Ռուսական շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչ, հայկական արմատներ ունեցող երգիչ Ալեքսեյ Չումակովը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսա, ադրբեջանցի Էմին Ագալարովին իրեն Բաքու հրավիրելու համար, որտեղ նա մասնակցելու է«Жара 2018» փառատոնին: Չումակովն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Էմինի և կնոջ` Յուլյա Կովալչուկի հետ, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Էմին, շնորհակալ եմ ընկերության և «Жара» -ին հրավիրելու համար: Զգում եմ, որ իսկապես շոգ է լինելու»:
Հավելենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց դժգոհությունն են հայտնել Չումակովի` Բաքու մեկնելու հետ կապված. պատճառն այն է, որ Չումակովի մայրն արմատներով Արցախից է, ով 7 տարի առաջ մահացել է ծանր հիվանդությունից:
Նշենք նաև, որ համացանցային օգտատերերից մեկը, ով ազգությամբ հայ է, լուսանկարի մեկնաբանություններում նշել է, որ, հնարավոր է, որ նման մարդկային քայլերի շնորհիվ վերջապես 2 ժողովուրդների մոտ ողջամտություն կհաստատվի:
Հիշեցնենք, որ Չումակովը մեկ անգամ չէ, որ հպարտացել է իր հայկական արմատներով: Россия հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Один в один» նախագծի շրջանակներում երգիչը հայտարարել էր, որ հայը չի կարող չար հոգի ունենալ: