Մարտի 21-ին տեղի է ունենալու «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերակատարներից մեկն Արաբո Գրիգորյանն է: Սկսնակ դերասանը մեծացել է ՌԴ-ում, սակայն մեծ ցանկություն ունի որպես դերասան հանդես գալու հայրենիքում: Asekose.am-ը զրուցել է Արաբո Գրիգորյանի հետ:
Ասում էին՝ «կինոյի մեջի տղան եկավ»
Ես ծնվել եմ Մարտունիում, սակայն երկու տարեկանից տեղափոխվել ենք ՌԴ, որտեղ էլ մեծացել եմ: Բնականաբար, այնտեղ էլ կրթություն եմ ստացել, որն որևէ առնչություն չուներ արվեստի հետ: Առհասարակ, մեր տանը որևէ մեկն արվեստի հետ կապ չունի, ես առաջինն եմ: Կրթություն ստանալուց հետո տուրիստական գործակալություն հիմնեցի, սակայն ավելի ուշ սկսեցի աշխատել մեր ընտանեկան ընկերությունում, որը զբաղվում էր ճանապարհների վերանորոգմամբ: Սակայն դեռ մանկուց դերասան դառնալու ցանկություն ունեի, նույնիսկ փոքր տարիքում ինձ հաճախ ասում էին՝ «կինոյի մեջի տղան եկավ»: Կատակում էին, սակայն կատակն իրականություն դարձավ:
Հասկանում էի, որ պետք է ընտանեկան բիզնեսով զբաղվեմ
Այն կարծիքին եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով ինչ-որ բան ցանկանում է իր կյանքում, պետք է ձգտի դրան: Հակառակ դեպքում, երբ վախենում ես, որ այս կամ այն քայլն անելուց հետո քեզ մոտ չի ստացվի, միշտ էլ անջրպետի ես հանդիպում: Իմ դեպքում ոչ թե վախն էր, այլ այն տրամադրվածությունը, որ պետք է մեր ընտանեկան բիզնեսով զբաղվեմ: Մտածում էի, որ միշտ պետք է այդ ուղով էլ ընթանամ: Ավելի ուշ ինքս ինձ ասացի՝ իսկ ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ չզբաղվել այն ամենով, ինչ դու սիրում ես: Ի վերջո, եթե զբաղվես սիրելի աշխատանքով, ապա հաջողություն էլ կունենաս:
Փախչում էի ոստիկանությունից, հետո հանդիպեցի նրան…
Այնպես ստացվեց, որ 2015-ին ես ամուսնանում էի, դերասան Սարգիս Գրիգորյանն էլ և վարում, և կազմակերպում էր իմ հարսանիքը: Նրա առաջարկով պետք է նախահարսանեկան սիրո պատմություն նկարահանեինք: Դա ինձ մի փոքր տարօրինակ թվաց, մտածեցի, որ ես դեռ կխաղամ, բայց մտավախություն ունեի կնոջս համար: Նկարահանեցինք, որտեղ կար հստակ սցենար, որի համաձայն՝ ես փախչում եմ ոստիկանությունից, պատահաբար մտնում եմ տուն, որտեղ էլ հանդիպում եմ ապագա կնոջս: Այդ ամենը վճռական դեր ունեցավ, հասկացա, որ ցանկանում եմ շարունակել: Դիմեցի Սարգիսին՝ հարցնելով կարո՞ղ ենք որևէ ֆիլմ միասին նախաձեռնել: Սարգիսն էլ ուրախությամբ համաձայնեց, որովհետև մինչն այդ էլ ինքն էր հարցնում, թե ինչու չեմ նկարահանվում:
Սկզբում անլուրջ էին մոտենում, հետո հասկացան, որ այս ամենը զիլ է
Ընտանիքիս բոլոր անդամներն ինձ սատարեցին: Ինձ համար կյանքում գլխավոր հեղինակությունը հայրս է, նա ինձ ասաց, որ ես դեռ մանկուց հակված եմ եղել դրան, ըստ այդմ՝ էլ ասաց, որ եթե ցանկանում եմ, ապա ինչու պետք է չզբաղվեմ այդ գործով: Մայրս էլ էր կողմ, բոլորն ինձ իսկապես սատարեցին: Ընկերներս, կարծես թե, մի փոքր անլուրջ էին մոտենում՝ ասելով, որ ես լուրջ գործարար եմ, նրանք մտավախություն ունեին, որ ինձ կարող էին լուրջ չընկալել, բայց հետո նրանք էլ հասկացան, որ այս ամենն իսկապես զիլ է: Ի դեպ, երբ կնոջս ասացի, որ ցանկանում եմ նկարահանվել ֆիլմում, նա էլ դա որպես հումոր ընդունեց, բայց, ի վերջո, նա էլ ինձ սատարեց:
Սկզբում ամեն ինչ լավ է, ընտանիքն իր կողքին է, իսկ հետո նա մնում է միայնակ
«Ա.Կ.Ա» ֆիլմում ես գլխավոր դերակատարներից մեկն եմ, միաժամանակ, նաև համապրոդյուսերը, ինչը նույնպես հետաքրքիր է: Հավելեմ, որ այս ֆիլմը նախաձեռնել է իմ հիմնադրած «GRIARPRODUCTION»-ը: Ինչ վերաբերում է նկարահանումներին, ապա ինձ համար ամենահետաքրքիր օրերը նկարահանման առաջին օրերն էին, նախքան այդ՝ իսկապես շատ հուզվում էի՝ մտածելով, թե ինչպես պետք է խաղամ: Հենց սկսեցին նկարահանումները, կարծես թե, միանգամից ամեն ինչ իր տեղն ընկավ, իսկապես շնորհակալ եմ մեր թիմի բոլոր անդամներին,ովքեր իրենց պրոֆեսիոնալիզմով օգնեցին ինձ: Դերասաններն էլ օգնում էին իրենց էներգիտակայով և մեծ փորձով: Նրանց փորձն օգնում էր ինձ բոլոր առումներով: Բուն նկարահանումների ընթացքում փորձում էի կերպարն իմ մեջ մտցնել, նույնիսկ անձնակազմը մոտենում էր ու ասում, որ այդ կերպարն իսկապես իմ մեջ է: Փորձում էի հասկանալ կերպարս, թե նա ինչպես կմտածեր, կապրեր: Ըստ սցենարի՝ իմ կերպարը կյանքի 2 փուլ է ունենում, սկզբում ամեն ինչ լավ է, ընտանիքն իր կողքին է, իսկ հետո նա մնում է միայնակ, որևէ մեկը նրա կողքին չէ, նույնիսկ ընտանիքը նրան դեմ է դուրս գալիս: Ցանկանում եմ, որ հանդիսատեսը հասկանա, որ պետք է գնահատել այն, ինչ ունես, քանի որ երբ չես գնահատում, ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել: Ցանկանում եմ իսկապես էմոցիաներ հաղորդել մարդկանց, որպեսզի հասկանան, թե ինչպես պետք է սիրել ընտանիքը, գնահատել ընկերությունը:
Ամենաշատը սպասում եմ հորս կարծիքին
«Ա.Կ.Ա» ֆիլմից հետո հասկացա, որ պետք է շարունակեմ այս ամենով զբաղվել, թեպետ հստակ գիտեմ, որ շարունակելու եմ աշխատանքը նաև մեր ընտանեկան բիզնեսում: Ես հարգում եմ հորս աշխատանքը, չեմ կարող թողնել այդ ամենը, բայց կշարունակեմ նաև ֆիլմերով զբաղվել՝ և նկարահանել, և նախաձեռնել դրանք: Ես իսկապես սիրում եմ այս ամենը: Նախքան պրեմիերան հուզվում եմ, իսկ ամենաշատը սպասում եմ ծնողներիս կարծիքին, մասնավորապես՝ հորս խոսքին:
Հավելենք, որ «Ա.Կ.Ա» ֆիլմում նկարահանվել են Սարգիս Գրիգորյանը, Խորեն Լևոնյանը, Նարինե Պետրոսյանը, Աննա Գրիգորյանը, Աննա Դովլաթյանը և այլք:
Հեղինակ՝ Լ.Հ.