«Բոլոր այն երաշխիքները, որոնք տրվել էին մեր պատվիրակությանը, թե անվտանգության առումով, թե ազատության, այդ ամենը զգացել ենք Բաքվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Ըստ նրա` ոչ ոքի համար հաճելի չէր գտնվել Բաքվում, սակայն իրենց առջև դրված խնդիրներից կարողացել են պատվով դուրս գալ: Հրաչյա Ռոստոմյանի խոսքով՝ խաղերի ընթացքում թե մրցավարության և թե մարզիկների վիճակահանության հետ կապված միտումնավոր անարդարություններ իրենք չեն տեսել:
«Միակ վիճահարույց հարցը, որ ունեցել ենք Բաքվում, կապված էր բռնցքամարտի հետ: Մրցավարությունից դժգոհ էին բոլորը՝ թե մենք, թե բելառուսցիները, թե հունգարացիները և այլք: Պատճառն այն էր, որ կանոնակարգված մրցավարություն, այդպես էլ չհասկացանք, կար, թե՝ ոչ: Պատկերացրեք, 5 մրցավարից 3-ը միավոր են տալիս հօգուտ կարմիր անկյան, 2-ը՝ հօգուտ կապույտ անկյան, և համակարգիչը ընտրում է 5 մրցավարից 3-ի քվեարկությունը: Շատ հնարավոր է, որ ընտրի կապույտ անկյան օգտին քվեարկած 2 մրցավարների ձայնը, և կարմիր անկյան օգտին քվեարկած 3 մրցավարներից մեկի ձայնը: Արդյունքում, կարմիր անկյունում խաղացող մարզիկը պարտվում է 2:1 հաշվով, ինչպես որ եղավ մեր դեպքում»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք գոհացնում է այն արդյունքը, ըստ որի՝ մեր մարզիկներից միայն մեկն է արծաթե մեդալ նվաճել, իսկ մյուսները առավելագույնը գրավել են 5-րդ հորիզոնականը, ՀԱՕԿ քարտուղարն ասաց.
«Բնականաբար մենք 5-րդ տեղով չէինք ուրախանա, եթե, ասենք լիներ Եվրոպայի առաջնությունը, որը կանցկացվեր Ֆինլանդիայում»:
Առաջին ամառային Եվրոպական խաղերի Հայաստանի պատվիրակության մամլո պատասխանատու Կարեն Գիլոյանն էլ ասաց, որ այս խաղերի արդյուքնում մի շարք մարզիկներ ստացան վարկանիշներ, ինչը հնարավորություն կտա նրանց մասնակցել Ռիո դե Ժաներոյում անցկացվելիք օլիմպիական խաղերին:
«Եթե նկատի ունենանք մի շարք հանգամանքներ, ապա մեկ արծաթ չէ, որ ունենք: Մենք պետք է համոզված լինենք, որ Ռիո դե Ժանեյրոյում շատ մրցունակ հավաքական կունենանք, մանավանդ, եթե գումարենք այն ներուժը (նկատի ունի Արթուր Ալեքսանյանին և Արսեն Ջուլֆալակյանին-խմբ), որն ունենք, սակայն այս խաղերին մեզ հետ չէինք տարել»,- ասաց նա:
Կարեն Գիլոյանի խոսքով՝ մրցաշարի ամբողջ ընթացքում մեր պատվիրակությունը եղել է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում: Նրա խոսքով՝ մեր մարզիկների հետ ցանկանում էին հարցազրույց անցկացնել անգամ ադրբեջանական լրատվամիջոցները: Կարեն Գիլոյանը նաև նշեց, որ պատվիրակության անդամները հավասարակշռված են եղել, քանի որ արտաբերած մեկ բառն անգամ կարող էր ճակատագրական լինել:
Անդրադառանալով այն խոսակցություններին, որ ճիշտը Հայաստանի չմասնակցելն էր Բաքվի խաղերին՝ Կարեն Գիլոյանն ասաց.
«Եթե Հայաստանը չմասնակցեր այս խաղերին, ապա ինչ էր տեղի ունենալու: Նախ՝ ադրբեջանցիները չէին սուլելու, եվրոպացիները չէին տեսնելու ադրբեջանցիների վերաբերմունքը, ավելին, մեր չմասնակցելու հետ կապված Ադրբեջանն ասելու էր, որ իրենք ամեն ինչ արել են և ամբողջ մեղքը Հայաստանինն է: Բացի դա, եթե չմսասնակցեինք դուրս էինք մնալու օլիմպիական ընտանիքից, և ոչ ոք մեզ չէր հասկանալու: Իսկ հիմա մենք ստիպեցինք Ադրբեջանին իր դիմակը պատռել»,- ասաց Կարեն Գիլոյանը:
Վերջում Կարեն Գիլոյանը անդրադարձավ Բաքվի խաղերում Հայաստանի մասնակցության ֆինանսավորմանը: Նրա փոխանցմամբ՝ այս խաղերին մասնակցող բոլոր եվրոպական երկրների ծախսերը հոգացել է Ադրբեջանը, իսկ Հայաստանինը՝ Գագիկ Ծառուկյանը, ով հրաժարվել է ադրբեջանական փողերից:
Հեղինակ՝ Ատոմ Գրիգորյան