Օրերս սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը նշում էր իր 26-ամյակը: Երեկոյի ընթացքում Անահիտը ներկայացրել էր իր սիրելիին, ով էլ նրան մուշտակ էր նվիրել: Լուսանկարներից դատելով`կարելի է հասկանալ, որ Անահիտի և նրա սիրելիի միջև մեծ տարիքային տարբերություն կա, ինչն էլ բուռն քննարվեց համացանցային օգտատերերի կողմից, ավելին` ոմանք նշում էին, որ հանուն գումարի, տվյալ դեպքում` հանուն մուշտակի պետք չէր կապվել իր հոր տարիքի տղամարդու հետ:
Asekose.am-ը զրուցել է մոդելի հետ` փորձելով նրա մեկնաբանությունը ստանալ իրեն ուղղված քննադատությունների վերաբերյալ: Անահիտը նախ նշեց, որ չի հետևել իրեն ուղղված մեկնաբանություններին, ապա ասաց հետևյալը.
«Մի ազգ, ով սիրահարվում է ոչ թե անձին, այլ` իմիջին, կուսաթաղանթին, ավանդապաշտ ընտանիքին, կներեք, ես այդ ազգի ներկայացուցիչների նման մեկնաբանությունները չեմ համարում ադեկվատ, և ինձ համար դրանք չեն կարող որևէ բան փոխել»:
Անդրադառնալով իրեն շահամոլ անվանողներին` Անահիտն ասաց, որ մարդիկ պետք է հասկանան, որ պատահում է նաև այնպես, որ անձը, ում սիրահարվում են, կարող է լինել նաև ունևոր.
«Գուցե մեկնաբանողները դա չեն պատկերացնում, դա իրենց հասանելի չէ, կամ գուցե նման բան նախկինում չեն տեսել, և նրանց պատկերացմամբ նման բան միայն ֆիլմերում կարող է լինել: Նույն մտածելակերպից ելնելով էլ` Հայաստանում կա կարծրատիպ, որ եթե աղջիկը գեղեցիկ է, ուրեմն` անբարոյական է, եթե տղամարդը հարուստ է, ապա նրա կողքի կինը շահամոլ է, կամ եթե աղջիկը 30 տարեկանում ամուսնացած չէ` տանը մնացած է: Նման կարծրատիպերով ազգի մեկնաբանություններին, կներեք, բայց չեմ կարող պատասխանել, թեպետ նրանք իրենց կարծիքն ասելու իրավունք ունեն, սակայն այդ ամենն իմ կյանքում որևէ երանգ չի փոխում»:
Դիտարկմանը, որ քննադատություններն առավելապես ուղղված էին ոչ թե իր կողքի տղամարդու հարուստ լինելուն, այլ նրանց միջև եղած տարիքայինմեծ տարբերությանը, Անահիտն ասաց.
«Տարիքային տարբերությունն ի՞նչ կապ ունի, ինչքան բաժանություններ են լինում տարիքակիցների միջև: Կարծում եմ, որ տղամարդը պետք է ավելի հասուն լինի, որպեսզի կնոջ համար թիկունք լինի, որպեսզի կինը նաև նրանից բաներ սովորի, իսկ օրինակ` 28 տարեկան տղան հայաստանյան պայմաններում 24 տարեկան աղջկան ի՞նչ կարող է սովորեցնել, կարծում եմ, որ դեռ մի բան էլ աղջիկը դա կանի, այդ պատճառով էլ այդքան բաժանություններ են լինում»:
Մոդելը չցանկացավ նշել, թե իր և սիրելիի միջև որքան տարիքային տարբերություն կա.
«Մի լսարանի համար, որտեղ այդ ամենին ադեկվատ չեն վերաբերում, համարում եմ, որ կարող եմ դա չբարձրաձայնել»:
Հարցին` արդյո՞ք այս սիրելին այն բելգիացին է, ում մասին Անահիտը պարբերաբար պատմում էր, մոդելը հերքեց` ասելով, որ տվյալ մարդու հետ այլևս սիրային կապ չունի, զուտ ընկերական հարաբերություններ են.
«Պարզապես հասկացանք, որ կին և տղամարդ հարաբերությունները մեզ համար չեն: Ինչ վերաբերում եմ իմ սիրելիին, նա հայ չէ, Միացյալ Նահանգներից է»:
Անահիտի խոսքով` նոր սիրելիին դեռ չի ներկայացրել իր ընտանիքին, քանի որ այն կարծիքին է, որ պետք է այդ քայլին դիմել, երբ արդեն ցանկանում ես լուրջ քայլեր իրականացնել.
«Ծնողներին պետք է հարգել, սխալ է ամեն ոգևորվածության դեպքում տանել հայրական օջախ և ծանոթացնել նրան, եթե վստահ չես, թե ինչ է լինելու: Եթե նման լուրջ քայլեր լինեն, բնականաբար, ծնողներս կծանոթանան, ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի»:
Մոդելը հերքեց նաև այն խոսակցությունը, որի համաձայն իր սիրելին ամուսնացած է, սակայն չցանկացած մանրամասնել նրա անձնական կյանքը:
Հեղինակ` Ա. Գրիգորյան
Լուսանկարը` Bravo.am-ի
Կարդացեք նաև` Եթե արդյունքը լինի հրաշալի, գուցե և պատրաստ եմ մերկանալ. Անահիտ Հարությունյան