Օրերս Boomnews.am կայքում տեղեկություն էր հայտնվել, ըստ որի՝ դերասանուհի Անի Երանյանի և «Ֆուլ Հաուս» սիթքոմի անձնակազմի միջև լուրջ խնդիրներ են եղել, որոնց պատճառով՝ Անին դադարեցրել է աշխատանքը նրանց հետ և այլևս չի պատրաստվում նկարահանվել այս աշնանը մեկնարկող «Ֆուլ Հաուս 2»-ում:
Asekose.am-ը կապ հաստատեց «Ֆուլ Հաուս»-ի սցենարիստ և դերասան Գրիգոր Դանիելյանի հետ՝ ճշտելու՝ որքանո՞վ է այս լուրը համապատասխանում իրականությանը:
«Այո, սպանել, մորթել ենք իրար»,- մեզ հետ զրույցում կատակեց Գրիգոր Դանիելյանը՝ շարունակելով. «Իսկ եթե լուրջ, ապա, բնականաբար, այդպիսի բան չկա: Մենք բոլորս շարունակում ենք միմյանց հետ մնալ լավ հարաբերությունների մեջ, ոչ մի խնդիր չի եղել: Ուղղակի ներկայումս Անի Երանյանը բնակվում է Մոսկվայում, որտեղ էլ այս պահի դրությամբ աշխատանքային գործունեություն է ծավալում: Անիի բացակայությունը պայմանավորված է միմիայն նրա՝ ֆիզիկապես չհասցնելու հետ: Իհարկե, մեր ողջ անձնակազմը տխրել է նրա բացակայությունից, բայց միևնույն ժամանակ մենք շատ ուրախ ենք այն բանի համար, որ Անին փորձում է իր կարիերան կառուցել Մոսկվայում»,- պարզաբանեց Գրիգորը:
Հարցին՝ արդյո՞ք սրանից կարելի է եզրակացնել, որ դերասանուհին իսկապես մասնակցություն չի ունենալու առաջիկայում մեկնարկող ամբողջովին նոր՝ «Ֆուլ Հաուս 2»-ում, Գրիգորը նշեց.
«Ամեն ինչ հնարավոր է, բայց ինչ էլ որ լինի, դա պայմանավորված կլինի միայն Անիի՝ Մոսկվայում ծավալվող գործունեությամբ»,- ասաց Գրիգոր Դանիելյանը:
Վերջինս շեշտեց, որ իր կարծիքով՝ որպես տվյալ լուրի տարածման պատճառ հիմք է հանդիսացել պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի հայտարարությունը.
«Եթե չեմ սխալվում, նմանատիպ հայտարարություն, որ Անին գուցե այլևս չնկարահանվի «Ֆուլ Հաուս»-ում, եղել է Արմենի կողմից: Բայց դա չի նշանակում, որ կոնֆլիկտ է եղել: Ասեմ ավելին, այս ինֆորմացիան անգամ հստակ չէ: Մեր նկարահանումներին դեռ շատ ժամանակ կա, ամեն ինչ կարող է փոխվել»,- հստակեցրեց Գրիգորը:
Անդրադառնալով նաև «Ֆուլ Հաուս 2»-ի սպասվելիք նկարահանումներին՝ դերասանը նշեց, որ լինելու են բոլորովին նոր տաղավարներ, պատմություններ, ինչպես նաև՝ կերպարներ.
«Բոլորովին նոր բան է լինելու, լրիվ նոր տաղավարներ, նունիսկ կերպարներ կան, որոնք այլևս չեն լինի, և հակառակը՝ կավելանան նորերը: Ինչ վերաբերում է սցենարին, ապա արդեն իսկ պատկերացում ունենք դրա մասին, սակայն որևէ բան դեռ հստակ չէ, քննարկումների մեջ ենք այս պահին: Դեռ մի քանի ամիս ունենք մեր առջև, այդ իսկ պատճառով անընդհատ նոր մտքեր են ծագում մեզ մոտ, որոնք կփորձենք հետագայում իրականություն դարձնել»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց սցենարիստ, դերասան Գրիգոր Դանիելյանը:
Հեղինակ՝ Ս. Խաչատրյան