▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարգո». Իվետա Մուկուչյանի եռագրությունը` տատիկի, անձնական պատմությունների և սրտի բաբախի մասին

«Comedy club» հաղորդաշարի եթերում կայացավ երգչուհի Իվետա Մուկուչյանի եռագրության առաջին մասի պրեմիերան, որը կրում է «Մարգո» խորագիրը։ Տեսահոլովակի ինչպես առաջին հատվածը, այնպես էլ ողջ եռագրությունը նկարահանվել է Հարավային Աֆրիկայում։

Եռագրությունը ներկայացնում է Իվետա Մուկուչյանի անձնական պատմություններից հատվածներ, զգացողություններ, որոնք երգչուհու համար կարեւոր են այնքան, որ վերջինս ցանկություն է ունեցել ներկայացնելու նաեւ հանրության լայն շերտերին, իր երկրպագուներին։ «Այստեղ պատմություններ են ուժեղացող, ձեւավորվող մարդու մասին, ով թեեւ պարբերաբար մութ տեղեր է ընկել, դժվարությունների միջով ստիպված եղել անցնել, բայց հաջողել է միշտ, կարողացել է վերին մի օգնությամբ ուժերը հավաքել ու դուրս գալ յուրաքանչյուր դժվարին իրավիճակից»,- նշում է երգչուհին։

Եռագրության առաջին հատվածը վերնագրված եւ նվիրված է Իվետա Մուկուչյանի տատին` մայրիկի մորը, ով մահացել է Իվետայի ծնունդից առաջ։ Թեեւ նրանք հանդիպելու եւ շփվելու հնարավորություն չեն ունեցել, այնպիսի աննկարագրելի կապ է ստեղծվել իր եւ Իվետայի միջեւ, որ բառերով դժվար է բնութագրել։ «Նա իմ ամենահարազատ մարդն է, իմ խիղճը, ճիշտ դատողության ուժը»։

Իվետա Մուկուչյանի խոսքով` նա այս նախագծով ամենեւին ցանկություն չի ունեցել զարմացնել վոկալային տվյալներով, երաժշտական լուծումներով։ «Սա ավելի ճիշտ կլինի ասել իմ` արտիստական սրտի բաբախն է։ Ես ինձ հետագայում ավելի հանգիստ կզգամ գիտակցելով, որ այս ամենը պատմել եմ»։

Երգում միքսված է նաեւ փոքրիկ հատված, որտեղ Իվետան կատարում է Կոմիտասի «Հով արեք սարեր ջան» երգը։ «Սա գերմանացի պրոդյուսերների ցանկությունն էր, որ անձնական պատմությունը զուգադրվեր այլ երգի մի հատվածով, որն իր մաքրությամբ ու բնույթով եզակի է։ Պետք է ասեմ, որ ինձ համար այն կարծես  կատարսիս լիներ, մաքրագործում»։

Եռագրության երկրորդ եւ երրորդ հատվածները կներկայացվեն առաջիկայուն եւ կապահովեն թեմայի ակտիվ զարգացումը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին