▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իլհամ Ալիևին կհաջորդի առաջին տիկինը` Մեհրիբան Ալիևան

Սենսացիոն նորություն է ստացվել Բաքվից: Իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության քաղխորհրդի անդամ, այս քաղաքական ուժի հիմնադիրներից մեկը` Ալի Ալիրզաևը «Ենի Մուսավաթ» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ նախագահ Իլհամ Ալիևը այս տարվա հոկտեմբեր ամսին կայանալիք նախագահական ընտրություններում, հավանաբար, չի դնի իր թեկնածությունը: Սակայն սա չի նշանակում, որ երկրում մեկ ընտանիքի շրջանակում իշխանության ժառանգումը կխաթարվի: Այն դեպքում, եթե Իլհամ Ալիևը որոշի չմասնակցել ընտրություններին, երկրի ղեկավարի պաշտոնին կհավակնի նրա կինը` Մեհրիբան Ալիևան:

«Այս տարբերակը ես չեմ բացառում: Օբյեկտիվորեն պետք է ասեմ, որ այլ թեկնածու չեմ տեսնում: Ադրբեջանում առկա պայմաններում, հաշվի առնելով ընտրազանգվածի տրամադրվածությունը և այլ խնդիրները, այս տարբերակը սպասելի է»,- ասել է Ալիրզաևը: Նա ընդգծել է, որ եթե «Ենի Ադրբեջանը», որը երկրի ամենահզոր քաղաքական ուժն է, աջակցի որևէ թեկնածուի, ապա այդ թեկնածուի հաղթանակը անխուսափելի կլինի:

Պետք է նշենք, որ այս հրապարակումը կարող է լինել փորձարկման գնդակ, երկրի քաղաքական և գործարար էլիտայի կարծիքի զոմբիացման փորձ, իսկ ամենակարևորն է` միջազգային արենայում վերջին շրջանում վատ համբավ ձեռք բերած Ադրբեջանի իմիջի վերականգնման փորձ:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պաշտոնական Բաքուն տարբեր արևմտյան համակարգերի և միջազգային իրավապահ կազմակերպությունների կողմից հաճախ է ենթարկվում սուր քննադատության` կապված մարդու իրավունքների, Ռամիլ Սաֆարովի մարդկային տեսակի հերոսացման, հանրահայտ գրող Աքրամ Այլիսլիի վրա հարձակումների, հավատացյալների և ակտիվիստների հետապնդման համար:

Երկրի ներսում հասարակական բողոք է առաջանում, երկրից դուրս` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ադրբեջանական կողմի բռնած ծայրահեղ անզիջում դիրքորոշումը, մեղմ ասած, հիացմունք չի առաջացնում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող բոլոր խաղաղարար առաջարկությունների անդադար տորպեդահարումը ոչ միայն արտատարածաշրջանային «խաղացողների» մոտ զայրույթ է առաջացնում, այլ նաև ակնհայտորեն խանգարում է մի շարք նախաձեռնությունների իրականացմանը և տարածաշրջանում Արևմուտքի նախաձեռնություններին, օրինակ` հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գործընթացին, որը Անդրկովկասը կվերածի Աֆղանստանից զորքերի դուրսբերման համար հարմար թիկունքային հենակետի, և, վերջ ի վերջո, Ղարաբաղում հերթական պատերազմի բռնկումը անմիջապես սպառնում է էներգետիկական ինֆրահամակարգին, որոնց միջոցով կասպյան էներգակիրները մտնում են Թուրքիա, իսկ հետո` Եվրոպա: Եթե սրան ավելացնենք նաև այն նկատելի խնդիրները, որոնք Ալիևի նախագահության օրոք Բաքվի մոտ ծագել են Ռուսաստանի և Իրանի հետ, ապա ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ընդհանուր քաղաքական համակարգը «վերաբեռնման» կարիք ունի: Իսկ «իշխանափոխությունն» այս դեպքում կլինի այդ վերաբեռնումը:

Վրեժ Հովսեփյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին