«Հանդիսատեսը շատ դիպուկ է նկատել: Մոտ 6 տարի ես տառապում եմ աստղային հիվանդությամբ, բուժումներից հետո երկար ժամանակ է, որ վերականգնողական փուլ եմ անցնում, արդեն 2-րդ փուլն է: Հուսով եմ` ամեն ինչ լավ կլինի»,- Asekose.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց «Կյանք ու կռիվ» ֆիլմի գլխավոր դերասան Սամվել Թադևոսյանը` անդրադառնալով համացանցում հայտնված ««Կյանք ու կռիվ» ֆիլմի գլխավոր դերակատարի աստղայինը տարել է» վերնագրով հրապարակմանը, որում նշվում էր, որ Սերժ Սարգսյանի կողմից կինոարվեստի ոլորտում պետական մրցանակի արժանանալուց հետո լրագրողների հետ զրույցում ինքն իրեն բավական մեծամիտ է պահել:
Այն հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված, որ հանդիսատեսը սիրեց իրեն, Սամվելը պատախանել էր. «Երևի գեղեցիկ եմ, հետաքրքիր եմ, այսպիսի դեմքերի պակաս կա…»: Հոդվածի հեղինակն անդրադարձել էր Սամվելի վերոնշյալ պատասխանին` դրա մեջ տեսնելով Սամվելի մեծամտությունը. «Ախր ոնց կարող է մարդ, ով միայն այս ֆիլմով հայտնի դառել նման անհամեստություն անել։ Եթե ինքը չի իմանում, թե ինչի սիրեցին, ասեմ, որ դրա մեղավորը ֆիլմի փիլիսոփայությունն է ու ոչ թե իրեն են սիրել այ իր կերտած կերպարին, ով մի ամբողջ վեհ կերպարի ամբողջություն էր»,- նշել էր հրապարակման հեղինակը:
Վերջինիս աչքից չէր վրիպել նաև այն փաստը, որ Սամվելը, անդրադառնալով իր և ֆիլմի հերոս Տիգրանի նմանությանն ու այն հարցին` միգուցե այդ պատճառով էլ հանդիսատեսը սիրահարվեց ոչ միայն Տիգրանին, այլև՝ Սամվելին, դերասանն ասել էր. «Չէ, այդպիսին չեմ ես, նույնիսկ հիմա առհասարակ մոռացել եմ թե՛ կերպարը, թե՛ ֆիլմը»: Հրապարակման հեղինակի խոսքով` հենց այստեղ էլ երևում է Սամվել Թադևոսյանի` աստղային հիվանդությամբ տառապելու փաստը.«Այս խոսքերը ասում է մարդ ո՞վ միայն այս ֆիլմի շնորհիվ է դարձել հայտնի ու այս ֆիլմը նույնիսկ դեռ հանդիսատեսի հոգում է մնացել ու քչերն են մոռացել... Ինչ իրավունքով է գլխավոր դերակատարը ասում, որ մոռացել է արդեն ֆիլմը ու կերպարը, այսինքն ինքը չի զգացել իր դերը ու ուղղակի փողի համար է խաղացել ու արդեն իսկ մոռացել է՞»:
Նշենք, որ համացանցային օգտատերերի շրջանում նույնպես Սամվելի այս պատասասխանները լուրջ քննադատությունների և քննարկումների էին արժանացել: Ոմանք պնդում էին, որ նախագահի կողմից մրցանակի արժանանալը թույլ չի տալիս Սամվելին մեծամտանալ, որ ֆիլմում մի դեր խաղալով` չի կարելի այդքան մեծ կարծիք ունենալ սեփական անձի մասին, իսկ ոմանք էլ պաշտպանեցին դերասանին` նշելով, որ նա դեռ երիտասարդ է, սխալվելու իրավունք ունի, որ, բնականաբար, նա առաջ պետք է գնա:
Հիշեցնենք, որ «Կյանք ու կռիվ» ֆիլմը նկարահանվել է 2016 թվականին, որի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նույնպես Սերժ Սարգսյանի կողմից պետական մրցանակի է արժանացել:
Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան