▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մրցավարներին ցմահ որակազրկել են՝ հայկական ֆուտբոլի հեղինակության վրա ստվեր գցելու համար

Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի է ունեցել  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Նիստն անդրադարձել է  ս.թ. հուլիսի 11-ին Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ինտեր» Տուրկու (Ֆինլանդիա)-«Վիկինգուր» Ֆարերյան Կղզիներ հանդիպումը սպասարկած հայաստանյան մրցավարական անձնակազմի՝ գլխավոր մրցավար Անդրանիկ Արսենյանի (Երեւան) եւ Հովհաննես Ավագյանի (Արտաշատ) կողմնակալ մրցավարության եւ խաղադրույքներ կատարելու նպատակով խաղի ելքի վրա ազդելու միտումնավոր գործողություններ կատարելու խնդրի հետ կապված հանգամանքներին:

 ՀՖՖ նախագահը գործադիր կոմիտեի անդամներին ներկայացրել է  ինչպես ՀՖՖ փորձագիտական կոմիտեի, այնպես էլ ՀՖՖ նախագահի ներկայացուցիչների կատարած մանրակրկիտ ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները: 

Գործադիր կոմիտեին ներկայացվել է, որ հիշյալ մրցավարական անձնակազմը ներգրավված է եղել պայմանավորված խաղի գործընթացում, կատարել է անթույլատրելի, պատժելի գործողություններ, որոնք ապացուցված են ինչպես ՈՒԵՖԱ-ի, այնպես էլ ՀՖՖ-ի կողմից արված բազմաթիվ ուսումնասիրություններով:

 Պայմանավորված խաղում իրենց ներգրավվածության մասին հանգամանորեն պատմել են նաեւ մրցավարներ Անդրանիկ Արսենյանը (Երեւան) եւ Հովհաննես Ավագյանը (Արտաշատ), որոնք այդ մասին գրել էին նաեւ բազմաթիվ ապացույցների ճնշման տակ: 

Նշվել է նաեւ, որ տվյալ գործընթացին մասնակցել են «Շահումյան» ֆուտզալի թիմի ղեկավար Գրիգոր Հովասափյանը եւ «Արարատ»-ի նախկին ֆուտբոլիստ Էդգար Սաֆարյանը:

 ՀՖՖ նախագահը, ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները նշել են,  որ մրցավարների նման անթույլատրելի գործողությունը ստվեր է գցում հայկական ֆուտբոլի հեղինակության վրա, եւ կարող է կասեցնել բոլոր այն ջանքերը, որ գործադրվում են ՀՖՖ-ի կողմից, որպեսզի հայկական մրցավարական անձնակազմերը մասնակցեն միջազգային հանդիպումների, կատարելագործեն իրենց գիտելիքները, ստանան բարձր կարգ, միջազգայնորեն սահմանված վարձատրություն եւ այլն:  

 Խստորեն քննադատելով կատարվածը, ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշել է  հիշյալ մրցավարներին ցմահ որակազրկել ֆուտբոլային գործունեության իրականացումից, կարգապահական վարույթ իրականացնել այս գործընթացում ընդգրկված մյուս անձանց նկատմամբ եւ կիրառել կարգապահական կանոնակարգերով պայմանավորված խաղերի հետ կապված խստագույն միջոցները.տեղեկացնում են ՀՖՖ մամլո ծառայությունից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին