այն գումարը, որը օրենքով հասնում է իմ երեխային»,- շեշտեց ռադիոհաղորդավարը՝ ավելացնելով.

«Այժմ մեր երկիրը գնում է իբրև թե զարգացման ճանապարհով, գրանցում է նոր ձեռքբերումներ, տնտեսական աճ և այլն, այդ պատճառով էլ մենք պետք է հարգենք մեր քաղաքացուն, բայց ստացվում է, որ ծնված օրվանից մարդը արժանանում է արհամարհանքի, նրա փոխարեն որոշում է կայացվում զրկել, թե տրամադրել իրեն հասանելիք գումարները»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց հաղորդավար Ժակ Պապիկյանը:


Հեղինակ՝ Ս. Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին