▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բռնի, ոչ թավշյա հեղափոխություն` Համազգային թատրոնում

 

Ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վերջին օրերին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում տեղի ունեցող աղմկահարույց միջադեպերին:  Ռեժիսորը մասնավորապես գրել է.

«Թատրոն՝ թատրոնում
Հայացք ներսից
2018 թ. նոյեմբերի 9-ից սկսյալ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում ստեղծվել է լարված և անառողջ աշխատանքային մթնոլորտ: Տասը դերասան՝ Անդրանիկ Էթեմեզյանը, Նարեկ Բաղդասարյանը, Նարինե Գրիգորյանը, Ալլա Սահակյանը, Ստեփան Ղամբարյանը, Գագիկ Մադոյանը, Տաթև Ղազարյանը, Սերգեյ Թովմասյանը, Արման Նավասարդյանը, Արմինե Անդրեասյանը, երեկոյան ժամը 9-ին խնդրեցին հանդիպել թատրոնում: Իմ աշխատասենյակում անակնկալի բերեցին ինձ՝ հայտարարելով՝ «Մենք չենք ուզում աշխատել Ձեզ հետ, հենց հիմա հրաժարական տվեք Ձեր բոլոր ղեկավար պաշտոններից»: Բացակա ինը դերասանների անունից հայտարաություն են անում՝ չկարողանալով պատասխանել՝ ԻՆՉՈ՞Ւ, Ի՞ՆՉ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ իմ հարցին: Այնուհանդերձ խոստացան ավարտին հասցնել «Համլետի» փորձերը և պատվով հանձնել առաջնախաղը, սակայն դավադրաբար դրժեցին իրենց խոստումը:

 

 

 

 

«Դերասանների մի խումբ միտումնավոր ձախողում է թատրոնի վարչական և ստեղծագործական բնականոն գործընթացները, դրսևորում ակնհայտ անհարգալից վերաբերմունք… տնօրենի և գեղարվեստական ղեկավարի նկատմամբ: Առանց որևէ հիմնավորման և փաստարկների պահանջում են իմ հրաժարականը վերջնագրի լեզվով: 
Մամուլն անդրադարձել է այս խնդրին: Մասնավորաբար, նրանք տապալում են “Համլետ” ներկայացման փորձերը սկսյալ ս/թ նոյեմբերի 13-ից, այն դեպքում, երբ առաջնախաղը նախատեսված է ս/թ դեկտեմբերի 22-ին: 
Որպես թատրոնի տնօրեն մինչ օրս չեմ կիրառել խիստ վարչարարություն աշխատանքային կարգապահությունը խախտած աշխատողների նկատմամբ, դրսևորել եմ երբեմն չափից ավելի հանդուրժողականություն, ինչն իրավունք է տվել դերասաններին շարունակելու խախտել օրինականության և պատշաճության սահմանները»` սա մշակույթի նախարարի պաշտոնակատար տիկին Լիլիթ Մակունցին ուղղված իմ նամակից մի հատված է: 
Այսօր հրապարակում եմ նաև վեց դերասանի ստորագրությամբ Բացատրագրի տեքստը՝ կից պատկերն է:
«Բացատրագիր
Պ-ն Չալդրանյան, դերասանական խմբի մեծ մասը՝ շուրջ 17 հոգի դեմ են Ձեր ղեկավարելուն: Ուստի մեր՝ փորձերին չներկայանալը անհնազանդության գործողություն է: Հրաժարվեք թատրոնի ղեկավար պաշտոններից և «Համլետի» փորձերը կշարունակվեն:
«Համլետի» «Լինել, թե չլինել» հարցին կպատասխանենք այսպես՝ լինե՛լ, բայց միայն այն դեպքում, եթե դուք հրաժարվեք թատրոնը ղեկավարելուց:
Արման Նավասարդյան –ստորագրություն
Վանիկ Մկրտչյան- ստորագրություն
Դավիթ Հակոբյան – ստորագրություն
Նարեկ Բաղդասարյան – ստորագրություն
Անդրանիկ Էթեմեզյան – ստորագրություն
Ալեքսանդր Գասպարյան – ստորագրություն
14.11.18 թ.»
Հարգելի ընթերցող, Բացատրագրի տեքստը հրապարկվում է այնպես, ինչպես գրվել է, չեմ փորձում կետադրությունը շտկել:

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Լռության քողը պատռելով՝ խոսեմ փաստերով՝ գնահատականը թողնելով ընթերցողին:
Երկու տարի առաջ` 2016 թ. դեկտեմբերին, նշանակվեցի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ հստակ ծրագիր ունենալով որակական փոփոխություններ բերել թատրոն, նոր խոսք ասել, մասշտաբային ներկայացումներ բեմադրել: Հավատով մուտք գործեցի թատրոն ու առաջին իսկ պահից, դեռ գործի չլծված, հանդիպեցի թշնամանքի, սվինների, անբարյացկամության, ու դեռ այն ժամանակ դերասանների շնորհավորական ձեռքսեղմումները, բարեմաղթանքներն ու համբույրները այսօր որակում եմ հուդայական ու կեղծ: Ցավոք, հավատացել եմ:
Մեկ տարի անց՝ 2017 թ. դեկտեմբերի 12-ին մրցութային կարգով զբաղեցրի թատրոնի տնօրենի պաշտոնը:
Մեկ տարի է՝ հարաբերական անդորր է՝ թեթև ցնցումներով, ընդհատակ են անցնում՝ դարանակալ գիշատչի հոգեբանությամբ: Օրինաչափություն էր, թե պատահականություն՝ միայն վերջերս կարդացի. հարցազրույցներից մեկում Մարկ Զախարովն ասել է. “C актерами надо быть корректным и осторожным. Не поворачиваться к ним спиной. Это правило укротителей хищников. Иначе могут укусить, причем с большим удовольствием, даже если потом будут сожалеть об этом...» :Մեջբերումն անում եմ առանց թարգմանության՝ սուբյեկտիվիզմ չներմուծելու միտումով: Այս հանգամանքը երբեք հաշվի չեմ առել, քանզի լիուլի վստահել, սիրել ու հավատացել եմ Համազգայինի դերասաններին: Թատերական ինտրիգների սիրահարներն իրենց անխոհեմությամբ խարխլում են իրենց Վարպետի՝ Սոս Սարգսյանի հիմնադրած թատրոնը:
Պատեհ-անպատեհ առիթներով դերասաններից լսում եմ կամ էլ ականջիս են հասնում, որ Սոս Սարգսյանի համազգային թատրոնը իրենց՝ դերասանների սեփականությունն է, իրենց ոստանը՝ ինչ կուզեն՝ կանեն, ինչպես կուզեն՝ կանեն: Դերասաններից Կարեն Խաչատրյանը ընդհանուր ժողովում իրեն իրավունք վերապահեց թատրոնի վարչական մասի աշխատակիցներին անվանել՝ «պարազիտներ»: Սխալմամբ լռեցի: Երևի իմ բարությունը, լռությունը, հանդուրժողականությունը շփոթում են թուլության հետ: «Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում»:
Այսօր իմանում եմ, որ դերասանների ապստամբությունը ծրագրավորված է եղել դեռևս սեպտեմբերին. պլանավորած են եղել ընտրություններից անմիջապես առաջ՝ ջունգլիների օրենքներով ստիպել ինձ հրաժարական ներկայացնել թե՛ իբրև տնօրեն, թե՛ իբրև գեղարվեստական ղեկավար: Բռնի ուժով, կամայականորեն: Ահավասիկ հերթական բռնությունը մարդու ազատ կամքի վրա: 
Ըստ լուրերի՝ գեղղեկի պաշտոնը դերասանուհի Նարինե Գրիգորյանի վաղեմի երազանքն է, իսկ տնօրենի պաշտոնին հավակնում է դերասան Արման Նավասարդյանը: Աստված իրենց և իրենց ամբիցիաների հետ: Աթոռաբաղձություն, աթոռապաշտություն, շահ՝ արդյունքում՝ աթոռակռիվ: Բազմիցս կրկնել եմ և կրկնում եմ՝ ես կառչած չեմ աթոռից, ես կառչած եմ իմ արժանապատվությունից և իմ ճշմարտությունից: “Հույ-բույ”-ով հարցեր լուծելու պրակտիկան վաղ անցյալում է՝ ընդամենը մաուզերիստի, խմբապետի ապօրինի գործողություն: 
Նոյեմբերի 27-ին մշակույթի փոխնախարար տիկին Նազենի Ղարիբյանը կազմակերպեց հանդիպում իմ և տասնչորս դերասանի մասնակցությամբ. ներկա էին Վանիկ Մկրտչյանը, Սերգեյ Թովմասյանը, Կարեն Խաչատրյանը, Տաթևիկ Ղազարյանը, Արմինե Անդրեասյանը, Արման Նավասարդյանը, Ալլա Սահակյանը, Կորյուն Բուդուրյանը, Նարինե Գրիգորյանը, Ալեքսանդր Գասպարյանը, Անդրանիկ Էթեմեզյանը, Ստեփան Ղամբարյանը, Նարեկ Բաղդասարյանը, Դավիթ Հակոբյանը: Հրավիրված էր նաև փաստաբան-իրավախորհրդատու: Վերջինիս ներկայությունը խուճապի մատնեց վերոնշյալ դերասաններին. նրանց կոպիտ, հարձակողական վերաբերմունքից փաստաբանը հեռացավ. ներկա դերասանները պատճառաբանեցին՝ սա մեր ներքին խնդիրն է: Ցավոք, «ներքին խնդիրը» քիչ է մնում հատի ՀՀ պետական սահմանը:
Երկու ժամ տևած զրույցի ընթացքում հնչեցին անհիմն և անհեթեթ հայտարարություններ: 
Հույս եմ փայփայում՝ օրենքի գերակայության երկրում հարցերը լուծվում են օրենքով, հույս եմ փայփայում, որ առողջ բանականությունը, խոհեմությունը կհաղթանակեն: Կարծում եմ՝ մոլորությունից դարձի գալու ճանապարհ կա:
ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆ
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Հ.Գ. Դիմում եմ ներկայացրել՝ հրաժարվելու թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից:
28.11.2018 թ. »:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին