▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի լավ է «գետինը մտնեի»...Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Հոկտեմբերի 5-ին՝ Հայաստան-Լեհաստան հանդիպման ավարտից հետո՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի մամուլի ասուլիսը.

 

-Պարոն Պետրոսյան,  ընդունո՞ւմ եք, որ հիմնական կազմը սխալ էր ընտրված:

-Ոչ:
-Վերջին երկու խաղերում թիմի առջև կարծես միայն հարձակման գծի առջև է դրվում մարտավարական առաջադրանք։ Նման խաղերը թեև նշանակություն չունեն, բայց կարո՞ղ են թիմին օգուտ տալ, թե՞ պետք է մոռանալ այս պարտությունը:
-Այսօրվա խաղը թիմին հաստատ չի կարող օգուտ տալ, որովհետև մենք իրոք շատ վատ խաղացինք: Ավելի լավ կլիներ, որ մենք մարտավարական սխալներ թույլ տայինք և պարտվեինք, ու այդ դեպքում մեղադրեին մարզչին, քան մենք պարզ սխալների պատճառով նման հաշվով պարտվեինք Լեհաստանին: Այս խաղը հաստատ պետք է մոռանալ: 
-Որքան էլ որ պարտությունը ցավալի է՝ պետք է առաջ նայել: Այս իրավիճակից ելքը ո՞րն է:
-Այս պահին շատ դժվար է այդ հարցին պատասխանել: Ելքի համար մենք պետք է շատ ուժեղ ներքին առաջնություն ունենանք, մեր ֆուտբոլիստները խաղան եվրոպական ավելի բարձրակարգ ակումբներում: Ելքը դա է, որը այս պահին անհնար է: Բայց ինչպես ասում են՝ հույսը վերջում է մահանում: Մնանք հույսով: 
-Խոսեցիք պարզունակ սխալներից: Կխնդրեմ մեկնաբանել Գրիգոր Մելիքսեթյանի հետ կապված դրվագը, ինչպես նաև մի քանի լավ փոխանցումներ, որոնց իրացումը չստացվեց: 
-Ես մինչև հիմա ֆուտբոլիստներին անհատապես չեմ քննարկել և այսօր էլ դրանից զերծ կմնամ: Սա ֆուտբոլ է, և հոգեբանական առումով շատ բարդ է, երբ թիմը երկրորդ րոպեին գոլ է բաց թողնում: Այնուհետև թիմը կարծես սկսեց վերականգնվել, բայց հանկարծ պարզ սխալ, ու 0-2: Հետո արդեն շատ բարդ էր վերականգնվելը: 0-3-ից հետո գոլ խփեցինք, և կարծես թե ինչ-որ շարժ նկատվեց խաղում: Իսկ չորրորդ գոլը կարելի է ասել կոտրեց մեր թիմի ողնաշարը: Միակ ելքն այն է, որ պիտի փորձենք նման տարրական սխալներ այլևս թույլ չտալ: Ամենակարևորն այն է, որ բոլոր ֆոտբոլիստները սկսկեն իրենց վրա աշխատել: Խաղից հետո մարզիչը կարող է պատասխանել լրագրողների հարցերին, դա նրա գործն է, բայց ժամանակն է, որ ֆուտբոլիստները նույնպես պատասխանատվություն վերցնեն իրենց վրա:

...Ավելի լավ է «գետինը մտնեի», քան այստեղ գայի և խոսեի: 


-Ձեր խաղալու տարիներին Լեհաստանի հավաքականը Երևանում հաղթանակ չի տարել. Մեկ ոչ-ոքի և մեկ պարտություն: Հոգեբանորեն ի՞նչ վիճակում եք գտնվում և արդյոք կարո՞ղ եք հոգեբանորեն պատրաստել տղաներին Ղազախստանի դեմ խաղին:
-Որպես մարզիչ՝ սա իմ ամենացավալի պարտությունն էր: Այլընտրանք չունենք. Պարտավոր ենք վերականգնվել և դրական արդյունքով ավարտենք այս ընտրական փուլը: 
-Նման դասավորությամբ Հայաստանի հավաքականը առաջին անգամ էր խաղում, իսկ պաշտպանությունում գործող ֆուտբոլիստներից երեքը իրենց դիրքում չէին գործում: Արդյո՞ք կար ուրիշ տարբերակներ, թե սա միակ տարբերակն էր, որը դիտարկել եք այս խաղի համար: 
-Տարբերակներ շատ կային, բայց գիտեք, որ մենք կետրոնական պաշտպանի խնդիր ունեինք: Մեր հավաքականը այն թիմը չէ, որտեղ բոլոր դիրքերում ֆուտբոլիստներ ընտրելու մի քանի տարբերակներ կան: Երբ մի դիրքից ֆուտբոլիստին հանում և ուրիշ դիրքում ես խաղացնում, նրա նախկին դիրքում է խնդիր լինում: Իմ կարծիքով՝ սա ամենաօպտիմալ կազմն էր, որը այս պահին կարող էինք ունենալ: Մինչև երեկ մենք լրիվ ուրիշ կազմ ունեինք, բայց Մարկոսի և Դաղբաշյանի հիվանդության պատճառով նորից փոխեցինք կազմը: 
-Որքան էլ ցավով ենք նշում, բայց դարպասապահների նման ընտրությամբ մենք շատ հեռուն գնալ չենք կարող: Ի՞նչ լուծում եք տեսնում:
-Ունենք վեց թիմ, և ունենք այս դարպասապահները: Եթե ուրիշ տարբերակներ ունեք և կարող եք օգնել հավաքականին՝ խնդրեմ, մեծ սիրով: 
-Կարելի՞ է այս կազմի հետ հաջորդ ընտրական փուլի համար հույսեր կապել:
-Ոչ։ Իմ կարծիքով մեր թիմին «թարմ արյուն» է պետք: Նայում եմ մեր մինչև 21 տարեկանների հավաքականին, և, ինչպես գիտեք, այնտեղ հիմնականում խաղում են Առաջին խմբի ֆուտբոլիստներ: Միակ մեր ելքը տեսնում եմ դրսից նոր ֆուտբոլիստներ բերելն է: Այս կազմով բարդ կլինի պայքարել անգամ Ազգերի Լիգայում: Ունենք շատ տաղանդավոր և երիտասարդ ֆուտբոլիստներ, բայց աճ չի նկատվում նրանց մոտ: Միգուցե բավարարվում են, որ խաղում են Բարձրագույն խմբում կամ մինչև 21 տարեկանների հավաքականում: Կարծում եմ, որ ֆուտբոլիստն է իր աճի համար պատասխանատու: Նրանք պետք է լավ խաղան, աճ գրանցեն, նոր մենք նրանց հրավիրենք հավաքական:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին