▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5 տարվա դադարից հետո Վարդան Պետրոսյանն առաջին անգամ Երևանում բեմ կբարձրանա

 

Հոկտեմբերի 29-ին և 30-ին Երևանում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված «Քեզ համար, Ազնավուր» համերգային ծրագիրը:

 

 

 

 

 

 

 

 

 

Սա Մշակույթի նախարարության և Unity Production-ի համատեղ նախագիծն է, իսկ հեղինակներից մեկն էլ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանն է, ում խոսքով, նախապես պլանավորված համերգ էր և հուսով էին, որ Ազնավուրը պետք է ներկա լիներ, ինչպես դա եղել էր 2017-ին, երբ  հայ երգիչ-երգչուհիները ելույթ էին ունենում  նաև դահլիճում գտնվող Ազնավուրի համար:

Նոր համերգային ծրագրում նախատեսվում է  Իվետա Մուկուչյանի, Սոնա Ռուբենյանի, Մաշա Մնջոյանի, Գոռ Սուջյանի, Էրիկի և այլոց ելույթները:  Ըստ կազմակերպիչների՝ հյուրեր կլինեն նաև արտերկրից, սակայն նրանց անունները կհստակեցնեն ավելի ուշ։

Համերգի հատուկ հյուրը Վարդան Պետրոսյանն է։ Վերջինս 5 տարի Երևանում բեմ չի բարձրացել։ Տեղի հանդիսատեսին ներկայանալ պատրաստվում էր հաջորդ տարի, սակայն Ազնավուրի հիշատակի համերգը բաց թողնել չէր կարող։

Ազնավուրի երգերը կհնչեն նաև հայերեն թարգմանությամբ: Թարգմանության հեղինակը Պերճ Թուրաբյանն է:

 

 

 

«Ազնավուրի յուրահատկություններից մեկն այն է, որ նրա երկրպագուների ճնշող մեծամասնությունը չի հասկանում խոսքերը, բայց խենթանում է իր երգերի համար, օրինակ, մայրս։ Մենք մի քանի երգ կներկայացնենք նաև հայերեն։ Իր երգերի շատ թարգմանություններ կան, սակայն մի քանիսը նաև երգեցիկ են։ Այնպես, որ հանդիսատեսին սպասվում է Ազնավուրը հայերեն։ Վստահ եմ, չենք հիասթափեցնի»,-նշեց Հայկ Պետրոսյանը:

Համերգի ժամանակ ոչ միայն կկատարեն Ազնավուրի երգերը, այլև կներկայացնեն հետաքրքիր դրվագներ նրա կյանքից։ «Ինձ համար շատ կարևոր է ներկայացնել Ազնավուրին որպես մարդ, որովհետև նա օրինակ էր՝ այս կյանքում պայքարելու, ապրելու, նպատակներիդ ու երազանքներիդ հասնելու։ Չնայած այն շատ տխրությանը, որ կա իմ ու բոլորիս մեջ, այդ օրը մենք պետք է իրեն հիշենք երախտագիտությամբ և ժպիտով։ Վստահ եմ, հանդիսատեսին շատ հուզական, բայց և ուրախ համերգ է սպասվում, ինչպիսին Ազնավուրն էր»,– ընդգծեց երգիչ–դերասանը։

Կազմակերպիչներից Ալեքսանդր Մհերյանն էլ  նկատեց, որ մանրակրկիտ աշխատել են ամեն մանրուքի վրա։ Նա նաև ասաց, որ հասանելի գնային քաղաքականություն են մշակում, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան ներկա լինել միջոցառմանը։ Տոմսերի գնային սանդղակը կազմակերպիչների խոսքով ցածր է լինելու:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին