▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրաքանչյուր երեխա կրթություն ստանալու իրավունք ունի. Հենրիխ Մխիթարյանի ուղերձը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ուսումնական տարվա կապակցությամբ հեռարձակված տեսահոլովակում կոչ է անում հասարակությանը՝ այս սեպտեմբերին ողջունել հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթական հաստատություններում և համայնքներում՝ ընդգծելով ներառական կրթության կարևորությունը ամենամեկուսացված և խոցելի երեխաների համար:

 
Տեսահոլովակում Մխիթարյանի՝ հունիսին կայացած հանդիպումն է մի խումբ երեխաների հետ, որոնք նրան պատմում են իրենց կրթության, երազանքների և խնդիրների մասին:
 
«Յուրաքանչյուր երեխա, անկախ իր կարողություններից, որակյալ ներառական կրթություն ստանալու իրավունք ունի»,- նշել է Մխիթարյանը: «Երեխայի կարողություններով և ոչ թե անկարողությամբ է որոշվում, թե ինչ ձեռքբերումներ նա կարող է ունենալ կյանքում»:

 
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը նշեց, որ Հայաստանը նշանակալի արդյունքների է հասել երկրում ներառական կրթությունը ընդլայնելու գործում: Այնուամենայնիվ, դեռ շատ անելիքներ կան դպրոցների, ծնողների ու համայնքների պատրաստվածությունն այս առումով բարձրացնելու հարցում: «ՅՈՒՆԻՍԵՖ-ում մենք գիտենք, որ հաշմանդամություն ունեցող երեխաները հրաշալի բաներ կարող են անել, եթե նրանց հնարավորություն ընձեռնվի: Նրանք, ինչպես բոլորը, ունեն կրթություն ստանալու նույն իրավունքը»:
 
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Սիվիլիթաս» հիմնադրամի 2013 և 2015թթ.-ին իրականացրած՝ երեխաների հանդեպ վերաբերմունքի վերաբերյալ ներկայացուցչական հարցման արդյունքների, չնայած ընդհանուր առմամբ հանդուրժողական մոտեցում կա հաշմանդամություն ունեցող երեխաներին հասարակության մեջ ներգրավելու և ընդհանուր կրթական հաստատություններում ընդգրկելու գաղափարի հանդեպ, հանդուրժողականության աստիճանը կախված է հաշմանդամության տեսակից՝ մտավոր կամ ֆիզիկական: Հարցվածների զգալի մեծամասնությունը (71 տոկոս) կարծում է, որ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխան պետք է հաճախի հատուկ դպրոց:
 
Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության ամենամեկուսացված և խոցելի խմբերից են, որոնք բազում զրկանքներից բացի, որակյալ ներառական կրթություն ստանալու հնարավորություն չունեն: 2017թ.-ի դրությամբ, ՀՀ-ում գոյություն ունեն 208 ներառական դպրոցներ, որոնց թիվն աստիճանաբար աճում է: Հատուկ դպրոցների թիվը 40-ից նվազել է 21-ի՝ հետագա պլանավորված կրճատումներով:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է ՀՀ կառավարությանը, որպեսզի յուրաքանչյուր երեխա Հայաստանում ներառվի հանրակրթական դպրոցներում վաղ մանկությունից մինչև պատանեկություն՝ կատարելով մի շարք միջամտություններ: Դրանց թվում են՝

  • հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստումը՝ ներառման պարտավորություն ստանձնելը խթանելու նպատակով,
  •  հատուկ դպրոցների վերակազմակերպումը այնպիսի կենտրոնների, որոնք կկարողանան օժանդակել հանրակրթական դպրոցներին ներառական դառնալու գործընթացում,
  • հաշմանդամություն որոշելու գործընթացի վերանայումը՝ ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգմանը համապատասխան,
  • 0-6 տարեկան երեխաների շրջանում հաշմանդամության և զարգացման հապաղումների վաղ հայտնաբերման և միջամտության համար մեխանիզմների ստեղծումը, հաշմանդամության վերաբերյալ տվյալների հավաքագրումը՝ առկա բացը լրացնելու և գրանցման առաջընթացը վերահսկելու, ինչպես նաև՝
  • Աջակցելով իրավական բարեփոխումներին և քաղաքականության մշակմանը՝ օժանդակելու հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին