▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Պետրոսյանն ամփոփում է տարին և կոտրում խոզի բդի կարծրատիպերը

 

 

 

 

 

 

 

Դեկտեմբերի 18-ին և 19-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Հայկ Պետրոսյանը և ընկերները ներկայացնում են «Հայկ-ական Նոր տարի» համերգ-ներկայացումը: Asekose.am-ը խոսել է Հայկ Պետրոսյանի հետ առաջիկա համերգների մասին և ամփոփել 2017 թվականը:

Կոտրում ենք «բդային» կարծրատիպերը

Այդ օրերին գերակշռող հատվածը երաժշտականն է, սակայն կլինեն նաև կատակներ, սքեթչներ ինչպես Ամանորի, այնպես էլ տարին ամփոփելու և ապագայի մասին: Առհասարակ, Նոր տարին առիթ է և անցյալն ամփոփելու, և ապագայի մասին մտորելու, նոր ծրագրեր կազմելու և հույսեր ունենալու: Ընդհանուր առմամբ, ներկայումս ինձ ավելի մոտ է երաժշտությունը, քան stand up-ը, բայց կատակներ կլինեն, այդ թվում` նաև երաժշտական: Այդ օրերին Մաշա Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը և Միքայել Ոսկանյանը կլինեն որպես հատուկ հյուրեր: Նրանք իմ լավ ընկերներն են, ինչպես նաև բազմիցս միասին աշխատել ենք: Կարծում ենք, որ նրանք կլինեն համերգի զարդերը, առավել ևս, որ տեսակով տարբեր են: Հանդիսատեսին պետք է հետաքրքիր լինի, իսկ իմ կատարմամբ կլինեն Նոր տարվա թեմայով երգեր, որոնք միշտ էլ հաճելի է լսել, թեպետ ռոմանտիկ երգերն էլ կլինեն:

Վատ տրամադրության պատճառներից մեկն էլ այդ ծանրամարս բուդն է

Ծննդյանս օրը չեմ սիրում, փոխարենը` Նոր տարին իմ ամենասիրելի տոնն է: Մանկական մաքրություն, հեքիաթ և ամեն ինչ նորովի սկսելու բան  կա այս  տոնի մեջ: Ես Նոր տարին այսպես եմ ընկալում: Չգիտեմ, թե խոզի բուդն ով է անվանել հայկական ավանդական, սակայն, երբ Նոր տարին դարձնում են կենցաղային, այն դառնում է խոզի բուդ, ինչը սխալ է, թե հոգևոր, թե ֆիզիկական առումով, չմոռանանք, որ խոզի բուդը շատ ծանրամարս ուտելիք է: Նոր տարին առողջ սկսելու փոխարեն` մենք ծանրաբեռնում ենք մեր օրգանիզմը, հունվարի 1-ին հարբած արթնանում, ասում, որ սա կյանք չէ, և չենք էլ մտածում, որ այդ վատ տրամադրության պատճառներից մեկն էլ այդ ծանրամարս բուդն է, որովհետև այն անդրադառնում է նաև առողջության վրա: Այսպիսի շղթա կա, որի մասին չենք էլ մտածում և բուդ ենք անընդհատ ուտում:

Երեք համերգի երգացանկ ունեմ, բայց…

Երբ մարդիկ գալիս են համերգի, և պետք  է հնչեն միայն քո նոր երգերը, դա դժվար ընկալելի է լինում, քանի որ մարդկանց դժվար կլինի միանցամից լսել 16 նոր երգ: Ես այլ ձևով եմ նախընտրում կազմակերպել համերգներս. կատարում եմ օրինակ` Շառլ Ազնավուրի երգացանկից մի երգ, ապա մի նոր երգ եմ ներկայացնում իմ երգացանկից, և այդպես շարունակ: Մյուս տարի իմ երգերը ներկայացնելու շատ ծրագրեր ունենք, մտածում ենք տեսահոլովակներ ներկայացնել: Երբ երգերս մարդկանց կդառնան հարազատ, այն ժամանակ էլ համերգների ժամանակ միայն իմ երգացանկը կներկայացնեմ: Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի փոքր քայլերի քաղաքականությամբ եմ առաջ շարժվում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շառլ Ազնավուրն ինձ հոտընկայս էր ծափահարում

Դեկտեմբերի 18-ին և 19-ին «Հայկ-ական Նոր տարի» համերգ-ներկայացման ընթացքում խոսելու եմ այն ամենի մասին, ինչ կատարվել է ինձ հետ այս տարի: Այս տարի լավ բաներ ինձ հետ շատ են եղել, բուռն աշխատանքային տարի էր: Շատ նկարահանումներ և համերգներ են տեղի ունեցել: «Եթե ես լինեի պապա» մոնոներկայացումն ամփոփեցինք, վերջինն էլ խաղացինք Միսնկում տեղի ունեցող փառատոնի շրջանակներում, այնտեղ ընդամենը մեկ անվանակարգ կար` «Հանդիսատեսի համակրանք»-ը, որն էլ շահեցինք: Կարծում եմ, որ ամենահիշարժան իրադարձություններից մեկը  հունիսի 1-ին տեղի ունեցած «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգն էր` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, օպերային և էստրադային երգիչների մասնակցությամբ: Ես նաև վարում էի համերգը: Համերգին ներկա էր նաև Ազնավուրը, ով ինձ ծափահարում էր հոտնկայս, ինչին չէի կարողանում հավատալ: Ավելին` ելույթս հրապարակեցին Ազնավուրի պաշտոնական էջում: Իսկապես մեծ ձեռքբերում էր, ինձ ճանաչող մարդիկ գիտեն, թե իրեն ինչպես եմ վերաբերվում: Կատակելով ասում եմ, որ Ազնավուրին հարազատ պապիկիցս շատ եմ սիրում:

Բացի այդ այս տարի մոտ մի տասը տոննա հարսանիք եմ վարել (ժպտում է), ուրախ եմ, որ այդ աշխատանքն ունեմ, քանի որ ազնիվ աշխատանք է, ինչպես նաև շատ հաճելի է, երբ սիրող մարդիկ իրենց կյանքի ամենակարևոր օրը քեզ են վստահում, դու էլ քո լուման ես ներդնում:  Ձերմ ողջույներս իմ ամուսնացրած զույգերին (ժպտում է): Այս տարի աշնանը ցանկանում էի նոր ներկայացում անել Արցախի մասին,  բայց հասկացա, որ այդ ամենին պետք է ավելի շատ պատրաստվել: Դա արդեն մյուս տարի կիրականացնեմ:  Իսկ տարին արդեն ամփոփում եմ` որպես հաշվետվություն ներկայացնելով «Հայկ-ական Նոր տարի» համերգ-ներկայացումը:

 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին