Ինչպես տեղեկանում ենք hetq.am-ից, այսօր՝ ժամը 15:42-ին, «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանին զանգահարել են ՌԴ-ում գրանցված բջջային հեռախոսահամարից (առայժմ հեռախոսահամարը չի հրապարակում, և փորձ է արվում նաեւ սեփական ուժերով պարզել, թե այն ում անունով է գրանցված) եւ սպառնացել, որ եթե նա շարունակի «քիթը խոթել» այնտեղ, որտեղ պետք չէ, ոչ միայն իր, այլեւ ընտանիքի անդամների համար շատ վատ կլինի:
Լրագրողի հարցին, թե ինչի մասին է խոսքը, սպառնացողը պատասխանում է՝ դու գիտես, թե ինչի հետ է կապված: Նա նաեւ նշում է, որ գիտի, թե որտեղ են ապրում Անիի հարազատները եւ նրանց հարցերը լուծելը իր համար ընդամենը մեկ զանգի խնդիր է: «Թե չէ, Անի ջան, կհայտնվես փոսում կամ դու, կամ քո հարազատներից մեկն ու մեկը»,- ասում է սպառնացողը: